Վիտամին B12ը (ցիանոկոբալամին), C63H88CoN14O14P քիմիական բանաձևով, կոբալտ–կորինային կոմպլեքս, որում Со-ի ատոմը միացած է ցիան խմբի, նուկլեոտիդային մնացորդի և 4 վերականգնված պիրոլային օղակների հետ։

Ֆիզիկաքիմիական հատկություններ խմբագրել

Մոլային զանգվածը՝ 1355,4։ Մուգ կարմիր բյուրեղներ են, լուծվում են ջրում և բևեռային օրգանական լուծիչներում։ Մտնում է մի շարք ֆերմենտների բաղադրության մեջ։ Ակտիվացնում է սպիտակուցային փոխանակությունը։ Ցիանոկոբալամինի մոլեկուլում CN խումբը կարող է փոխարինվել OH, ONO, SՕ3 խմբերով, Cl, Br և այլ ատոմներով։ Ստացված ածանցյալները՝ կոբալամինները, իրենց բուժիչ ակտիվությամբ չեն տարբերվում ցիանոկոբալամինից։ Բնական աղբյուրներում հանդիպում են ցիանակոբալամինին մոտ միացություններ՝ կեղծ B12 վիտամիններ, որոնք միկրօրգանիզմների համար ակտիվ են, մարդու և կենդանիների համար ոչ ակտիվ։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Վիտամին B12-ն անջատվել է 1948 թվականին լյարդից բյուրեղային վիճակում։ Դորոտի Հոջքինը 1955 թվականին ռենտգենա-կառուցվածքային անալիզով հայտնաբերեց վիտամին B12-ի կառուցվածքը։ Այս աշխատանքի համար 1964 թվականին նրան պարգևատրեցին Նոբելյան մրցանակով։ Վիտամին B12-ը միակ վիտամինն է, որն իր կառուցվածքում պարունակում է կոբալտ մետաղը։ Վիտամինի կառուցվածքը պարունակում է կորինի օղակ, դիմեթիլբենզիմիդազոլ, ռիբոզ և ֆոսֆորական թթու։

Աղբյուրներ խմբագրել

Ո՛չ կենդանական և ո՛չ էլ բուսական օրգանիզմներն ընդունակ չեն սինթեզելու վիտամին B12: Սա միակ վիտամինն է, որ բացառապես սինթեզվում է միայն միկրոօրգանիզմներով՝ բակտերիաներով, ակտինոմիցետներով և կապտականաչավուն ջրիմուռներով։ Կենդանական օրգանիզմներում վիտամին B12-ով հարուստ են լյարդը և երիկամները, միսը, ձուկը։

Օրվա պահանջ խմբագրել

Վիտամին B12-ի օրվա պահանջը չնչին քանակություն է, այն ընդամենը 1-2 մկգ է։ Վիտամին B12-ի նշանակալից քանակություն են պարունակում լյարդը, երիկամները, ձկնեղենը հատկապես լյարդում և խավիարում։ Ավելի քիչ քանակություն պարունակում են միսը, կաթը, կաթնաշոռը, պանիրը, ձվի դեղնուցը։

Վիտամինակոֆերմենտային ձևեր խմբագրել

Վիտամին B12-ը երկու կոֆերմենտների ձևով է հանդես գալիս՝

  1. ցիտոպլազմայում մեթիլկոբալամինի,
  2. միտոքոնդրիումներում՝ 5՛- դեզօքսիադենոզիլկոբալամինի։

Վիտամինի ակտիվություն խմբագրել

Վիտամին B12-ը մուգ կարմիր գույնով բյուրեղներ են, լուծվում են ջրում և սպիրտում։ Վիտամին B12 - ը՝

  1. ջերմության նկատմամբ կայուն է,
  2. լուսազգայուն է,
  3. էնտերիտների ժամանակ կորցնում է ակտիվությունը,
  4. ստամոքսի և աղիքների ռեզեկցիաները (խանգարում են նորմալ ներծծումը),
  5. նեոմիցինը, պարաամինասալիցիլաթթուն, կոլխիցինը ազդում են ակտիվության վրա,
  6. ազոտի երկօքսիդի գերքանակություններն ազդում են ակտիվության վրա։

Վիտամինի կենսաբանական դեր խմբագրել

Մասնակցում է՝

  1. տրանսմեթիլացման ռեակցիաներին (մեթիլկոբալամին)՝
    1. հոմոցիստեինից մեթիոնինի առաջացմանը,
    2. խոլինի սինթեզին,
    3. ֆոսֆոլիպիդների փոխանակությանը,
    4. լիպոպրոտեինների փոխանակությանը,
    5. ֆոլաթթվի ածացանյալների փոխարկման ռեակցիաներին, որոնք՝որպես ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի նախորդներ, անհրաժեշտ են նուկլեոտիդների սինթեզի համար (մեթիլխմբերիմիջանկյալ փոխադրիչ՝ տրանսմեթիլազաների ակտիվատոր)։
  2. իզոմերացման ռեակցիաներին (5’-դեզօքսիադենոզիլկոբալամին)՝
    1. կենտ թվով ճարպաթթուների փոխանակությանը. Կենդանական հյուսվածքներում վիտամինի անբավարարությունը կապված է կոբալամինի ներծծման խանգարման հետ, որը պայմանավորված է Կասլի ներքին գործոնի սինթեզի խանգարմամբ։ Կասլի ներքին գործոնը սինթեզվում է ստամոքսի շրջադիր բջիջներում։ Այն գլիկոպրոտեին (մուկոպրոտեիդ) է 93.000Դ զանգվածով։ Միանում է վիտամին B12-ին Ca2+-ի մասնակցությամբ։ Կասլի արտաքին գործոնը վիտամինի ալիմենտար ընդունման ձևն է (կենդանական սննդի մեջ սպիտակուցների հետ միացած)։ Ստամոքսում պրոտեազաները քայքայում են վիտամինին միացած սպիտակուցները։ Վիտամին B 12-ը, միանալով Կասլի ներքին գործոնին (մուկոպրոտեիդին), ներծծվում է արյան մեջ։ Արյան մեջ վիտամինը շրջանառում է սպիտակուց ներին միացած վիճակում՝ հիմնականում գլոբուլիններիհետ։ Վիտամին B 12-ը կարող է պահեստավորվել լյարդում (1մկգ-ը 1գ լյարդի հաշվին)։

Վիտամինային անբավարարության կլինիկական արտահայտություն խմբագրել

Վիտամին B12 - ի հիպովիտամինոզի պատճառ կարող են լինել ստամոքսահյութի ցածր թթվայնությունը, որը կարող է առաջանալ լորձաթաղանթի վնասման արդյունքում։

  1. ԱՍՏ-ի էպիթելի ռեէպիթելիզացիայի խանգարումը՝
    1. բերանախոռոչի, կերակրափողի, ստամոքսի և մասնավորապես աղիքների լորձաթաղանթի խոցանեկրոտիկ փոփոխությունները։
  2. Ստամոքսի տոտալ հեռացման վիրահատությունը։
  3. Վիտամին B12-ի անբավարարության հիմնական նշաններից են պերնիցիոզ (չարորակ) անեմիան։
  4. Թրոմբոցիտոպենիան, լեյկոպենիան։
  5. Նևրոլոգիական խանգարումները, նյարդային բջիջների ճարպային դիստրոֆիան, դեմիելինիզացիան, հաղորդակցման խանգարումները։
  6. Խախտվում է արյունաստեղծման պրոցեսը, որն առաջին հերթին կապված է նուկլեինաթթուների փոխանակության, մասնավորապես, արյունաստեղծման համակարգում արագ կիսվող բջիջներում՝ ԴՆԹ-ի սինթեզի խանգարման հետ։
  7. Արյունաստեղծման ֆունկցիայի խանգարման հետևանքով վիտամին B12-ի ավիտամինոզին բնորոշ ախտանիշներից է նաև ԿՆՀ-ի ընկճումը, որը բացատրվում է մեթիօլմալոնատի տոքսիկ հատկությամբ։ Այն կուտակվում է օրգանիզմում կենտ թվով ճարպաթթուների փոխանակության, ինչպես նաև որոշ ածխածնային ճյուղավորված շղթա ունեցող ամինաթթուների քայքայման խանգարման հետևանքով (մեթիլմալոնիլային ացիդոզ)։ Ախտորոշիչ նշանակություն ունի մեզում մեթիլմալոնաթթվի և պրոպիոնաթթվի որոշումը։ Վիտամին B12-ը՝ որպես դեղամիջոց, կիրառվում է սուր սակավարյունությունը բուժելու, պոլինևրիտների, երիկամների հիվանդությունների ժամանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 155