Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տրուբադուր (այլ կիրառումներ)

Տրուբադուր, 11-13-րդ դարերում Ֆրանսիայի հարավում՝ Պրովանսում հանդես եկած բանաստեղծ-երգիչներ, որոնք տվյալ ժամանակի եվրոպական քաղաքակրթության առաջատարերից էին։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

11-13-րդ դարերում Ֆրանսիայում ժողովրդական պոեզիայի և եկեղեցական գրականության կողքին և դրանց ազդեցությամբ առաջ եկավ նաև գրական երրորդ հոսանքը՝ ասպետական բանաստեղծությունը։ Ծնունդ առավ անհատական քնարերգությունը, որն իր ամենավառ արտահայտությունը գտավ տրուբադուրների երգերում։ Տրուբադուրները հանդես եկան Պրովանսում։ Առաջին գրական լեզուն նորագույն ազգերի մեջ մշակվեց Պրովանսում, որը մատուցեց ինքնատիպ ու անկրկնելի քնարերգություն։

Պահպանվել են 2500-ից ավելի երգեր, որոնք վերագրվում են շուրջ 500 տրուբադուրների, որոնցից 30-ը կանայք են։ Առավել նշանավոր տրուբադուրների թիվը հասնում է չորս տասնյակի։ Այդ պոետների մեջ եղել են 4-5 արքաներ, մի քանի տասնյակ խոշոր ավատատերեր, ինչպես և ցածր խավի մարդիկ։ Սակայն տրուբադուրական պոեզիայի հիմնական օջախը ասպետական միջավայրն է։ Տրուբադուրների պոեզիայի վրա նկատելի է թե' պրվանսալական ժողովրդական բանարվեստի և թե' Արևելքի, հատկապես արաբաանդալուզյան պոեզիայի ազդեցությունը։ Այնուամենայնիվ տրուբադուրների պոեզիան խիստ ինքնատիպ է ու անհատական։

Նրանց սիրերգության մեջ արտահայտվել է սիրո կուրտուազական (պալատական, նրբակիրթ) ընկալումը։ Նրանք աստվածացնում էին սիրած կնոջը՝ Դոննային, որը, որպես օրենք, ամուսնացած կին էր։

Տրուբադուրները մեր հին գուսանների նման հորինում էին թե' երգերի տեքստերը և թե' մեղեդիները և իրենք էլ կատարում էին երաժշտական գործիքների նվագակցությամբ։ Նրանք ելնում էին մրցավեճերի, հրապարակային ելույթների։

Մեր օրեր հասած տեքստերում կան 900-ի հասնող տաղաչափական ձևեր։ Նախասիրած տաղաչափական ժանրերն էին կանցոնը (երգ), ողբը, ալբան (ցայգերգ), պաստորելը (հովվերգ), տենցոնը (վիճերգ), բալլադը (պարերգ)[1]։

Տրուբադուրական քնարերգության անկումն սկսեց 13-րդ դարի սկզբներին, հատկապես ալբիգոյան կոչված պատերազմների ժամանակ (1209 - 1229), երբ Պրովանսը նվաճեց հյուսիսֆրանսիական ավատատերերի կողից[2]։

Տես նաև՝ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. Հ.Բախչինյան (1981). Դրվագներ ֆրանսիական գրականության պատմության. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 12-13.
  2. Հ.Բախչինյան (1981). Դրվագներ ֆրանսիական գրականության պատմության. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 16.