Տասը կույսերի առակը (Մատթ. 25:1-13) Հիսուսի ամենահայտնի առակներից է։ Այն քրիստոնյաներին ուղղված հորդոր է՝ պատրաստ լինելու Քրիստոսի վերադարձին, նրա երկրորդ գալստյանը, իրադարձություն, որին սպասում է ողջ Եկեղեցին։ Տասը կույսերի առակը Հայ Առաքելական Եկեղեցին հիշատակում է Ավագ երեքշաբթի։

Տասը կույսերը Բազելի (Շվեյցարիա) մայր տաճարի շքամուտքին

Առակը խմբագրել

 

Այդ ժամանակ երկնքի արքայությունը կնմանվի տասը կույսերի, որոնք, իրենց լապտերներն առած, դուրս ելան փեսային դիմավորելու։ Նրանցից հինգն իմաստուն էին, իսկ հինգը՝ հիմար։ Հիմարներն իրենց լապտերները վերցրին, բայց իրենց հետ ձեթ չառան։ Սակայն իմաստուններն իրենց լապտերների հետ նաև ամաններով ձեթ վերցրին։ Եվ երբ փեսան ուշացավ, բոլորը նիրհեցին ու քնեցին։ Եվ կեսգիշերին աղաղակ ելավ. ”Ահա փեսան գալիս է, դո՛ւրս ելեք նրան դիմավորելու“։ Այդ ժամանակ բոլոր կույսերը վեր կացան ու իրենց լապտերները կարգի բերեցին։ Հիմարներն իմաստուններին ասացին. ”Մեզ ձեր յուղի՛ց տվեք, որովհետև մեր լապտերները հանգչում են“։ Իմաստունները պատասխանեցին ու ասացին. ”Չլինի թե մեզ ու ձեզ չբավականացնի։ Ավելի լավ է՝ վաճառողների մոտ գնաք ու ձեզ համար գնեք“։ Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ. ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահ մտան, և դուռը փակվեց։ Հետո եկան նաև մյուս կույսերը և ասացին. ”Տե՛ր, Տե՛ր, բա՛ց արա մեզ համար“։ Իսկ նա պատասխանեց ու ասաց. ”Ճշմարիտ եմ ասում ձեզ. ես ձեզ չեմ ճանաչում“։ Արդ արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը։

 

Մեկնաբանություն խմբագրել

Տասը կույսերը քրիստոնյաներն են, ովքեր սպասում են Փեսայի՝ Քրիստոսի վերադարձին։ Նրանք բաժանված են երկու խմբի՝ իմաստուն և հիմար։ «Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձէթ չվերցրին։ Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձէթ վերցրին»։ Յուղը Աստվածաշնչում Սուրբ Հոգու խորհրդանիշն է։ Իմաստուն քրիստոնյաները կառուցում են իրենց հարաբերությունը Տիրոջ հետ, կարդում և խորհրդածում են Աստծո Խոսքը։ Նրանք ամբողջությամբ լցված են Սուրբ Հոգով և հոգևոր գիշերվա մեջ փայլում են Հոգու կրակով։ Նրանք միշտ պատրաստ են և անհամբեր սպասում են Փեսայի վերադարձին։ Անգամ դժվարին ժամանակներում, միշտ արթուն են Հոգու կրակով, քանզի բավական «պահեստային ձեթ» ունեն իրենց հոգիներում։ Այլ է հիմար քրիստոնյաների վիճակը։ Նրանք ճանաչում են Տիրոջը, սակայն բնավ հոգ չեն անում և չեն պատրաստվում «սպասման գիշերվան»։ Նրանք կզրկվեն հարսանեկան խրախճանքի վայելքներից։

Տասնմեկերորդը խմբագրել

Առակում կա ևս մի անձնավորություն՝ տասնմեկերորդը, ով հանդես է գալիս, թեև հպանցիկ, սակայն հիմնական դերակատարությամբ։ Նա է, ով գոչում է. «Ահա փեսան գալիս է, նրան դիմավորելու ելեք»։ Ի դեպ, առակը պատմում է, որ իմաստուն կույսերը, ինչպես նաև հիմարները, բոլորն էլ տկարացան և քնի մեջ ընկան։ Առանց այդ տասնմեկերորդ անձնավորության, կույսերից և ոչ մեկը ընդառաջ չէր գնա փեսային։ Հիրավի, անգամ իմաստունները, հակառակ իրենց «պահեստային ձեթին», պատրաստ չէին հանդիպմանը, քանզի քնած էին։ Անձնավորությունը, ում մասին քիչ է խոսվում, կարևոր դերակատարությունն ունի առակի մեջ։ Նա հարկավ և՛ բավարար պահեստի ձեթ ուներ՝ ողջ գիշեր հսկելու համար, և՛ եռանդ՝ մինչ հարմար պահը սպասելու համար։

Ավագ երեքշաբթի խմբագրել

Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ։ Նրանցից հինգը ձեռքներին պահած ունենալով վառվող մոմեր, խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուսը հինգը՝ հանգած մոմերով խորհրդանշում են հիմար կույսերին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ավագ երեքշաբթի. Օրվա խորհուրդը». Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.