Վասիլի Երանելու տաճարը (ռուսերեն՝ Собор Василия Блаженного), որը նաև հայտնի է Պոկրովսկի տաճար (Покровский собор) անունով։ Ուղղափառ տաճար է Մոսկվայի կենտրոնում, Կարմիր հրապարակի վրա։ Տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է համաշխարհային ժառանգության հուշարձան[1]։

Տաճար
Վասիլի Երանելու տաճար
Собор Василия Блаженного
ԵրկիրՌուսաստան
ՔաղաքՄոսկվա, Կարմիր հրապարակ
ԹեմՄոսկովյան 
Նախագծի հեղինակՊոստնիկ Յակովլև
Շինարարության սկիզբ1550
Շինարարության վերջ1560
Կարգավիճակ
Ռուսաստանի զինանշանը Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
ՎիճակԳերազանց
🌐saintbasil.ru(ռուս.) և shm.ru/museum/hvb/(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ
Վասիլի Երանելու տաճարը Վիքիպահեստում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 545
ռուս..անգլ..ֆր.

Պատմություն խմբագրել

Կառուցվել է 1555 - 1561 թվականներին, Իվան IV Ահեղի կողմից՝ ի հիշատակ Կազանի և Աստրախանի խանությունների դեմ իր կրած հաղթանակների։ Գոյություն ունի մի քանի վարկած տաճարի շինարարության հեղինակության վերաբերյալ. մեկ վարկածի համաձայն, տաճարը կառուցողը պսկովցի ճարտարապետ Բարման է, ըստ մեկ այլի՝ այն կառուցել են Իտալիայից հրավիրված ճարտարապետները։ Գոյություն ունի նաև երրորդ պատմությունը, ըստ որի տաճարի ճարտարապետը եղել է Արևմտյան Եվրոպայից ժամանած մի անհայտ վարպետ (ենթադրաբար` իտալացի)։ Սրանով էլ բացատրվում է տաճարի յուրօրինակ ոճը, որը ներառում է թե՛ ռուսական ավանդական, թե՛ Վերածննդի դարաշրջանի եվրոպական ճարտարապետության տարրեր։ Այնուամենայնիվ, այս տեսակետը ևս փաստացի ապացույց չունի[2][3]։ Ըստ մեկ այլ հայտնի լեգենդի՝ տաճարի կառուցումից հետո ճարտարապետներ Բարմային ու Պոստնիկին Իվան Ահեղի հրամանով կուրացրել են, որպեսզի նրանք էլ երբեք նմանատիպ շինություն չնախագծեն։ Սակայն այս լեգենդը բացառում է Պոստնիկի՝ տաճարի ճարտարապետ լինելը, քանի որ նա տարիներ հետո այլ կառույցներ է նախագծել[4]։ Այսպես թե այնպես, Վասիլի Երանելու տաճարը ռուսական ճարտարեպետական կոթողների գլուխգործոցներից մեկն է։

Սկզբնականապես տաճարը նվիրված էր Տիրամորը. ապա այն կոչվեց հանուն Երրորդության («Троицкий собор»), մինչև Վասիլի Երանելու անվան վերջնական հաստատումը։ Սույն Վասիլին մի ոմն խելագար էր, ըստ Ռուսական Ուղղափառ Եկեղեցու դոգմաների՝ «Քրիստոսի խենթ» (այդ եկեղեցու գաղափարախոսության համաձայն, խելագարներն արժանանում էին հատուկ պաշտամունքի և շատ դեպքերում՝ սրբացման)։

Բոլշևիկյան հեղափոխությունից հետո տաճարը հրաշքով փրկվեց բոլշևիկների ավերածություններից և փակվելուց հետո (1929) վերածվեց թանգարանի։ Այժմ այն Պետական պատմական թանգարանի մասնաճյուղ է։

Տաճարը խորհրդանշում է Երկնային Երուսաղեմը, սակայն նման վառ գույների ընտրության պատճառը մինչ օրս էլ հանելուկ է մնում։

1588 թվականին կառուցվում է Վասիլի Երանելու եկեղեցին։ Ճարտարապետական տեսանկյունից այն առանձին շինություն է՝ իր առանձին մուտքով։

XVII դարի երկրորդ կեսին տաճարի արտաքին տեսքը զգալի փոփոխություններ է կրում. որոնցից ամենաէականը շեմքի կառուցումն էր։ Պյոտր Խավսկու՝ 1722 թվականի գրքում առկա տեղեկությունների՝ այդ տարիներին տաճարի համալիրը ներառում էր 18 եկեղեցի[5]։

1817 թվականի վերանորոգման ժամանակ ճարտարապետ Օսիպ Բովեն տաճարի հիմքային պատը ամրացնում է քարով՝ ավելի դիմացկուն ու ապահով դարձնելով այն։ Տաճարին ամենամեծ վնասը հասցնում էին հաճախակի բնույթ կրող հրդեհները, որոնց հետևանքով դեռ 16-րդ դարից սկսած համալիրը պարբերաբար ռեստավրացվում է[6]։ Այս է պատճառը, որ համալիրի պատմության ընթացքում Վասիլի Երանելին բազմիցս փոխել է իր ընդհանուր կերպարը՝ կարծես հարմարվելով դարաշրջանի ճաշակին։ Տաճարի վերաբերյալ փաստաթղթերում 1737 թվականին առաջին անգամ հիշատակվում է ճարտարապետ Իվան Միչուրինի անունը, որի գլխավորությամբ իրականացվել են տաճարի արտաքին ու ներքին վերականգնման աշխատանքները նույն թվականի «հոգեգալուստի հրդեհից» հետո (Հոգեգալուստի տոնի ժամանակ բռնկված հրդեհը)։

Վերականգնողական մյուս աշխատանքներն արդեն իրականացվել են Եկատերինա II-ի օրոք՝ 1784-1786 թվականներին, ճարտարապետ Իվան Յակովլևի գլխավորությամբ[7]։ Տաճարը վերանորոգվել է նաև 1900-1920-ական թվականներին[8]։

1923 թվականին որոշվում է տաճարի ներսում պատմահնագիտական թանգարան հիմնել։ Նույն թվականի մայիսի 21-ից թանգարանը իր դռները բացում է այցելուների առջև՝ մինչ օրս երբեք չփակվելով։

Վասիլի Երանելու տաճարի բարձրությունը 65 մետր է։ Ընդհանուր առմամբ համալիրը բաղկացած է 9 եկեղեցուց (այդ թվում՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին) և 11 գմբեթից։ Տաճարի առաջին հարկի մեծ մասը զբաղեցնում է Վասիլի Երանելու եկեղեցին, իսկ երկրորդ հարկը՝ նախասրահը, պատկերասրահներն ու մնացած եկեղեցիները։ Տաճարի ներկայիս զանգակատունը կառուցվել է 1680-ական թվականներին՝ հին զանգակատան տեղում։

Ներկայումս տաճարը Ռուսաստանի Պետական պատմական թանգարանի մաս է։ 1931 թվականից[9] տաճարի դիմաց կանգնեցվում են ռուս ազգային հերոս Կուզմա Մինինի և իշխան Դմիտրի Պոժարսկուն նվիրված հուշարձանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kremlin and Red Square, Moscow (WHS card)». UNESCO. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 26-ին.
  2. Журнал Советская архитектура
  3. Памятники архитектуры, 1983, էջ 399
  4. Первое достоверное упоминание о возведении храма Покрова Богоматери относится к осени 1554 года. Считается, что поначалу это был деревянный собор. Он простоял немногим более полугода и был разобран перед началом строительства каменного собора в 1555 г., сохранившегося до наших дней. Проект «Искатели», фильм «Развенчание легенды» Արխիվացված 2015-10-04 Wayback Machine
  5. «Семисотлетие Москвы, или Указатель источников к её топографии и истории за семь веков»
  6. Памятники архитектуры, 1983, էջ 402
  7. Белянкин, 1867 с. 18
  8. Зодчие Москвы времени эклектики, модерна и неоклассицизма (1830-е — 1917 годы): илл. биогр. словарь / Гос. науч.-исслед. музей архитектуры им. А. В. Щусева и др. — М.: КРАБиК, 1998. — С. 102. — 320 с. — ISBN 5-900395-17-0
  9. «Памятник Минину и Пожарскому». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2005 թ․ մայիսի 6-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Encyclopaedia Britannica, Micropaedia, 15-th edition (1984), Vol. VIII, Page 775

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Երանելու տաճար» հոդվածին։