Տիրատուր Կիլիկեցի, ծննդյան և մահվան թվականներն անհայտ են, XIV դարի հայ մանկավարժ, րաբունապետ, գրիչ և մանրանկարիչ։

Տիրատուր Կիլիկեցի
Ծնվել էանհայտ
ԾննդավայրԿիլիկիայի Հայկական Թագավորություն
Մահացել էանհայտ
ԿրթությունԳլաձորի համալսարան
Մասնագիտություննկարիչ

Պատկանում է այն անձանց թվին (Մատթեոս Մլիճեցի, Պողոս Ակնեցի, Վարդան Կիլիկեցի և այլք), որոնք Կիլիկիայից անցել են Գլաձորի համալսարան կատարելագործվելու։ Տիրատուր Կիլիկեցու անունն առաջին անգամ հիշատակվում է իր իսկ ընդօրինակած (հավանաբար ուսումնառության տարիներին) 1309 թվականի ձեռագիր հիշատակարանում՝ գրված «ի մեծ դպրատանս Գալիձոր» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ․ № 3393), վերջին անգամ՝ 1349 թվականին Հերմոնի վանքում գրված մի ձեռագրի հիշատակարանում։ Տիրատուր Կիլիկեցին աշխատել է Եսայի Նչեցու հետ, որի մահից հետո գլխավորել է Գլաձորի համալսարանը, ապա՝ Վայոց ձորի Հերմոնի վանքի բարձրագույն դպրոցը։ ժամանակակիցները նրան կոչել են «մեծ վարժապետ», «մեծ և երիցս երանեալ հռետոր»։ 1309 թվականի ձեռագիր Ավետարանը գրված է թղթի վրա, ունի 263 էջ, գրչությունը բոլորգիր է։ Ավետարանում չկան տերունական նկարներ ու խորաններ, պահպանվել են չորս Ավետարանիչների պատկերները, շքեղազարդ չորս անվանաթերթ և բազմաթիվ լուսանցազարդեր։ Տիրատուր Կիլիկեցին հավատարիմ է մնացել Կիլիկյան մանրանկարչության դպրոցի ավանդներին, միաժամանակ Ավետարանի նկարազարդումը աղերսներ ունի Մոմիկի և Թորոս Տարոնացու ստեղծագործությունների հետ։

Գրականություն խմբագրել

  • Խաչիկյան Լ․, ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, Ե․, 1950, էջ 60, 294, 303-304, 378։
  • Հայկական մանրանկարչության Գլաձորի դպրոցը, Ե․, 1971, էշ 83–86։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 17