Տաճարաբակ, հնագիտական հուշարձան միջնադարյան Տաճարաբակ բնակավայրում, այժմյան Հայաստանի Աբովյանի շրջանի Զորաղբյուր գյուղում։ Գյուղի հյուսիսարևմտյան մասում և գյուղից դուրս բացվել է ուշ բրոնզի դարի (մ. թ. ա. 2-րդ հազարամյակ) դամբարանադաշտ։ Դամբարանները խոշոր սալերով շարված քարարկղեր են, որոնց մեջ հայտնաբերվել են բրոնզե դաշույններ, ճարմանդներ, խեցանոթներ (պահպանվում են Էրեբունի թանգարանումԳյուղի հյուսիսարևելյան մասում գտնվող բլրի վրա բացվել է մի բնակատեղի, ուր կյանքը հարատևել է մ. թ. ա. 6-րդ դարից մինչև վաղ միջնադար։ Առավել լավ են պահպանվել հելլենիստական ժամանակաշրջանի շերտերը (մ. թ. ա. 2-1-ին դարերում)։ Բլրի արևելյան մասում պեղվել է ուղղանկյուն հիմքով քարաշեն մի սենյակ, որտեղից գտնվել են աղորիքներ, խեցանոթների (այդ թվում՝ բազմագույն) բեկորներ։ Հելլենիստական շերտից ի հայտ են եկել գորշ կամ շագանակագույն անգորով պատված, հղկմամբ զարդարված կավանոթներ։ Խարամի մնացորդները թույլ են տալիս ենթադրել, որ հնում այստեղ գոյություն են ունեցել արտադրական արհեստանոցներ։ Գյուղի հարավարևելյան ծայրամասում գտնվող խաչքարերի բեկորներից կարելի է եզրակացնել, որ կյանքն այստեղ շարունակվել է նաև զարգացած միջնադարում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 554