Տրուվեր, հյուսիսֆրանսիական միջնադարյան կուրտուազական պոեզիայի ներկայացուցիչները։

Ի տարբերություն տրուբադուրների, տրուվերները ոչ միայն քնարական երգերի, այլ նաև էպիկական, դրամատիկական և այլ կարգի ստեղծագործությունների հեղինակներ էին։ Տրուվերների պոեզիան չունեցավ տրուբադուրական լիրիկայի ինքնատիպությունը։ Տրուվերները ևս գլխավորապես ասպետական միջավայրի ծնունդ էին և ավատատիրական վերնախավի ճաշակի ու աշխարհայցքի արտահայտողը։

Վաղ շրջանի տրուվերների ստեղծագործություններում որոշակի է ժողովրդական բանարվեստի ազդեցությունը։ Նրանք նորովի մշակել են հին ֆրանսիական աշխատանքային երգերը, որ կատարում էին հատկապես կանայք ու աղջիկները՝ կարելու, գործելու ժամանակ։ Այդ երգերը հայտնի են շանսոն դը տուալ (ջուլհակյան երգեր) անվամբ։ Ահա երկու տուն մի նմանօրինակ անանուն երգից, որտեղ պատկերված են սիրած ասպետի մահվան բոթը ստացող աղջկա ծանր ապրումները.

Չքնաղ Դոետը պատուհանի մոտ
Գիրք էր ընթերցում, բայց սիրտը կարոտ
Դոոնին էր հիշում, քաջին կրակոտ,
Որ մարտնչում էր երկրում անծանոթ։
Վշտե՜ր ցավալի։
Կանգնեց տան առաջ թիկնապահն արի,
Արձակեց սանձը իր երիվարի,
Ընդառաջ ելավ Դոետը բարի.
Նա չէր սպասում չարաղետ լուրի։
Վշտե՜ր ցավալի...
(Թարգմ. Հենրիկ Բախչինյան)

Տրուվերների պոեզիային հատուկ են կրկնակներն ու կրկներգերը, որոնք նույնպես բխում են ժողովրդական բանարվեստից։

Հետագայում տրուվերները տրուբադուրներից որդեգրեցին կուրտուազական սիրո հայեցակարգը, ինչպես նաև պրովանսալական լիրիկայի հիմնական ժանրերը՝ կանցոն (շանսոն), տենսոն կամ ժո պարտի (վիճերգ), ալբա (օբադ), պաստորել և այլն։

Տրուվերները ստեղծեցին նաև երգերի նոր տեսակներ, որոնցից են Խաչակրած արշավանքներին նվիրված երգերը (շանսոն դը կրուազադ

Ժողովրդական երգերը մշակող վաղ շրջանի տրուվերները, դեռ չունենալով անհատական ստեղծագործության գիտակցությունը, չեն թողել իրենց անունը։ Նրանք փաստորեն ներկայացնում են ժողովրդական բանարվեստից անհատական գրականության անցման շրջափուլը[1]։

Տես նաև՝ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. Հ.Բախչինյան (2004). Դրվագներ ֆրանսիական գրականության պատմության. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ էջ 17-18.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրուվեր» հոդվածին։