Վիեննական երկրորդ դպրոց

Վիեննական երկրորդ դպրոցը (Նոր վիեննական դպրոց), քսաներորդ դարի երաժշտական շարժում։ Երկրորդ բառը կիրառվում է Վիեննական դասական (առաջին) դպրոցից տարբերելու համար։ Առաջին դպրոցի կոմպոզիտորներն էին Յոզեֆ Հայդնը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը և Լյուդվիգ վան Բեթհովենը։ Երկրորդ դասական դպրոցի հիմնադիրն է ավստրացի կոմպոզիտոր Առնոլդ Շյոնբերգը։ Նա միաժամանակ համակրում էր երկու հակառակորդ կոմպոզիտորների՝ Յոհաննես Բրամսի և Ռիխարդ Վագների ստեղծագործությունները։ Տարված լինելով նաև հունգարացի Ֆերենց Լիստի ստեղծագործություններով, նա ժամանակի ընթացքում ավելի ու ավելի կատարելագործելով իր երաժշտական լեզուն հանգում է նոր մի գրելաձևի՝ անտոնայնությանը։ Լիստը իր հերթին արդեն օգտագործել էր այս նոր ուղղությունը իր "Բագատել առանց տոնայնության" ստեղծագործության մեջ։ Անտունայնություն տերմինը արդեն ասում է ուղղության հիմնական մտքի մասին՝ երաժշտություն, որը չունի տոնայնություն։ Կոմպոզիտորը կարող է կատարել մոդուլյացիաներ դեպի բոլոր տոնայնություններ, կատարել երաժշտական քայլեր, ազատորեն փոխել տոնայնությունը առանց որևէ խոչընդոտի։ Նոր վիեննական դպրոցի կոմպոզիտորները երեքն են՝ Առնոլդ Շյոնբերգը, Ալբան Բերգը և Անտոն Վեբերնը։ Շյոնբերգը այս վերջին երկուսի ուսուցիչն է եղել։ Սկզբնական շրջանում նա գրել է իր ստեղծագործությունները անտոնայնության մեջ։ Ավելի զարգացնելով այս նոր ուղղությունը, որը շատերի քննադատությանն էր արժանանում, նա հանգում է մի նոր ոճի՝ դոդեկաֆոնիզմին։ Դոդեկաֆոնիզմը երաժշտական ուղղություն է, որտեղ կոմպոզիտորները օգտագործում են լադի բոլոր 12 նոտաները անտեսելով որևէ տոնայնություն։ Ամենավերջում Շյոնբերգը հանգում է սերիական դոդեկաֆոնիզմին։ Տվյալ նոր ողղության մեջ կոմպոզիտորները պետք է հիմնվեն լադի 12 նոտաների վրա։ Նոտաները չպետք է կրկնվեն մեկից ավել անգամ։ Նոտաների դասավորությունը որոշելուց հետո կոմպոզիտորը տարբեր զարգացումներ տալով հանգում է նոր ստեղծագործության, որը չունի տոնայնություն, և միայն շատ մանրամասն ուսումնասիրությունից հետո կարելի է հասկանալ ստեղծագործության իմաստը և կառուցվածքը։

Կոմպոզիտորների խումբ` բաղկացած Առնոլդ Շյոնբերգից, նրա աշակերտներից և գործընկերներից 20-րդ դարի սկզբին Վիեննայում