Տաք ջրամատակարարում, զանազան սպառողներին (բնակելի շենքերին, կոմունալ և արդյունաբերական ձեռնարկություններին և այլն) տնտեսական-կենցաղային և արտադրական-տեխնոլոգիական նպատակների համար տաք ջրի մատակարարման միջոցառումների, սարքավորումների և հարմարանքների համակարգ։ Տաք ջրամատակարարման համակարգերը բաղկացած են ջերմության աղբյուրներից, ջուրը նախապատրաստող ապարատուրայից, ջրտաքացուցիչներից, ջուրը տեղափոխող խողովակաշարերից և ջրի ջերմաստիճանը կարգավորող և վերահսկող հարմարանքներից։ Տարբերում են տաք ջրամատակարարման կենտրոնացված և տեղային (ապակենտրոնացված) համակարգեր։ Կենտրոնացված համակարգերում ջերմությունն արտադրվում է ջերմաէլեկտակայաններում, կաթսայատներում․ օգտագործվում են նաև արդյունաբերական ձեռնարկությունների արտանետվող ջերմությունը, ստորգետնյա և այլ աղբյուրներ։ Ջերմությունը սպառողներին է փոխանցվում ջերմային ցանցի խողովակաշարերով։ Տաք ջրի նախապատրաստումը կատարվում է թե ջերմության աղբյուրներում, թե կենտրոնական ջերմային կետերում կամ էլ հենց շենքերում։ Կենտրոնացված տաք ջրամատակարարումն իրականացվում է փակ սխեմայով, երբ ջրմուղի ջուրը տաքացվում է ջերմակրով (ջրով կամ գոլորշիով)։ Տաք ջրամատակարարման համակարգերում ջրի առավելագույն ջերմաստիճանը 75 °C է, իսկ նվազագույնը (ջրաբաժանման կետերում)՝ 60 °C։ Տեղային տաք ջրամատակարարման դեպքում ջրատաքացուցիչները տեղակայվում են անմիջականորեն ջրի սպառման վայրերում (լոգնոցներ, ցնցուղներ, լվացարաններ, արտադրական ագրեգատներ) և տաքացվում այրվող վառելիքով կամ էլեկտրաէներգիայով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 631