Վիքիպեդիա:Արևելահայերենի և արևմտահայերենի տարբերությունների ձեռնարկ

Գոյական անուն

խմբագրել

Արևելահայերենում ուղիղ խնդիր կատարող անձ գոյականները սովորաբար դրվում են սեռական-տրականով, իսկ ոչ անձ ցույց տվողները՝ ուղղական-հայցական հոլովներով։

Արևմտահայերենում այդ տարբերությունը բացակայում է, անձ և ոչ անձ ցույց տվող գոյականները ուղիղ խնդիր-հայցականում նման են ուղղական ձևին։

Օրինակ՝ Դավիթը սիրում է ծնողներին/հայրենիքը։ | Դաւիթը կը սիրէ ծնողքը/հայրենիքը։

Արևելահայերենում անձ ցույց տվող գոյականները և ոչ անձ ցույց տվողների մի մասը չունեն ներգոյական հոլով, արևմտահայերենում ներգոյական հոլով չկա։

Հատուկ և հասարակ գոյականներ

խմբագրել

Արևելահայերենում ենթակայի պաշտոնում հատուկ գոյականները սովորաբար գործածվում են որոշյալ առումով, արևմտահայերենում կարող են գործածվել և' որոշյալ, և՛ անորոշ առումներով, հատուկ անունը, եթե պատմական անուն է կամ անձնանուն, հոդ չի ստանում։

Օրինակ՝ Մեսրոպ Մաշտոցը տեսավ Սահակ Պարթևին։ | Մեսրոպ Մաշտոց տեսաւ Սահակ Պարթեւը։

Հատուկ անունների ուղղագրություն

խմբագրել

Հարադրավոր հատուկ անունների գրությունը տարբերվում է։ Արևմտահայերենում սովորաբար հարադրավոր բառերի բոլոր բաղադրիչները մեծատառ են, այդ թվում՝

  • Բարեգործական, կրոնական և այլ կենտրոնների անունները։ Օրինակ՝ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնադրամ, Բերիոյ Թեմի Առաջնորդարան
  • Կազմակերպությունների, կուսակցությունների, պաշտոնական մարմինների, խորհուրդների անունները։ Օրինակ՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւն
  • Անձերի տիտղոսներ։ Օրինակ՝ Նորայր Վրդ․ Նահապետեան

Եթե երկրորդ բաղադրիչը հասարակ անուն է՝ գրվում է փոքրատառով։ Օրինակ՝ Արարատեան դաշտ

Մեծատառերով են գրվում ազգերի, շաբաթվա օրերի, ամսանունների։ Արևմտահայերենում մեծատառերի գործածության ավելի մեծ ազատություն է տրված։ Մեծատառների գործածությունը արևմտահայերենում կանոնակարգված չէ։

Գործում է նույն սկզբունքը, միավանկ գոյականները ստանում են՝ -եր, բազմավանկերը՝ -ներ վերջավորությունը։ Կան, սակայն, որոշ տարբերություններ՝

  • Մարդ - մարդիկ|մարդեր (հազվադեպ` մարդիկներ(ը)), կին - կանայք|կիներ
  • Արևելահայերենում մի շարք բառերի հոգնակին կազմվում է գրաբարյան ն հնչյունի վերականգնումով, արևմտահայերենում այդ բառերի հոգնակիի կազմության մեջ տարբերություններ կան։ Փակ վանկում ու ունեցող և ն-ով կազմվող բառերի հոգնակին կազմվում է առանց ն-ի։ Օրինակ՝ մուկ-մկներ|մուկ-մուկեր, ծունկ-ծնկներ|ծունկ-ծունկեր։ Արևմտահայերենում փակ ձայնով, թույլ ձայնավորով միավանկ գոյականների հոգնակին կազմվում է անհնչյունափոխ կերպով՝ գիրք-գիրքեր, խումբ-խումբեր։
  • Արևելահայերենում -ցի, -ացի վերջավորությունների հոգնակին կազմվում է -ք մասնիկով (վանաձորցիք, երևանցիք և այլն): Արևմտահայերենում այս ձևը քիչ է կիրառվում։ Տղայ բառի հոգնակին արևմտահայերենում տղաք-ն է, -ք հոգնակերտ մասնիկը պահպանվել է նաև ծնող և որդի բառերի հոգնակին կազմելիս (ծնող-ծնողք, որդի-որդիք):
  • Արևմտահայերենում կանոնակարգված չէ միավանկ վերնաբաղադրիչով բազմավանկ բառերի հոգնակիի կազմությունը։ Արևմտահայերենում հաճախ են հանդիպում նույն կազմությամբ գոյականների հոգնակիի տարբեր ձևեր։

Առկայացում

խմբագրել

Ստացական հոդեր

խմբագրել

Եթե արևելահայերենում կրկնակի ստացականը գրականում չի օգտագործվում, արևմտահայերենում ընդունված է կրկնակի ստացականի օգտագործումը (իմ գիրքս, քո տետրդ)։ Կանոնական է համարվում նաև ստացական դերանվան հետ՝ կապի հոդով գործածությունը՝ քո մասիդ, իմ մասիս։

Արևմտահայերենում հոգնակի ստացականը կազմվում է նի մասնիկով և համապատասխան հոդով՝ -ս կամ -դ։ Հոգնակի ստացականի կազմության մեջ որևէ սահմանափակում չկա։ Օրինակ՝ ժամեր-նի-ս, ժամեր-նի-դ, ժամեր-նի-ն։ Մեր գրիչը՝ գրիչնիս, մեր գրիչները՝ գրիչներնիս և այլն։

Որոշիչ հոդեր, մի անորոշ հոդը

խմբագրել

Անորոշ առումը երկու գրական հայերեններում էլ չունի քերականական մասնիկ, բացասական կամ զրո ձևը հենց հակադրվում է որոշյալ առմանը։ մարդ-մարդը

Մի-ն արևմտահայերենում հոդ է և օգտագործվում է հնչյունափոխված ձևով մի>մը։ Եմ օժանդակ բայից և ալ-ից առաջ կարող է գործածվել նաև մըն։ Ձայնավորից առաջ ը-ն սղվում է, և դրվում է ապաթարց մ': Մը-ն ունի դիրքային տարբերություն, դրվում է լրացյալից հետո (մարդ մը, գիրք մը):

Մը-ն արևմտահայերենում ունի ավելի լայն կիրառություն։

  • Կարող է գործածվել գոյականի հոգնակի թվի հետ՝ մարդեր մը, գրքեր մը։
  • Դրվում է ինչպես գոյականների, այնպես էլ այլ խոսքի մասերի հետ՝ գեղեցիկ մը, կամաց մը։
  • Կարող է հանդես գալ որպես երանգավորիչ։
  • Կարող է ունենալ որոշչային կիրառություն՝ ինչ-որ դերանվան նշանակությամբ։

Ցուցական և դիմորոշ հոդեր

խմբագրել

Երկու լեզուներում էլ -ս հոդը շատ սահմանափակ գործածություն ունի։ -ս-ն արտահայտում է շատ թույլ ցուցականություն։

Ցուցական և դիմորոշ հոդերի կիրառության մեջ արևելահայերենը և արևմտահայերենը որևէ տարբերություն չունեն։

Հոլովների կազմության ընդհանուր պատկերը հետևյալն է՝

Արևելահայերեն Արևմտահայերեն
  • ուղղական - 0
  • սեռական - տրական - ի, ու, ան, ոջ, վա, ց և ա, ո
  • բացառական - ից, ուց
  • գործիական - ով, բ
  • ներգոյական - ում
  • ուղղական - 0
  • սեռական - տրական - ի, ու, ան, ոջ, ուայ (վա), ոյ, ց և ա, օ
  • բացառական - է, մէ
  • գործիական - ով, բ, մով
  • ներգոյական - բացակայում է

Ուղղական հոլով

խմբագրել

Ձևային առումով երկու լեզուներում էլ նույնն են։

  • Եթե արևելահայերենում ուղղական հոլովով է արտահայտվում միայն իրի կամ իրի առում ունեցող գոյականների ուղիղ խնդիրը, ապա արևմտահայերենում և անձի, և իրի գոյականների ուղիղ խնդիրն էլ արտահայտվում է։
  • Արևմտահայերոնում ուղղականով է արտահայտվում ոչ միայն տեղը դեպի ուր որ շարժվում է, այլ տեղի ներսը։ (Երեւան կը գնամ, Երեւան եմ)

Սեռական-տրական հոլով

խմբագրել

Սեռական-տրականի կազմության մասնիկային ձևերը տարբեր են, արևելահայերեն՝ ի, ու, ան, ոջ, վա, ց, ա, ո, արևմտահայերեն՝ ի, ու, ան, ոջ, ուայ (վա), ոյ, ց և ա, օ։

Արևելահայերեն Արևմտահայերեն
  • գիրք-գրքի
  • սինի-սինու
  • հայ-հայի
  • ձմեռ-ձմռան
  • տիկին-տիկնոջ
  • օր-օրվա
  • Վարդանանք-Վարդանանց
  • մայր-մոր
  • տուն-տան
  • գիրք-գրքի
  • սինի-սինիի
  • հայ-հայու
  • ձմեռ-ձմրան
  • տիկին-տիկնոջ
  • օր-օրուայ
  • Վարդանանք-Վարդանանց
  • մայր-մօր
  • տուն-տան

Արևելահայերենի համակարգային հոլովակազմության մեջհոգնակի թվի սեռական-տրականը կազմվում է ուղղական+ի ձևով, արևմտահայերենում կազմվում է ուղղական+ու ձևով։ Օրինակ՝ քաղաքներ-քաղաքների, քաղաքներ-քաղաքներու

Ներգոյական հոլով

խմբագրել

Արևմտահայերենում ներգոյական հոլովը բացակայում է։ Այստեղ այն արտահայտվում է երեք ձևով՝

  • Սեռական-տրական ձևով և մեջ կապով, օրինակ՝ գրքի մէջ-գրքին մէջը։
  • Ուղղական-հայցական ձևով, օրինակ՝ Վրաստան հանդիպեցինք։
  • Առանձին ժամանակ ցույց տվող կառույցներում ուղղականի սեռականի-տրականի ձևով։ Օրինակ՝ ընթացքին, յառաջիկային, անցեալին և այլն։