Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես

Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը համաեվրոպական քաղաքական կառույց է, որտեղ ներկայացված են Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինները։ Կոնգրեսը խթանում է տեղական և տարածքային ժողովրդավարությունը, բարելավում տեղական և տարածքային կառավարումը և հզորացնում իշխանությունների ինքնակառավարումը՝ համաձայն Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքների։ Կոնգրեսը կազմված է երկու պալատներից՝ Տեղական իշխանությունների պալատ և Ռեգիոնների պալատ, և իր լիագումար նիստերը հրավիրում է տարեկան երկու անգամ Ստրասբուրգում, որտեղ գտնվում է Կոնգրեսի Քարտուղարությունը։

Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես
Կոնգրեսի լոգոն
Изображение логотипа
ՏեսակՄիջազգային կազմակերպություն
ՀիմնադրվածՀունվարի 12, 1957 թ․
Գլխադասային գրասենյակՍտրասբուրգ, Ֆրանսիա
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն և ֆրանսերեն
Գլխավոր քարտուղարԱնդրեաս Կիֆեր
ՆախագահԱնդերս Կնապե
Տեղական իշխ․ պալատի նախագահԿսավիե Կադողե
Ռեգիոնների պալատի նախագահԳունն Մարիտ Հելգեսեն
Վերադաս կազմակերպությունԵվրոպայի խորհուրդ
Կայքwww.coe.int/congress

Պատմություն խմբագրել

Կոնգրեսը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի որոշմամբ 1994 թ.-ին, թեպետ Կոնգրեսի պատմությունն արտացոլում է Եվրոպայում տեղական և տարածքային ժողովրդավարության զարգացման 50-ամյա ուղին։ Նրա կանոնակարգը և լիազորությունները արդյունքն են այնպիսի ինստիտուցիոնալ փոփոխությունների (սկսած դեռ 1953 թ.-ից), որոնք կրում են ներպետական ինքնավարության երկու՝ նախ տեղական, այնուհետև տարածքային մակարդակների երկփուլ ճանաչում, ինչպես նաև իր կազմակերպման և գործունեության արագընթաց պառլամենտարիզացում։

1953 թվ.-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը որոշում է կազմակերպել Տեղական իշխանությունների եվրոպական կոնֆերանս՝ ոգեշնչվելով Համայնքային ազատությունների եվրոպական խարտիայից, որն ընդունվել էր այդ նույն տարում Վերսալում Եվրոպայի համայնքների խորհրդի կողմից։ Սա ֆրանսիական մասնավոր ասոցիացիա էր՝ ստեղծված 1951 թ.-ին, որը 1984 թ.-ին դարձավ Եվրոպայի համայնքների և ռեգիոնների խորհուրդ (Conseil des communes et régions d’Europe - CCRE)։

1956 թվ.-ին Կոնֆերանս կազմակերպելու գաղափարը հաստատվում է նաև Նախարարների կոմիտեի կողմից։ Այնուամենայնիվ, Տեղական իշխանությունների կոնֆերանսը տեղի ունեցավ միայն 1957 թվ.-ի հունվարի 12-ին Ստրասբուրգում՝ ֆրանսիացի Ժակ Շաբան-Դելմայի նախագահությամբ (նա նախագահել է Տեղական իշխանությունների եվրոպական կոնֆերանսը 1957-1960 թթ.-ին )։

1960 թ.-ին Կոնֆերանսը իր տարեկան ժողովի ընթացքում ընդունեց Խարտիայի նախագիծ, որը հաստատվեց 1961 թվ.-ի սեպտեմբերի 13-ին Նախարարների կոմիտեի կողմից։ Այս պահից սկսած պաշտոնապես ստեղծվեց Տեղական իշխանությունների եվրոպական կոնֆերանսը․ համաձայն իր Կանոնադրության հոդված 17-ի՝ «Նախարարների կոմիտեն հարկ եղած դեպքում կարող է ստեղծել խորհրդատվական կամ տեխնիկական բնույթի կոմիտեներ և հանձնաժողովներ»։

1975 թվ.-ի փետրվարի 19-ին Նախարարների կոմիտեն փոփոխություններ մտցրեց Կոնֆերանսի կանոնադրությունում՝ նրա խորհրդատվական լիազորությունների դաշտը ընդարձակելու համար՝ ներառելով նաև տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներին։ Արդեն անվանվելով Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնֆերանս, այն 1979 թ.-ին ևս մեկ անգամ վերանվանվեց և դարձավ Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների մշտական կոնֆերանս։ Մշտական կոնֆերանսի գործունեության ամենամեծ ձեռքբերումը մնում է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան, որը բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար սկսած 1985 թ.-ի հոկտեմբերի 15-ից և ուժի մեջ է մտել 1988 թվ.-ի սեպտեմբերի 9-ին։ Խարտիան ստորագրվել է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների կողմից։ Այն ստորագրող պետությունները պարտավորվում են իրենց ներքին օրենսդրության մեջ ընդունել տեղական ինքնակառավարման սկզբունքը։ 1993 թ.-ի հոկտեմբերի 9-ին Վիեննայում Եվրոպայի խորհրդի առաջին գագաթնաժողովի ժամանակ կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները հաստատեցին իրենց մտադրությունը հիմնել մի խորհրդատվական մարմին, որը ուղղակի կերպով կներկայացնի ինչպես տեղական ինքնակառավարման մարմինները, այնպես էլ տարածքային կառավարման մարմինները Եվրոպայում։ 1994 թ.-ի Նախարարների կոմիտեի որոշմամբ ընդունվում է կանոնադրական բնույթի փաստաթուղթ, որը հիմք է հանդիսանում ներկայիս Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի և իր երկու պալատների ստեղծման համար։

Դերը խմբագրել

Որպես տեղական և տարածքային ընտրված ներկայացուցիչների քաղաքական համաժողով՝ Կոնգրեսը մոտ 150,000 ռեգիոնների և համայնքների միասնական ձայնն է։ Կոնգրեսի հիմնական նպատակներն են ապահովել տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների մասնակցությունը եվրոպական ունիֆիկացման գործընթացին և Եվրոպայի խորհրդի աշխատանքներին, նպաստել տեղական և տարածքային ժողովրդավարության առաջխաղացմանն ու տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների միջև համագործակցությանը։

Կոնգրեսը մասնավորապես քաջալերում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում տեղական և տարածքային իշխանությունների արդյունավետ կազմակերպումը, քննում է անդամ և անդամակցման թեկնածու պետություններում տեղական և տարածքային ժողովրդավարության մակարդակը, մշակում է այնպիսի նախաձեռնություններ, որոնք թույլ կտան քաղաքացիներին իրապես դառնալ ժողովրդավարության մասնակից տեղական և տարածքային մակարդակներում, ներկայացնում է տեղական և տարածքային խորհուրդների շահերը եվրոպական քաղաքականության ձևավորման գործում, խրախուսում է տարածքային և միջսահմանային համագործակցությունը հանուն խաղաղության, հանդուրժողականության և երկարատև զարգացման, քաջալերում է Եվրոռեգիոննեի ստեղծումը, ներգրավվում է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների ընտրությունների դիտորդությանը այն պետություններում, որոնք դրա հայտն են ներկայացնում։ Կոնգրեսը ծավալում է իր գործունեությունը մի շարք գործընկերների մասնակցությամբ՝ ազգային ասոցիացիաներ, միջազգային ասոցիացիաներ, դիտորդներ և այլն։

Կոնգրեսի 2017-2020 թթ․ առաջնահերթությունները խմբագրել

·        Տեղական և տարածքային ժողովրդավարության որակի բարելավում

·        Քաղաքացուն հարգող, ներառող և նրան ավելի մոտ կանգնած ապահով հասարակությունների կառուցում։

Կառուցվածքը խմբագրել

Բյուրո խմբագրել

Կոնգրեսի Բյուրոն, որը ներառում է Տեղական իշխանությունների պալատը և Ռեգիոնների պալատը, Կոնգրեսի նախագահի (Անդերս Կնապե, 2018 թ․-ի նոյեմբերի 6-ից) գլխավորությամբ պատասխանատու է լիագումար նիստերի, երկու պալատների և հանձնաժողովների աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև մոնիտորինգի և ընտրությունների դիտորդական առաքելությունների կազմակերպման, բյուջեի և երկու լիագումար նիստերի միջև ընկած ժամանակահատվածներում այլ հարցերի արձագանքելու համար։

Պալատներ խմբագրել

Տեղական իշխանությունների պալատ խմբագրել

Տեղական իշխանությունների պալատի գործունեության հիմնական նպատակն է տեղական ժողովրդավարության իրավիճակի գնահատումը և տեղական ընտրությունների դիտորդությունը՝ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքներին համաձայն։ Պալատը նաև աջակցում է եվրոպական քաղաքների միջև համագործակցությանը, ինչպիսիք են օրինակ միջմշակութային երկխոսությունը և էլեկտրոնային ժողովրդավարությունը։ Այն խթանում է տեղական ժողովրդավարության սկզբունքները նաև Եվրոպայի աշխարհագրական տարածքից դուրս, օրինակ քաղաքների եվրո-արաբական երկխոսության և եվրո-միջերկրածովյան համագործակցության շրջանակներում։

Պալատի հանդիպումները տեղի են ունենում տարին երկու անգամ՝ լիագումար նիստերի ընթացքում։ Հանդիպումներին թեմատիկ բանավեճեր են տեղի ունենում մի շարք հարցերով, ինչպես օրինակ՝  ռադիկալացման դեմ պայքար, քաղաքների համագործակցություն ահաբեկչության դեմ պայքարի հարցում, միգրացիա, մշակութային ժառանգության պաշտպանություն։ Արդյունքում ընդունվում են հանձնարարականներ և բանաձևեր։ Անհրաժեշտության դեպքում Տեղական իշխանությունների պալատը կարող է անդամ որևէ պետությունից պահանջել ներկայացնել զեկույց իր փորձառության որևէ կոնկրետ թեմայով։ Տեղական իշխանություների պալատը քննարկում է իր իրավասության շրջանակում ընկած հարցեր, այն է՝ Եվրոպայում տեղական չափմանը վերաբերող նշանակալի ընթացիկ խնդիրներ, և անհրաժեշտության դեպքում կարող է բանավեճ նախաձեռնել Կոնգրեսի լիագումար նիստի ժամանակ։ Պալատի անդամների ցանկը կարելի է տեսնել այստեղ։

Ռեգիոնների պալատ խմբագրել

Ռեգիոնների պալատը բաղկացած է իշխանության այն ներկայացուցիչներից, որոնք գործում են կառավարման տեղական և կենտրոնական մակարդակների միջև։ Պալատը հանդիպում է տարին երկու անգամ՝ Կոնգրեսի լիագումար նիստերի ժամանակ, կազմակերպում է քննարկումներ և բանավեճեր Եվրոպայում ռեգիոնալացման թեմաներով, ինչպես նաև ընդունում է հանձնարարականներ և բանաձևեր։ Ռեգիոնների պալատի իրավասության շրջանակում են հարցեր, ինչպիսիք են Կոնգրեսի անդամ պետություններում ռեգիոնների դերը, տարածքային ժողովրդավարությունը, միջռեգիոնալ համագործակցությունը և ռեգիոնալ տնտեսությունը։ Ռեգիոնների պալատի անդամների ցանկը կարելի է տեսնել այստեղ։

Կանոնադրական համաժողով խմբագրել

2011 թ․-ի հունվարի 19-ին Կոնգրեսի կանոնադրության վերանայված տարբերակի ընդունմամբ նախկին Մշտական հանձնաժողովի փոխարեն ձևավորվեց Կանոնադրական համաժողովը։ Այն ներառում է բոլոր ազգային պատվիրակությունների ղեկավարներին և Կոնգրեսի Բյուրոյի անդամներին։ Կանոնադրական համաժողովը գործում է Կոնգրեսի լիագումար նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, նիստերը հրավիրվում են Կոնգրեսի նախագահի կողմից՝ ըստ անհրաժեշտության։

Հանձնաժողովներ խմբագրել

2010 թ․-ի հոկտեմբերին ձևավորվեցին Կոնգրեսի երեք հանձնաժողովները՝ Մոնիտորինգի հանձնաժողովը, Կառավարման հանձնաժողովը և Ընթացիկ հարցերի հանձնաժողովը։ Զեկույցների մեծ մասը մշակվում է հենց այս հանձնաժողովների կողմից և ներկայացվում Պալատներին կամ լիագումար նիստերին։

Մոնիտորինգի հանձնաժողով խմբագրել

Մոնիտորինգի հանձնաժողովը հետևում է անդամ պետությունների կողմից Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտրայով ստանձնած հանձնառությունների և պարտավորությունների իրականացմանը։ Այն կազմակերպում է մոնիտորինգային այցեր, պատրաստում անդամ պետություններում տեղական և տարածքային ժողովրդավարության իրավիճակի մասին զեկույցներ։ Հանձնաժողովի անդամների ցանկը ներկայացված է այստեղ։

Կառավարման հանձնաժողով խմբագրել

Կառավարման հանձնաժողովը պատասխանատու է Կոնգրեսի կանոնադրական մանդատին առնչվող հարցերի համար, որոնք ներառում են հանրային ֆինանսները, միջռեգիոնալ համագործակցությունը, էլեկտրոնային ժողովրդավարությունը, ինչպես նաև միջկառավարական մարմինների հետ համագործակցությունը։ Կոնգրեսի կայքում կարելի է գտնել Կառավարման հանձնաժողովի անդամների ցանկը։

Ընթացիկ հարցերի հանձնաժողով խմբագրել

Այս հանձնաժողովը զբաղվում է տեղական և տարածքային կառավարությունների դերի հարցերով՝ ժամանակակից հասարակությունների մարտահրավերների լույսի ներքո։ Այն զբաղվում է մի շարք հարցերով, ինչպիսիք են օրինակ ներառական հասարակությունը, քաղաքացիների մասնակցությունը, կրթությունը, միջկրոնական և միջմշակութային երկխոսությունը, սեռական ոտնձգություններից երեխաների պաշտպանությունը, երիտասարդների մասնակցությունը, միգրանտների ինտեգրումը՝ Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքների տեսանկյունից։ Ընթացիկ հարցերի հանձնաժողովի անդամների ցանկը կարելի է տեսնել Կոնգրեսի կայքում։

Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի անկախ փորձագետների խումբ խմբագրել

Անկախ փորձագետների խումբն օգնում է Կոնգրեսի երեք կանոնադրական հանձնաժողովներին Խարտիային վերբերող իրենց գործունեության իրականացման հարցում։ Փորձագետներն ընտրվում են համալսարաններից և այլ հետազոտական կենտրոններից՝ իրավունքի, տնտեսագիտության և քաղաքագիտության ոլորտներից։ Անկախ փորձագետների խումբն աջակցում է Կոնգրեսին հետևյալում․

1.    Անդամ պետություններում տեղական ժողովրդավարության իրավիճակի մասին զեկույցների պատրաստում (մոնիտորինգային զեկույց),

2.    Որևէ անդամ պետությունում կամ պետությունների խմբում Խարտիայի որոշակի ասպեկտի մասին զեկույցների պատրաստում (հատուկ մոնիտորինգային զեկույց),

3.    Խարտիայի որոշակի կետի/հոդվածի մասին զեկույցի պատրաստում (հետազոտական զեկույց),

4.    Տեղական և տարածքային իշխանությունների համար մտահոգության տեղիք տվող հարցերով զեկույցների պատրաստում,

5.    Տեղական և տարածքային ժողովրդավարության խթանման զեկույցների պատրաստում։

Քարտուղարություն խմբագրել

Կոնգրեսի Քարտուղարությունը ղեկավարում է Գլխավոր քարտուղարը, որն ընտրվում է հինգ տարի ժամկետով Կոնգրեսի լիագումար նիստի կողմից։ Գլխավոր քարտուղարին աջակցում է Կոնգրեսի տնօրենը։ Կոնգրեսի երկու պալատների քարտուղարությունները համակարգվում են երկու գործադիր քարտուղարների կողմից, որոնց նշանակում է Գլխավոր քարտուղարը՝ Կոնգրեսի խորհրդակցությամբ։

Ազգային պատվիրակություններ խմբագրել

Կոնգրեսը կազմված է Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունների տեղական և տարածքային իշխանությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակաություններից։ Ներկայացուցիչները կա՛մ ուղղակիորեն ընտրված են կա՛մ քաղաքականորեն հաշվետու են ուղղակի ընտրված կառույցին/ժողովին։ Յուրաքանչյուր ազգային պատվիրակության կազմը պետք է երաշխավորի տվյալ երկրի աշխարհագրական տարածքների, տարբեր տեղական և տարածքային իշխանությունների և քաղաքական ուժերի, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասարաչափ ներկայացվածություն։ Յուրաքանչյուր անդամ պետություն իրավունք ունի Կոնգրեսում զբաղեցնել նույնքան տեղեր, որքան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։ Բացի լիիրավ անդամներից պատվիրակություններն ունեն նաև փոխարինող անդամներ։ Կոնգրեսում ազգային պատվիրակությունների ցանկը կարելի է տեսնել Կոնգրեսի կայքում։

Կոնգրեսի անդամները խմբագրել

Համաձայն իր կանոնադրության՝ Կոնգրեսն այսօր ունի 324 լիիրավ և 324 փոխարինող անդամ, որոնք ներկայացնում են անդամ պետությունների ավելի քան 150,000 տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններ։ Բաշխվածությունն ըստ անդամ պետությունների հետևյալն է․

Պետություն Լիիրավ անդամ -
փոխարինող անդամ
Պետություն Լիիրավ անդամ -
փոխարինող անդամ
Պետություն Լիիրավ անդամ -
փոխարինող անդամ
  Ադրբեջան 6-6   Ալբանիա 4-4   Անդորրա 2-2
  Ավստրիա 6-6   Բելգիա 7-7   Բոսնիա և Հերցոգովինա 5-5
  Բուլղարիա 6-6   Գերմանիա 18-18   Դանիա 5-5
  Էստոնիա 3-3   Թուրքիա 12-12   Իռլանդիա 4-4
  Իսլանդիա 3-3   Իսպանիա 12-12   Իտալիա 18-18
  Լատվիա 3-3   Լեհաստան 12-12   Լիխտենշտեյն 2-2
  Լիտվա 4-4   Լյուքսեմբուրգ 3-3   Խորվաթիա 5-5
  Կիպրոս 3-3   Հայաստան 4-4   Հունաստան 7-7
  Հունգարիա 7-7   Մալթա 3-3   Մակեդոնիա 3-3
  Միացյալ Թագավորություն 18-18   Մոլդովա 5-5   Մոնակո 2-2
  Մոնտենեգրո 3-3   Նիդերլանդներ 7-7   Նորվեգիա 5-5
  Շվեդիա 6-6   Շվեյցարիա 6-6   Չեխիայի հանրապետություն 7-7
  Պորտուգալիա 7-7   Ռումինիա 10-10   Ռուսաստանի դաշնություն 18-18
  Սան Մարինո 2-2   Սերբիա 7-7   Սլովակիա 5-5
  Սլովենիա 3-3   Վրաստան 5-5   Ուկրաինա 12-12
  Ֆինլանդիա 5-5   Ֆրանսիա 18-18
Ընդհանուր= 318 լիիրավ անդամ + 318 փոխարինող անդամ կամ 636 Կոնգրեսի անդամ

Քաղաքական խմբեր խմբագրել

Կոնգրեսի քաղաքական խմբերը երաշխավորում են բոլոր պատվիրակություններից քաղաքական, աշխարհագրական և գենդերային հավասարաչափ ներկայացվածություն։ Կոնգրեսի կանոնադրությունը պահանջում է նվազագույնը 30% ներկայացվածություն յուրաքանչյուր պատվիրակությունում քիչ ներկայացված սեռի համար։ Կոնգրեսում կա չորս քաղաքական խումբ, ինչպես նաև Կոնգրեսի անկուսակցական խումբը։ Դրանք են՝

·        Սոցիալիստների, կանաչների և առաջադեմ դեմոկրատների քաղաքական խումբ՝ SOC/G/PD

·        Եվրոպական Ժողովրդական կուսակցության քաղաքականթխումբ՝ EPP/CCE

·        Անկախ և լիբերալ դեմոկրատական քաղաքական խումբ՝ ILDG

·        Եվրոպական պահպանողականներ և ռեֆորմիստներ՝ ECR։

Գործունեությունը խմբագրել

Տեղական և տարածքային ժողովրդավարության մոնիտորինգ խմբագրել

Իր առաքելության շրջանակներում Կոնգրեսը պատրաստում է մի շարք զեկույցներ։ Տեղական ժողովրդավարության մոնիտորինգի շրջանակներում Կոնգրեսը պատրաստում է երկու տիպի զեկույց՝

  • Մոնիտորինգի զեկույց. սա Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում տեղական և տարածքային ժողովրդավարության հետևողական զեկույց է, որը կատարվում է երկիր առ երկիր։ Մոնիտորինգի գործունեությունը կարևոր հիմք է տեղական և տարածքային ժողովրդավարության հարցերի վերաբերյալ անդամ պետությունների իշխանություների հետ քաղաքական կառուցողական երկխոսություն հաստատելու համար։ Սա Կոնգրեսին թույլ է տալիս անդամ երկրների կառավարություններին, խորհրդարաններին, հասարակական կազմակերպություններին, պատգամավորներին և մամուլին հայտնի դարձնել իր հիմնական պայմանագրերը և իրավական գործիքները տեղական և տարածքային ինստիտուցիոնալ հարցերում։ Այս զեկույցների հանձնարարականների վրա հիմնվելով՝ բազմաթիվ օրենսդրական բարեփոխումներ են ձեռնարկվել անդամ պետությունների կողմից։ Սա նոր ընթացակարգ է, որը թույլ է տալիս արագացնել հանձնարարականների կյանքի կոչումը քննարկվող պետության իշխանությունների կողմից։ Այդպիսով այդ պետությունները պետք է գրավոր ներկայացնեն այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են իրենց հասցեագրված հանձնարարականներն իրագործելու համար։
  • Ընդհանուր մոնիտորիգ. խոսքը այն զեկույցների մասին է, որոնք ներկայացնում են Եվրոպայի խորհրդի անդամ և թեկնածու պետություններում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառման վերլուծություն։ Անդամ պետություններում Խարտիայի կիրառման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու ընդհանուր պարտավորության շրջանակներում Կոնգրեսը պատրաստում է միջանկյալ զեկույցներ։

Ընտրությունների դիտորդություն խմբագրել

Ընտրությունների դիտորդական առաքելության շրջանակներում Կոնգրեսը պատրաստում է դիտորդական զեկույցներ. Կոնգրեսը պարբերաբար հետևում է անդամ և թեկնածու պետություններում տեղական և տարածքային ընտրությունների ընթացքին․ սա Կոնգրեսի առանցքային աշխատանքներից է, որի նպատակն է հետևել այդ երկրների տեղական և տարածքային ժողովրդավարության առաջընթացին։ Ընտրությունների դիտորդությունը, որը չի սահմանափակվում միայն ընտության ընթացքով, այլ ներառում է նաև ընտրական քարոզարշավի վերլուծություն, բերում է նրան, որ Կոնգրեսն այն քննարկում է առավել բարձր մակարդակով՝ քաղաքական կուսակցությունների և խմբերի ներկայացուցիչների հետ, որոնք առարկում են ընտրությունների արդյունքները, ընտրական հանձնաժողովների հետ, ինչպես նաև մամուլի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Բացի դիտորդության այս մանրակրկիտ զեկույցներից Կոնգրեսը ազգային իշխանությունների նախաձեռնությամբ ընդունում է հանձնարարականներ, որոնք վերաբերում են ընտրությունների դիտորդությանը, ինչպես նաև բանաձևներ՝ հասցեագրված պետության ներպետական մարմիններին։

Մոնիտորինգին և ընտրությունների դիտորդությանը հաջորդող քայլեր խմբագրել

2013 թ․-ի մարտ ամսին Կոնգրեսն ընդունեց 353(2013) Բանաձևը, որը վերաբերում է մոնիտորինգին և ընտրությունների դիտորդությանը հաջորդող գործողություններին։ Սրա նպատակն է մոնիտորինգից կամ ընտրության դիտորդությունից հետո ձևավորել քաղաքական երկխոսություն անդամ պետությունների և համապատասխան շահակիր կողմերի հետ՝ երաշխավորելու մոնիտորինգի կամ ընտրության դիտորդության արդյունավետությունն ու ազդեցությունը։ Որպես իր հանձնարարականների հաջորդ քայլ Կոնգրեսն անդամ պետության իշխանությունների հետ քննարկում է տեղական և տարածքային ժողովրդավարության բարելավման ճանապարհային քարտեզ։ Առաջին ճանապարհային քարտեզը նախագծվել է Ուկրաինայում ապակենտրոնացման ռեֆորմի պոստ-մոնիտորինգային երկխոսության շրջանակներում։

Հայաստանի համար պոստ-մոնիտորինգային երկխոսության արդյունքում ճանապարհային քարտեզը ստորագրվել է 2016 թ․-ին։

Հղումներ խմբագրել