Տիպոգրաֆիկա (հուն․՝ τύπος բառից, մատնահետք + հուն․՝ γράφω գրում եմ), հավաքած տեքստով ձևավորման արվեստ[1], որը հիմնված է ձևավորման որոշակի հստակ կանոնների վրա։ Տիպոգրաֆիկան մի կողմից գրաֆիկական դիզայնի ճյուղերից մեկն է, մյուս կողմից` խիստ կանոնների համադրություն, որոնք որոշում են օգտագործվող տառատեսակները` տեքստն ընթերցողին առավել հասկանալի դարձնելու նպատակով[2]։

Էմիլ Ռուդերի «Typographie» գրքի շապիկը

Պատմություն խմբագրել

Վերջին գիտական տվյալներն ասում են, որ հախճապակուց տեքստերի հավաքման առաջին ձևերն օգտագործվել են մոտավորապես 1000 տարի առաջ, Չինաստանում (1040 թվական)։ Չնայած այդ նյութի ոչ դիմացկունությանը, մինչև 13-րդ դարը որևէ այլ տեխնոլոգիա չի կիրառվել[3]։ Սակայն տիպոգրաֆիկայի ծաղկումը որպես գործունեության առանձին ճյուղ սկսվել է Եվրոպայում, որտեղ այն հայտնվել է 15-րդ դարի կեսին։ Դրա տարածմանը նպաստել են լատինական տառատեսակի թեթևությունն ու համեմատաբար քիչ սիմվոլների թիվը, ի տարբերություն չինական հիերոգլիֆների։ Եվրոպական տիպոգրաֆիկայով առաջինը լրջորեն սկսել է զբաղվել գերմանացի գյուտարար և ոսկերիչ Յոհան Գուտենբերգը (1397-1468)։ 1440 թվականին նա հավաքել է տառերի կապարե ձև և աշխարհին նվիրել է առաջին տպագրական սարքը։ Դրանից հետո գրքեր ստեղծելն առավել հեշտ է դարձել, դրանց գինն իջել է, իսկ քանակությունն` աճել։ 14 տարի անց հրապարակվել է առաջին տպագրված գիրքը։ Դա եղել է գոթական տառատեսակով հավաքված Աստվածաշունչ. այս տառատեսակն առավել համապատասխան էր այդ ժամանակների ձեռագրին, ծանոթ ու հարմար էր ընթերցողներին[4]։

Տիպոգրաֆիկայի զարգացում խմբագրել

Տպագիր էջի գրագետ ձևավորումը միշտ գնահատվել է։ Եվ արդեն 15-րդ դարի կեսերից սկսում են ծնվել տիպոգրաֆիկայի առաջին սկզբունքները. Եվրոպայում տեքստերի տառատեսակի համար օգտագործվում էր դյուրընթեռնելի անտիկվա։ Հռոմեական խոյակներին և փոքր ձեռագրերին նայելով` ֆրանսիացի փորագրիչ Նիկոլյա Ժանսոնը (1420-1480) հատում է առաջին անտիկվան։ Տիպոգրաֆիկայի սկզբունքներից են ինտերլինյաժի (միջտողային հեռավորության) հավասարությունը և տեքստի ընդգծման և կառուցման ժամանակ պարբերության ազատ տարածություն թողնելը։ 1494 թվականին վենետիկցի տիպոգրաֆ և հրատարակիչ Ալդ Մանուցին հրատարակել է ազատ տարածություններով, ընթերցողի աչքին հարմար առաջին գիրքը[5]։ Իսկ արդեն 16-րդ դարի սկզբին սկսում է օգտագործվել շեղատառը։ Այդ ժամանակ արդեն հրատարակիչներն սկսում են ավելի հաճախ փորձարկումներ անել տեքստի ու ձևավորման հետ` ավելի հեռանալով ձեռագրին մոտ տառատեսակից։ Շրջանառության մեջ են մտնում հնարած ձևավորումները, զարդանախշերն ու դեկորները։ 17-րդ դարում տիպոգրաֆիկան սկսում է փոխվել` նախընտրությունը տալով գրքերի հեշտ ընթերցանությանը, փորձելով հրատարակվող գրքերը մշակել հանրության լայն շրջանակների համար։ Սրա հետ են կապված չափերի փոքրացումը, տառատեսակների փոփոխությունները պահպանելով` տպվածքի հստակությանն ուշադրություն դարձնելը։ Այս ժամանակահատվածում էլ ի հայտ է գալիս «Արքայական անտիկվա» տառատեսակը, որն առավել շատ է տարբերվում մինչ այդ գոյություն ունեցած տառատեսակներից։ 18-րդ դարի կեսերին առաջին անգամ ի հայտ են գալիս տառատեսակի չափսերի համակարգման և տառատեսակի օրինակների տպագրության փորձեր[4]։ Այստեղ հատուկ դեր է ունեցել անգլիացի Ջոն Բասկերվիլի (1706—1775 гг.) աշխատանքը, ով հրաժարվել է գրքերի զարդարանքներից` հօգուտ միայն տառատեսակով ձևավորված «մաքուր» տիպոգրաֆիկայի[5]։ Տիպոգրաֆիկան արագ է փոփոխվում. ժամանակի ընթացքում նախշավոր ձևավորմանը փոխարինելու է գալիս երկրաչափական ճշգրտությունը, երևում է թղթի ազատ տարածության համադրության նշանակությունը, ծնվում են նոր երանգային ու կոնտրաստային տառատեսակներ[2]։ Տիպոգրաֆիկան գիտության շարքում ներկայացնելու փորձ է արել ֆրանսիացի փորագրիչ Պիեռ Ֆուրնեն (1712-1768), ով տպագրել է «Տիպոգրաֆիկայի ձեռնարկ» աշխատությունը (1773)` ներկայացնելով տառատեսակի կեգելի որոշման սեփական համակարգը։ Դրա համար նա առաջարկում է օգտագործել վերելքներ և կետեր։ Իսկ Ֆրանսուա Դիդոն, 72 կետը նույնացնելով մեկ դյույմի հետ, նշել է չափման ժամանակակից համակարգի սկզբունքները[3]։

Քննադատություն խմբագրել

Տիպոգրաֆիկայում ընդհանուր մոտեցումներ չկան։ Ոմանք այն գիտություն են համարում, մյուսները` արվեստ, երրորդները` վարպետություն, իսկ չորրորդները` փիլիսոփայություն[6]։ Սակայն վեճի առարկան միայն սա չէ։ Ժամանակակից դիզայներները տարբերվող կարծիքներ ունեն նաև տեքստի ձևավորման հարցում. ոմանք կողմնակից են ժամանակակից միտումներին, հեշտորեն փորձարկումներ են անում ձևի և չափերի հետ։ Ուրիշները կողմնակից են ավանդական մոտեցումներին, նախընտրում են դասական, ժամանակով ստուգված տառատեսակները։ Երրորդները կարծում են, որ այս ամենը կարելի է միավորել և ստեղծել սկզբունքորեն նոր մի բան, որն ավելի հարմար կլինի հիմնական սպառողի` ընթերցողի համար։ Հենց այս մասնագիտական վեճերի ու քննարկումների շնորհիվ է, որ տիպոգրաֆիկան չի մնում տեղում, այլ մշտապես զարգանում է որպես ինքնաբավ գործունեություն, անկախ նրանից, թե որ ոլորտին է վերաբերում[7]։

Տիպոգրաֆիկան ժամանակակից համատեքստում խմբագրել

19-րդ դարում սկսված արդյունաբերական հեղաշրջման հետ ծնվում է նաև գովազդի շուկան։ Եվ ժամանակի ընթացքում առևտրականները գալիս են այն եզրակացության, որ ապրանքը վաճառելու համար այն պետք է ունենա իր տարբերակիչ առանձնահատկությունները։ Նրանց օգնության են գալիս տառատեսակ ստեղծողները։ Մրցակցությանը դիմանալու համար նրանք սկսում են նորանոր տառատեսակներ ստեղծել` այս կամ այն ապրանքն ընդգծելու համար։ Փորձերի ու սխալների մեթոդով նրանք բացահայտում էին, որ մեծ վերնագրի համ ցուցանակի համար հատուկ փորագրություններ պետք չեն։ Այդպես ի հայտ է եկել գրոտեսկը, իսկ փորագրություններն անցել են զարդանախշերի շարքը։ 20-րդ դարի կոնստրուկտիվիստները, ընդհակառակը, որոշում են հրաժարվել պատկերազարդված տառատեսակներից ու դիմում են մինիմալիզմին. տառերը մոտենում էին երկրաչափական պատկերներին։ Դա նշանակալի կերպով հեշտացնում է տեքստի ընթերցումն ու հանրության ուշադրությունն առավելապես կենտրոնացնում նյութի իմաստի, ոչ թե` ձևի վրա։ Շուտով հայտնվում են այնպիսի տառատեսակներ, ինչպիսիք են Ֆուտուրան, այնուհետև` Սանսը, որի ոճով են ձևավորված Լոնդոնի երկաթգծային ճանապարհի առաջին քարտեզները։ 1957 թվականին շնորհիվ շվեյցարացի Մաքս Միդենգերի (1910-1980) ի հայտ է գալիս մինչև օրս օգտագործվող և ամենահայտնի տառատեսակներից մեկը` Հելվետիկը։ Յուրաքանչյուր ժամակաշրջան բնորոշվել է տիպոգրաֆիկայի վրա ունեցախ իր որոշակի ազդեցությամբ, որոնք եղել են տվյալ ժամանակի պահանջով[2]։ Այսօր, համակարգիչների ժամանակաշրջանում, երբ տեղեկատվության հիմնական զանգվածը փոխանցվում է համացանցի միջոցով, դիզայներները ձգտում են տեքստի թեթևության և կոկիկության` ընտրելով առավել պարզ ու ընթեռնելի տառատեսակներ։ Դրա համար տեքստը ձևավորվում է որպես մեկ ամբողջություն, ընտրվում է առավել հարմար տառատեսակ, որոշվում է տարածության ձևավորման կոնցեպցիան։ Խոսելով կայքերի դիզայնի մասին` պետք է հաշվի առնել մի բան. որքան ավելի պարզ է գրված տեքստը, որքան ավելի գրագետ ու ռացիոնալ է այն տեղադրված, այնքան ավելի մեծ են հաջողության հասնելու` կայքի հնարավորությունները, քանի որ «անիմաստ են տիպոգրաֆի ջանքերը, եթե գրվածքը հնարավոր չէ կարդալ»։ Հակառակ դեպքում այն կդառնա քիչ հետաքրքիր, և այցելուն կփակի էջը` այդպես էլ որևէ նոր բան իր համար չգտնելով[8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հենց այսպես են տիպոգրաֆիկայի արվեստը բնորոշում տարբեր հետազոտողներ, սկսած Սթենլի Մորիսոնից։ Տե՛ս` Stanley Morison. First Principles of Typography. — Macmillan, 1936. — P. 1.
    Максим Жуков. Типографика Эмиля Рудера // Эмиль Рудер. Типографика: руководство по оформлению. — М. : Книга, 1982. — С. 277.
    Александра Королькова. Живая типографика. — М. : IndexMarket, 2010. — С. 8.
    Иннокентий Келейников. Дизайн книги: от слов к делу. — М. : Рип-Холдинг, 2012. — С. 14.
    : Միևնույն ժամանակ, ամենաազդեցիկ տիպոգրաֆներից մեկը` Յան Չիհոլդը, գրել է. «Կատարյալ տիպոգրաֆիկան ավելի շուտ գիտություն է, քան թե արվեստ»։ Տե՛ս` Как глина в руках гончара… // Ян Чихольд. Облик книги: избранные статьи о книжном оформлении. — М.: Книга, 1980. — С. 11—16.
  2. 2,0 2,1 2,2 «Типографика, история и задачи». www.fotokomok.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 «Типографика: история тысячелетнего развития. | Web-дизайн форум на Galior-Market.ru». galior-market.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. 4,0 4,1 «Типографика | История типографики». typography.bezugly.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. 5,0 5,1 «Великие шрифтографы прошлого». compuart.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  6. «Типографика – наука, искусство, философия или мастерство?». lpgenerator.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  7. «Книга «Шрифт и дизайн. Современная типографика»». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  8. «Typo_EmilRuder». StudFiles. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  9. Эмиль Рудер. Типографика. — М.: Таллер, 1998. — 232 с. — ISBN 3-7212-0043-8.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիպոգրաֆիկա» հոդվածին։