Փայլալարաններ, միներալներ, շերտավոր կառուցվածքով ալյումասիլիկատների մեծ խումբ։ Ընդհանուր քիմիական կազմը՝ XY2_3 [(OH, F)2|Z8O10], որտեղ X=K, Na, Ca, У= Al, Mg, Fe, Z=Si, Al։ Ըստ Х-ի իոնների բնույթի փայլալարանները ստորաբաժանվում են բուն փայլարների, որտեղ X=K, Na, և փխրուն փայլալարանների, ուր X=Ca։ Դիօքտաէդրիկ փայլալարաններին են պատկանում մուսկովիտը, պարագոնիտը, գլաուկոնիտը, տրիօքտաէդրիկներին՝ ֆլոգոպիտը, բիոտիտը, լեպիդոլիտը։ Փայլալարանների յուրահատկությունը նրանց մեջ ջրի պարունակությունն է, որ տարբեր փայլալարանների մոտ անջատվում է ջերմաստիճանային տարբեր միջակայքերում։ Կարծրությունը՝ 2,5-4, խտությունը՝ 2770 կգ/մ3 (մուսկովիտ), 2200 կգ/մ3 (ֆլոգոպիտ), 3300 կգ/մ3 (բիոտիտ)։ Բոլոր փայլալարանները առաջանում են ներծին պայմաններում։ Թերթիկները ճկուն են և առաձգական։ Այդ տեսակետից արժեքավոր մուսկովիտը բյուրեղանում է գրանիտային պեգմատիներում, ֆլոգոպիտը գենետիկորեն կապված է գերհիմքային և ալկալիական ապարների զանգվածների հետ։ Հանքավայրեր կան ԽՍՀՄ-ում, արտասահմանում՝ Հնդկաստանում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Կանադայում։ Փայլալարաններին բնորոշ են բարձր էլեկտրական, ջերմային, քիմիական, մեխանիկական կայունությունը, ճկունությունը և առաձգականությունը։ Գործնական նշանակություն ունեն բոլոր փայլալարանները սակայն հատկապես՝ խոշորաբյուրեղ մուսկովիտը և ֆլոգոպիտը, որոնք արժեքավոր էլեկտրամեկուսիչ նյութ են և օգտագործվում են էլեկտրացիոն, ռադիոցիոն և ավիացիոն տեխնիկայում։ Լեպիդոլիտից պատրաստում են հատուկ օպտիկական ապակիներ։ Մանր փայլալարաններից ստանում են աղացած փայլալար, որը կիրառվում է շինարարական ցեմենտի, ռետինի արդյունաբերության մեջ, ներկերի, պլաստմասսաների արտադրության ընթացքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։