Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տրիստան և Իզոլդա (այլ կիրառումներ

Տրիստան և Իզոլդա (գերմ.՝ Tristan und Isolde), գերմանացի երգահան Ռիխարդ Վագների օպերա երեք գործողությամբ։ Լիբրետտոյի հեղինակը նույնպես Վագներն է։ Սյուժեն հիմնված է Տրիստանի և Իզոլդայի մասին միջնադարյան ավանդապատումների և դրանց գրական մշակումների վրա։ Ստեղծագործության մտահղացումը երգահանի մոտ ձևավորվել է 1850-ական թթ. կեսերին, 1857 թվականի սեպտեմբերին պատրաստ էր տեքստը, իսկ 1859 թվականի օգոստոսին՝ պարտիտուրը։

Տրիստան և Իզոլդա
գերմ.՝ Tristan und Isolde
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԺանրԵրաժշտական դրամա
ԿոմպոզիտորՌիխարդ Վագներ
Լիբրետտոյի
հեղինակ
Ռիխարդ Վագներ
Լիբրետտոյի
լեզու
գերմաներեն
Սյուժեի աղբյուրմիջնադարյան ավանդապատումներ
Գործողությունների քանակ3 արար[1][2]
ԿերպարներTristan?, Isolde?, Marke?, Kurwenal?, Melot?, Brangäne?, A shepherd?, A steersman?, A young sailor? և Q63677539?
Ստեղծման տարեթիվ1857
Առաջնախաղի տարեթիվհունիսի 10, 1865[1][2]
Առաջնախաղի վայրՄյունխեն
Կատալոգի համար90
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Tristan und Isolde (Wagner) Վիքիպահեստում

«Տրիստանի» բեմադրությունը շարունակաբար հետաձգվում էր, այդ թվում նաև այն պատճառով, որ այս նոր ու անսովոր ստեղծագործությունը ոմանց կողմից հայտարարվեց կատարման համար անհնարին (այսպես, Վիեննայի օպերային թատրոնը հրաժարվեց դրանից 1863 թ. բազմաթիվ փորձերից հետո)։ Վերջ ի վերջո, օպերայի պրեմիերան կայացավ 1865 թ. հունիսի 10-ին Մյունխենի օպերային թատրոնում։ Առաջին ներկայացումը Բայրոյթում տեղի ունեցավ 1886 թ.։

Տրիստան և Իզոլդա խմբագրել

«Տրիստան և Իզոլդա» երաժշտական դրամայի սյուժեն վերցված է միջնադարյան ասպետական վեպից, որն առաջին անգամ բանաստեղծորեն մշակել է միննեզինգեր Գոտֆրիդ Ստրասբուրգացին։ Վագները «Տրիստանը» ստեղծել է Արթուր Շոպենհաուերի փիլիսոփայության մեծ ազդեցության տակ. այստեղից է հոռետեսության այն կիրքը, որ կրում է «Տրիստանի» գաղափարահուզական կոնցեպցիան։

«Տրիստանի» համար էսքիզներ ծառայեցին Վագների երկու ռոմանսները («Անուրջներ» և «Ջերմոցում») Մաթիլդա Վեզենդոնկի տեքստերով, որի հետ մտերմացավ Ցյուրիխում. Վագները նրան հաղորդակից էր դարձնում իր ստեղծագործական մտահղացումներին և ապրումներին։

«Տրիստանը և Իզոլդան» համարվում է Վագների երաժշտական ստեղծագործության բարձրագույն նվաճումներից մեկը, որն աչքի է ընկնում երաժշտության ճոխությամբ և արտահայտչության ուժով։ «Տրիստանը և Իզոլդայում» Վագները ներկայացնում է ողբերգական սիրո պատմություն, մի սիրո, որը մեկուսի է շրջապատող կյանքից, փափագում է «գիշերվա թագավորության» և մահվան մեջ գտնել իր հանգստությունը։ Անձկությամբ արբեցած գիշերվա մթնոլորտը, որը սիրահարներին խորասուզում է անէության մեջ, համակում է ամբողջ դրաման, որում գրեթե չկա ոչ մի բեմական գործողություն, և լոկ երաժշտության միջոցներով են բացահայտվում հերոսների տառապանքները։ Հենց այստեղ Վագներն առավելագույնս դրաման վերածել է վոկալ-սիմֆոնիկ պոեմի։ «Հարատև մեղեդու» սկզբունքը՝ հիմնված անընդմեջ, չընդհատվող հոսանքի վրա, առանց ավարտուն ձևերի, մշտական հարմոնիկ էլիպսիսներով, առավել հետևողականությամբ կիռարվել է «Տրիստանում»։ Լարված, պաճուճազարդ քրոմատիկան, անդադար մոդուլյացիաները, բազմաթիվ սեկվենցիաները, ալտերացված հարմոնյաները, երաժշտության անընդմեջ հոսունությունը, հստակ ցեզուրաների բացակայությունը՝ այս ամենը դժվարացնում է «Տրիստանի և Իզոլդայի» ունկնդրումն ամբողջությամբ, երաժշտության ամբողջ շքեղությամբ, պերճությամբ, գեղեցկությամբ հանդերձ։

Ռիմսկի-Կորսակովն այդ ոճն անվանել է «շքեղության միօրինակություն»։ «Տրիստանի» երաժշտությունը լի է կրքով, ոգևորությամբ, ստեղծում է մշտական լարվածություն և գրգռվածության զգացողություն։ Վագները, հրաժարվելով ավանդական օպերայի օրենքներից, այդ ստեղծագործությունը վեր է ածել վիթխարի չափերի հասնող սիմֆոնիայի, որը նշանավորում է երաժշտական դրամատիկական արվեստի ճգնաժամը։

«Տրիստանի» երաժշտությունը ներգործում է արտահայտչության և նորության իր ուժով։ Օպերայի նախաբանը, երկրորդ գործողության սիրո տեսարանը, երրորդ գործողության նախաբանը և Իզոլդայի մահը համարվում են 19-րդ դարի արևմտաեվրոպական երաժշտական արվեստի բարձրագույն նվաճումներից։

Ստեղծման պատմություն խմբագրել

 
Ռիխարդ Վագները 1865 թվականին:

Տրիստանի և Իզոլդայի լեգենդն ունի կելտական ծագում։ Այն հավանաբար ստեղծվել է Իռլանդիայում, ապա տարածվելով միջնադարյան Եվրոպայի բոլոր երկրներում, վայելել մեծ ժողովրդականություն` պատմվելով բազմաթիվ տարբերակներով (նրա առաջին գրական մշակումը՝ ֆրանկ-բրետոնական վեպը, վերաբերում է 12-րդ դարին)։ Դարերի ընթացքում այն հարստացվել է բանաստեղծական տարրերով, բայց գաղափարը մնացել է նույնը. սերը հաղթում է մահին։ Սակայն Վագներն այս լեգենդն այլ կերպ է մեկնաբանել։ Նա ստեղծել է մի ասք անհաղթահարելի կրքի մասին, որն ավելի ուժգին է, քան բանականությունը և պարտավորությունը, որը հեղաշրջում է բերում ավանդական գաղափարների մեջ, խզում է կապերը շրջապատող աշխարհի հետ, մարդկանց ու կյանքի հետ։ Կոմպոզիտորի մտահղացման շնորհիվ օպերան նշանավորվեց դրամատիկական արտահայտչականության, սաստիկ լարվածության և ողբերգական առատ զգացմունքների հետ միասնությամբ։ Վագները շատ էր սիրում «Տրիստան և Իզոլդա»-ն և այն համարում էր իր լավագույն ստեղծագործությունը։ Օպերայի ստեղծումն առնչվում է կոմպոզիտորի կյանքի ամենառոմանտիկ դրվագներից մեկին՝ նրա զգացմունքներին իր ընկերոջ և հովանավորի կնոջ՝ Մաթիլդա Վեզենդոնկի հանդեպ, ով, չնայած Վագների հանդեպ տածած փոխադարձ ուժգին սիրուն, կարողացավ զսպել իր զգացմունքները՝ հանուն իր ամուսնական և ընտանեկան հավատարմության։ Վագները «Տրիստան և Իզոլդա» օպերան անվանում էր ուժգին, բայց անպատասխան սիրո հուշարձան։ Լեգենդի սյուժեի համընկնումն իր կյանքի այդ դրվագին կոմպոզիտորին թույլ տվեց յուրովի մեկնաբանել այս գրական ստեղծագործությունը։ Տրիստանի և Իզոլդայի լեգենդին Վագները ծանոթացել է 1840-ական թվականներին, իսկ օպերայի ստեղծման գաղափարը ծագեց 1854 թվականի աշնանը և ամբողջությամբ զբաղեցրեց կոմպոզիտորի միտքը 1857 թվականի օգոստոսից՝ ստիպելով ընդհատել «Նիբելունգի մատանին» քառագրության ստեղծման աշխատանքները։ Տեքստը գրվեց ստեղծագործական մեկ պոռթկումով, երեք շաբաթում, իսկ արդեն հոկտեմբերից սկսեց աշխատել երաժշտության վրա։ Այժմ արդեն աշխատանքն ընթանում էր խոշոր ընդմիջումներով, և օպերան ավարտվեց 1859 թվականին։ Պրեմիերան կայացավ 1865 թվականի հունիսի 10-ին՝ Մյունխենում։

Սյուժե խմբագրել

 
Տրիստանը և Իզոլդան խմում են սիրո կախարդական ըմպելիքը (նկարիչ՝ Ջոն Վիլիամ Վոթըրհաուս):

Երկար ժամանակից ի վեր Կորնուելսի թագավոր Մարկը տարեկան տուրք էր տալիս Իռլանդիային։ Բայց եկավ մի օր, երբ իռլանդացիները տուրքի փոխարեն ստացան իրենց լավագույն ռազմիկի՝ Մորոլդի գլուխը, որին մենամարտում սպանել էր Մարկ թագավորի ազգական Տրիստանը (ի դեպ, այս անունը կազմված է ֆրանսերեն triste բառից, որ նշանակում է տխուր)։ Սպանվածի հարսնացուն՝ Իզոլդան, երդվում է հավերժ ատել մենամարտի հաղթողին։ Մի անգամ ծովն Իռլանդիայի ափ է նետում մի մակույկ, որի մեջ մահացու վիրավորված մի ռազմիկ կար, և Իզոլդան, որ մորից սովորել էր բժշկության արվեստը, սկսում է նրան բուժել կախարդական բույսերով։ Բուժվելով, ասպետը ներկայացավ որպես Տանտրիս, սակայն նրա սուրը բացեց գաղտնիքը. դրա վրա կոտրված մի հատված կար, որի չափը և ձևը լիովին համապատասխանում էին ավելի վաղ Մորոլդի գլխում հայտնաբերված բեկորին։ Իզոլդան սուրը դնում է թշնամու գլխին, սակայն վիրավորի աղերսող հայացքը կանգնեցնում է նրան։ Հանկարծ Իզոլդան զգում է, որ համակվել է Տրիստանի հանդեպ սիրով։ Լիովին ապաքինվելով, Տրիստանը հեռանում է Իռլանդիայից, բայց շուտով նա վերադառնում է մի շքեղ նավով՝ Իզոլդային տանելու կնության՝ Մարկ թագավորին, որպեսզի վերջ դրվի երկու պետությունների միջև թշնամությանը։ Ենթարկվելով ծնողների կամքին, Իզոլդան համաձայնում է, և ահա, նրանք լողում են դեպի Կորնուելս։ Իզոլդան, վիրավորվելով Տրիստանի սառը վերաբերմունքից, սկսում է նրան ծաղրել։ Բայց, չկարողանալով երիտասարդին հանել հոգեկան հավասարակշռությունից, որոշում է մեռնել նրա հետ միասին. նա առաջարկում է Տրիստանին՝ միասին խմել մահվան գավաթից։ Սակայն հավատարիմ Բրանգենան, ցանկանալով փրկել իր տիրուհուն, մահվան ըմպելիքի փոխարեն գավաթի մեջ լցնում է սիրո ըմպելիքը։ Տրիստանն ու Իզոլդան խմում են միևնույն գավաթից, և անհաղթահարելի ու խելակորույս սերը համակում է երկուսին էլ։ Շուտով, նավաստիների զվարթ կանչերի ուղեկցությամբ, նավը խարիսխ է նետում Կորնուելսի ափին, որտեղ Մարկ թագավորը վաղուց սպասում էր իր հարսնացուին։ Գիշերվա քողի տակ, Իզոլդայի պալատի առջև փռված այգում գաղտնորեն հանդիպում են սիրահարները։ Մի օր էլ Տրիստանն ուշանում է որսի պատճառով. մոտակայքում հնչում են արքայական շքախմբի շեփորները, և Բրանգենան հապաղում է տալ պայմանական նշանը, այսինքն՝ հանգցնել ջահը։ Նա Իզոլդային զգուշացնում է, որ Մելոտը հետևում է իրենց, բայց Իզոլդան կասկածներ չունի. նրա աչքում Մելոտը Տրիստանի հավատարիմ ընկերն է։ Եվ այլևս չկարողանալով համբերել, Իզոլդան ինքն է հանգցնում ջահը։ Հայտնվում է Տրիստանը, և գիշերվա խավարում հնչում է սիրահարների սիրո կրքոտ խոստովանությունը։ Նրանք փառաբանում են մութն ու մահը, որտեղ չկան ցերեկն իշխող սուտն ու խաբեությունը։ Միայն գիշերն է վերջ բերում իրենց առանձնությանը և միայն մահը կարող է իրենց միացնել հավերժորեն։ Հանկարծ հայտնվում են Մարկ թագավորը և պալատականները։ Նրանց դեպի այդտեղ էր առաջնորդել Մելոտը, որ վաղուց տառապում էր Իզոլդայի հանդեպ սիրուց։ Արքան ցնցված է Տրիստանի դավաճանությունից, որին սիրում էր որդու պես։ Բայց վրեժխնդրության զգացումը խորթ է իրեն։ Տրիստանը քնքշորեն հրաժեշտ է տալիս Իզոլդային։ Նա աղջկան կանչում է իր հետ դեպի մահվան հեռավոր ու չքնաղ երկիրը։ Զայրացած Մելոտը դուրս է քաշում սուրը, և ծանր վիրավորված Տրիստանն ընկնում է իր ծառա Կուրվենալի ձեռքերի վրա։

Հավատարիմ Կուրվենալը Տրիստանին տանում է Բրետան՝ նրա պապենական Կարեոլ ամրոցը։ Տեսնելով, որ ասպետը գիտակցության չի գալիս, նա ղեկակալի հետ լուր է ուղարկում Իզոլդային։ Եվ այժմ, Տրիստանի համար մահճակալ պատրաստելով այգում՝ ամրոցի դարպասների մոտ, Կուրվենալը անհամբերությամբ դիտում է անծայրածիր ծովի հեռուները՝ տեսնելու համար, թե չի՞ երևում արդյոք Իզոլդային բերող նավը։ Հեռվից հնչում է հովվի տխուր նվագը. նա նույնպես սպասում է իր տիրոջ ցավին դարմանող աղջկան։ Ծանոթ եղանակը Տրիստանին ստիպում է բացել աչքերը։ Նա դժվարությամբ հիշում է ամբողջ կատարվածը։ Նրա հոգին թափառում է հեռուներում, երանավետ այն երկրում, ուր չկա արև, սակայն Իզոլդան դեռևս գտնվում է ցերեկվա լույսի թագավորությունում և մահվան դռները փակվել են Տրիստանի առջև, և բացվել է հույսի դուռը. Տրիստանը տեսնելու է իր սիրեցյալին։ Զառանցանքի մեջ Տրիստանը տեսնում է մոտեցող նավը, բայց հովվի տխուր մեղեդին նրան վերադարձնում է իրականություն։ Նա տարվում է տխուր հիշողություններով հոր մասին, որ զոհվել էր՝ այդպես էլ չտեսնելով որդուն, մոր մասին, որ մահացել էր իր ծնվելու ժամանակ, հիշում է Իզոլդայի հետ առաջին հանդիպումը, թե ինչպես այն ժամանակ այսօրվա պես ինքը մեռնում էր ծանր վերքից, և սիրո ըմպելիքը, որ մատնեցի իրեն հավերժական տառապանքի։ Տենդը հյուծում է Տրիստանի ուժերը։ Եվ կրկին նրան տեսիլքի մեջ երևում է մոտեցող նավը։ Բայց այս անգամ դա տեսողական խաբկանք չէր. հովիվը զվարթ նվագով ազդարարում է ուրախալի լուրը, իսկ Կուրվենալը շտապում է դեպի ծովը։ Մենակ մնալով, Տրիստանը հուզմունքից շուռ ու մուռ է գալիս անկողնում՝ քանդելով վիրակապը։ Երերալով նա ընդառաջ է գնում Իզոլդային, ընկնում է նրա գիրկը և մեռնում։ Այդ ժամանակ հովիվն ազդարարում է երկրորդ նավի մոտենալը, որով գալիս էր Մարկը՝ Մելոտի և զինվորների հետ։ Լսվում է Բրանգենայի ձայնը, որ կանչում էր Իզոլդային։ Կուրվենալը, սուրը ձեռքին, նետվում է դեպի դարպասները։ Մելոտն ընկնում է նրա հարվածից։ Սակայն ուժերը խիստ անհավասար են. մահացու վիրավորված Կուրվենալը մեռնում է Տրիստանի ոտքերի մոտ։ Մարկ թագավորը ցնցված է. Բրանգենան նրան բացում է սիրո ըմպելիքի գաղտնիքը, և արքան շտապում է Իզոլդայի ետևից, որպեսզի հավերժորեն նրան միացնի Տրիստանի հետ, բայց իր շուրջն ամենուր միայն մահ է տեսնում։ Քստմնելով տեղի ունեցածից, Իզոլդան հայացքը հառում է Տրիստանի մարմնին. լսվում է, թե ինչպես նվաղուն ձայնով նա կանչում է իր սիրելիին և այդպես՝ սիրելիի անունը շուրթերին՝ ընկնում մեռած։

Երաժշտությունը խմբագրել

 
«Տրիստան և Իզոլդա» օպերայի բնագիր ձեռագրից մեկ էջ:

«Տրիստան և Իզոլդա»-ն վագներյան օպերաներից ամենաինքնատիպն է։ Նրանում քիչ են արտաքին գործողությունները, բեմի վրա կատարվող անցուդարձը, այլ ամբողջ ուշադրությունը կենտրոնացվում է փորձությունների ենթարկվող երկու կերպարների վրա՝ ցույց տալու համար նրանց անտանելի, ողբերգական ապրումները։ Երաժշտությունը, որ հագեցած է զգացմունքայնությամբ ու տառապանքով, կարծես հորդում է չընդհատվող հոսքով, չի բաժանվում առանձին դրվագների։ Անչափ մեծ է նվագախմբի հոգեբանական դերը, քանզի կերպարների հոգեկան ապրումները բացահայտելու գործում պակաս կարևոր չէ, քան վոկալ բաժինները։ Օպերայի ամբողջ տրամադրությունը որոշվում է նվագախմբի մուտքերով. այստեղ շարունակաբար միմյանց են հաջորդում կարճ մոտիվները՝ երբեմն տխուր, երբեմն խանդավառ, միշտ լարված, կրակոտ, ոչ մի տեղ հանգիստ չառնող։ Նվագախմբի մուտքերն անմիջական են և իսկույն մտնում են երաժշտության հունի մեջ հենց առաջին արարից։ Այդ մուտքերի մոտիվները թափանցում են նվագախմբային կառուցվածքի մեջ առաջին գործողությունում՝ բացահայտելով Տրիստանի և Իզոլդայի հոգեկան վիճակները։ Նրանց հակադրվում են վոկալ դրվագները՝ ծառայելով իրբև ֆոն հոգեբանական դրամայի։ Այդպիսին է առաջին գործողությունը բացող երիտասարդ նավաստու երգը («Նայում եմ մայրամուտին»), որ հնչում է հեռվից՝ առանց նվագակցության։ Աշխույժ է, առնական ու հեգնական Կուրվենալի «Դե ուրեմն ասա Իզոլդային» երգը, որ տարրալուծվում է երգչախմբի կատարման մեջ։ Հերոսուհու գլխավոր բնութագիրն ամփոփվում է նրա երկար պատմության մեջ՝ «Ծովի ալիքներով լողում է նավակը դեպի իռլանդական խութերը». այստեղ տիրում է անհանգիստ ու կարկամ տրամադրություն։ Նման տրամադրություն է նկատելի նաև Տրիստանի և Իզոլդայի «Եվ ի՞նչ եք դուք հրամայում» երկխոսության սկզբում, որի վերջում արդեն ի հայտ է գալիս սիրո խանդավառությունը։

Երկրորդ արարում հիմնական տեղը գրավում է Տրիստնի և Իզոլդայի հիասքանչ սիրային զուգերգը, որ շրջանակվում է Բրանգենայի ու Մարկ թագավորի հետ տեսարաններով։ Նվագախմբի մուտքը հաղորդում է Իզոլդայի՝ անհամբերությունից ծագող հուզմունքը։ Նույն տրամադրությունն իշխում է նաև Իզոլդայի ու Բրանդենայի երկխոսության մեջ, որն ուղեկցվում է հեռվից լսվող որսի կանչերով։ Տրիստանի հետ տեսարանը հագեցած է հակադիր ապրումներով. սկզբում նրան պատմում է իր մեծ ուրախության մասին՝ երկար սպասված հանդիպման առիթով, ապա հիշում է բաժանման պատճառով իր տառապանքները, անեծքը՝ ցերեկվան ու լույսին։ Զուգերգի կենտրոնական դրվագը գիշերն ու մութը փառաբանող ընդարձակ, դանդաղ ու զգացմունքային մեղեդիներն են. առաջինը «Տարածվիր երկրի վրա, սիրո գիշեր» խոսքերով սկսվող երգն է՝ ճկուն ու ազատ ռիթմով և լարված, հնչեղ ու անկայուն մեղեդիով։ Դրան լրացնում է Բրանգենայի կոչը, որով զգուշացնում է վտանգի մասին։ Սրանում Վագները վերականգնում է միջնադարում տրուբադուրների «առաավոտյան երգերի» սիրված կառուցվածքը։ Վագների լավագույն մեղեդիներից մեկը «Ուստի կմեռնենք, որ հավերժ ապրենք» գունեղ, անվերջ զարգացող երգն է, որը հասցնում է կուլմինացիոն ավարտին։ Ամփոփիչ տեսարանում հնչում է Մարկ թագավորի տխուր, ազնվորեն զուսպ բողոքը և Տրիստանի ու Իզոլդայի հրաժեշտը՝ «Հեռու այն երկրում չկա արև երկնքում», որտեղ հնչում են նրանց սիրային զուգերգի արձագանքները։

Երրորդ արարը շրջանակված է երկու մենախոսությունների մեջ. սկզբում վիրավոր Տրիստանի երգն է, վերջում՝ մեռնող Իզոլդայի։ Նվագախմբի մուտքի մեջ, որում օգտագործված է Մաթիլդա Վեզենդոնկի խոսքերով գրված մի ռոմանսի մեղեդին, մարմնավորված է Տրիստանի ամբողջ վիշտն ու կարոտը։ Ինչպես և առաջին արարում, հերոսների հոգեկան խոր ապրումներն արտահայտվում են առավել պարզ երգային դրվագներում։ Այդպիսին է գործողությունը բացող և բազմիցս Տրիստանի մենախոսության ընթացքում վերադարձող անգլիական եղջերափողի (հովվի սրնգի) այդ տխուր նվագը, այդպիսին են նաև Կուրվենալի աշխույժ խոսքերը, որոնք ուղեկցվում են նվագախմբի քայլերգանման կատարումներով։ Դրանց հակադրվում են Տրիստանի կարճ ռեպլիկները` ասես ակամա արտաբերվելով։ Իսկ հերոսի մեծ մենախոսությունը կառուցված է տրամադրության կտրուկ փոփոխությունների վրա։ Այն սկսվում է «Այդպե՞ս եք կարծում։ Ես շատ լավ գիտեմ, բայց թե ինչ՝ դու իմանալ չես կարող» տխուր արտահայտությամբ, որի մեջ հնչում են Իզոլդայի հետ հրաժեշտի մեղեդու արձագանքները՝ երկրորդ գործողությունից։ Հետզհետե դրամատիզմն աճում է, Տրիստանի խոսքերում հնչում է հուսահատություն, և հանկարծ դրան փոխարինում է ուրախությունը, հրճվագին ցնծությունը և դարձյալ՝ անհուսալի կարոտը։ Ապա հաջորդում են լուսավոր քնարական մեղեդիները։ Որպես գործողության դրամատուրգիական շրջադարձ՝ ծառայում է անգլիական եղջերափողի նվագը։ Տրիստանի մահվան պահին կրկին հնչում է սիրո տառապանքի թեման, որով սկսվել էր օպերան։ Իզոլդայի արտահայտիչ բողոքը («Ես այստեղ եմ, այստեղ եմ, սիրելի բարեկամ») լի է դրամատիկ բացականչություններով. այն նախապատրաստում է ամփոփիչ տեսարանին՝ Իզոլդայի մահվանը։ Նրանում լայնորեն ու ազատորեն զարգանում է երկրորդ գործողության սիրային զուգերգի մեղեդին։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

"100 Опер", издательство "Музыка", Ленинград, 1973.