Տիգրանուհի, պատմվածք, Ակսել Բակունցի ստեղծագործություններից, որը զետեղվել է 1935 թվականին լույս տեսած «Անձրևը» ժողովածուում։

Տիգրանուհի
ՏեսակՊատմվածք
ԺանրՊատմվածք
ՁևԱրձակ
ՀեղինակԱկսել Բակունց
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուՀայերեն
Գրվել է1925
Առաջին ներկայացում1927
ԿերպարներՎասիլ, Վարսենիկ, Տիգրանուհի
ՎիքիդարանՏիգրանուհի

Տպագրման պատմություն խմբագրել

Պատմվածքը հրապարակվել է 1927 թվականի հունվարի 16-ին, «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, այնուհետև հեղինակի մշակումով 1935 թվականին զետեղվել է «Անձրևը» ժողովածուի մեջ։ Հետագայում՝ 1955 թվականին տպագրվել է հեղինակի երկերի երևանյան հրատարակության մեջ, ինչպես նաև «Ամբողջական գործը» բեյրության ժողովածուի Ա հատորում։ 1964 թվականին պատմվածքը զետեղվել է նաև երկերի 1-ին հատորում։ Ըստ հեղինակի կողմից արված նշումի՝ պատմվածքը գրվել է 1925 թվականին[1]։

Սյուժե խմբագրել

Վասիլը՝ ընտանիքի հայրը, տնտեսությունը վարելու նպատակով որոշում է պահել օրագիր, որտեղ նշում է ընտանիքի ծախսերն ու եկամուտները։ Նրա՝ օրագիր պահելու ցանկությունը, կապված էր հարևանին տրվելիք պարտքի հետ։ Քնելուց առաջ նրա գլխում մի միտք է ծագում, պարտքը մարել քրոջ՝ Տիգրանուհու միջոցով։ Օրագրում ներառվում էին նաև ընտանիքի անդամների և կենդանիների մասին տեղեկություններ։ Նշվում էր, թե ով որ օրը որտեղ էր գնացել, կենդանիներից, որ մեկն է կաթ տվել, որը՝ ոչ։ Իսկ Տիգրանուհուն վերաբերող գրվածքները առնչվում են միայն պարտքի հետ։ Տիգրանուհին կատարում էր ամեն մի չարքաշ աշխատանք՝ նվազեցնելով եղբոր պարտքը։ Շատ հաճախ Տիգրանուհին բոբիկ ոտքերով էր գնում քաղհան անելու, իսկ երբ վերջապես նրա համար գնում են ոտնամաններ, դրանք բաժին են հասնում Վասիլի կնոջը՝ Վարսենիկին։ Հարևանի կողմից ստացված գարու մասին նշումներից հետո օրագրում որպես կենցաղային փաստ Վասիլը նշում է նաև Տիգրանուհու մահվան մասին․

  Տիգրանուհին մահացավ առանց կարծիքի, տեղոց տեղ, լավ թաղեցինք․ եղավ ծախս ութը մանեթ փողով, ևս մի փութ գարի տերտերին, գումարով 9 մանեթ 70 կոպեկ։ Նաև առի երկու մոմ։  

Տիգրանուհու մահվան առթիվ այլևս չկա ոչ մի հիշատակում։ Օրագրի հաջորդ երեսին Վասիլը գրել է միայն հետևյալը․

  Պարտքից մնաց տասնչորս․․․[2]  

Գաղափարական բովանդակություն խմբագրել

«Տիգրանուհին» պատմվածքի հիմքում ընկած է գյուղացիական կործանվող տնտեսության ողբերգությունը։ Պատմվածքի բովանդակությունը գյուղական ռեալիստական պատկերներով ու բնորոշ մանրամասնություններով հարուստ կյանքի մի ցնցող դրամա է։ Կենցաղավարության ծանր հոգսը սպանում է Վասիլի մարդկային բոլոր զգացմունքները, ամայացնում նրա հոգեկան աշխարհը, սառը հաշվի վերածում նրա կյանքը։ Նույնիսկ հարազատ քրոջ մահը ոչ մի զգացողություն չի առաջացնում նրա մեջ։ Ասես ոչինչ չէր պատահել։ Տիգրանուհին ինչպես ապրել էր աննկատ, նույնքան աննկատ էլ ավանդեց հոգին, իսկ աղքատությունը դարձյալ մնաց գյուղացու տնտեսության բնական վիճակ։ Պատմվածքը պատմում է ոչ թե այն մասին, ինչ որ եղել է, կամ ինչ որ կատարվել է, այլ այն մասին, ինչ չի եղել, կամ մնացել է նույնը։ Եվ հենց սա է ամենասոսկալին ու ողբերգականը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ակսել, Բակունց (1976). Երկեր, Չորս հատորով. Vol. Հատոր առաջին. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն. էջեր 662–663. ISBN 005850. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  2. Ակսել Բակունց, Երկեր (1976). Չորս հատորով, հատոր առաջին. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն. էջեր 349–355. ISBN 005850. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  3. Սուրեն Աղաբաբյան (1971). Ակսել Բակունց. Երևան: Հայաստան. էջեր 52–54.