«Վայնկա» (ռուս.՝ «Ванька»), ռուս գրող Անտոն Չեխովի պատմվածքը, որը գրվել և հրատարկվել է 1886 թվականին, դեկտեմբերի 25-ի «Պետերբուրգյան թերթի» («Петербургская газета») № 354-ի «Սուրբծննդյան պատմվածքներ» բաժնում՝ Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Վայնկա
ռուս.՝ Ванька
Հրատարակությունը «Պատմվածքներ» ժողովածուի կազմում, 1890 թվական
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1886
Հրատարակվել է1886
ԹարգմանիչՀամբարձում Մազմանյան

Ստեղծագործությունը Անտոն Չեխովի ժամանակակից քննադատների կողմից միանշական չի ընդունվել, միևնույն ժամանակ Լև Տոլստոյը ներառել է Չեխովի «առավել երևելի» պատմվածքների գրացուցակում։ Հեղինակի կենդանության օրոք «Վայնկան» ներառվել է նրա պատմվածքների ժողովածուներում և տարրական դպրոցի համար «Ընթերցանության գիրք» դասագրքում, ինչպես նաև թարգմանվել է գերմաներեն, ֆրանսերեն, դանիերեն և այլ եվրոպական լեզուներով։ Թեմատիկ առումով «Վայնկան» աղերսներ ունի Անդերսենի, Դոստոևսկու, Դիքենսի սուրբծննդյան ստեղծագործությունների հետ։ 1959 թվականին պատմվածքը էկրանավորվել է Մ. Գորկու անվան կինստուդիայում։

Դիպաշար խմբագրել

 
Իվան Բոգդանով. «Նորեկը», 1893

Իննամյա Վայնկա Ժուկովը, որը երեք ամիս առաջ էր եկել Մոսկվա և դարձել կոշկակար Ալյախինի աշակերտը, սուրբծննդյան գիշերը նամակ է գրում իր պապին։ Շնորհավորելով Կոնստանտին Մակարովիչին տոնի առթիվ՝ տղան սկսում է պատմել օտար տանը իր կյանքի մասին։ Նախօրեին տերը ծեծել էր Վայկային այն բանի համար, որ երեխային օրորելիս ինքը ևս քնել էր, տիրուհին պատժել էր տղային՝ տառեխը սխալ մաքրելու պատճառով, ենթավարպետները չարախնդում են գյուղից եկած աշակերտի վրա և նրան ստիպում իրենց համար օղի բերել գինետնից[1][2]։

Զուգահեռաբար տղան հիշում է գյուղական կյանքը, մշտածիծաղ ու կատակախոս պապին, Կաշտանկա և Սևուկ շներին։ Նրա հիշողության մեջ արթնանում է նախաամանորյա այն տեսարանը, երբ Կոնստանտին Մակարովիչը անտառից եղևնի է բերում տիրոջ Ժիվարևի համար։ Օրիորդ Օլգա Իգնատևան օգնում էր Վայնկային կարդալ և գրել սովորել։ Նրա շնորհիվ սովորել էր հաշվել մինչև հարյուրը և կադրիլ պարել։ Խնդրելով պապին գալ Մոսկվա և տանել իրեն Ալյախինների տնից՝ տղան ծրարի վրա գրում է հասցեն. «Մեր գյուղը պապիս, Կոնստանտին Մակարովիչին»։ Գիշերը նա երազում տեսնում է, թե ինչպես Կոնստանտին Մակարովիչը, վառարանի մոտ նստած, նամակը կարդում է խոհարարուհիներին[1][2]։

Հրատարակություններ և քննադատություն խմբագրել

 
Չեխովի պատմվածքների «Մանուկներ» ժողովածուն

«Վայնկան» տպագրվել է «Պետերբուրգյան թերթի» նախաամանորյա թողարկման մեջ (1886, № 354, դեկտեմբերի 25)։ Ստացել է իրարամերժ գնահատականներ։ Քննադատների մի մասը տեսել է «մարդկանց» տված տղայի մասին պարզունակ պատմվածք, որը խորը վերլուծություն չի պահանջում։ Օրինակ՝ գրող Կոնստանտին Արսենևը «Եվրոպայի լրաբեր» ամսագրում (1888, № 7) հրատարակված քննադատության մեջ Անտոն Պավլովիչի ստեղծագործությունը գնահատել է որպես «բավական լավ»։ Քննադատ Կոնստանտին Մեդվեդսկին, որը գրել է Կ. Գովորով կեղծանվամբ, «Օր» թերթում (1889, № 471) պատմվածքն անվանել է «էսքիզիկ» և «չնչինություն»՝ նշելով, որ գրողին «չի հաջողվել ոչ Վայնկայի հիշողությունների գյուղը, ոչ պապի կերպարը»[3]։

Մեդվեդսկու կտրուկ արձագանքին զուգահեռ եղել են նաև դրական արձագանքներ Չեխովի ժամանակակիցների կողմից։ Օրինակ՝ տեսաբան Ֆեոդոր Պոկտովսկին գրել է պատմվածքում արծարծված արդիական խնդիրների մասին։ Հրատարակիչ Ալեքսանդր Բոգդանովը (Վ. Ալբով) գրական, գիտահանրամատչելի «Աստծո երկիր» ամսագրում (1903, № 1) տեղ գտած հոդվածում ուշադրություն է դարձրել այն բանին, թե ինչքան նման չէ իրեն այս պատմվածքում Ա. Չեխովը. «Նախկին զվարճաբան պատմողը ինչ-որ բանից տխրել է և խորը մտքերի մեջ ընկել»[4]։

Տոլստոյի որդին՝ Իլյա Լվովիչը, 1903 թվականի մայիսին Չեխովին հայտել է, որ իր հայրը ներառել է «Վայնկան» Անտոն Պավլովիչի «ամենահաջողված» պատմվածքների իր ցանկում (Լև Տոլստոյի վարկածով՝ «առաջին կարգի» ստեղծագործությունների թվում էին «Չարամիտը», «Հոգյակ» և այլ պատմվածքներ)[5]։ Գրող Սերգեյ Սեմյոնովը, պատմելով Անտոն Չեխովի արձակի հանդեպ Տոլստոյի վերաբերմունքի մասին, հիշատակել է, որ «նրան հիացնում էին Չեխովի մանկական կերպարները, ինչպես «Վայնկան», որը պապին նամակ էր գրում»[4]։ «Ղրիմի թղթատար» հրատարակությունը 1900 թվականի ապրիլին հաղորդել է այն մասին, որ Յալթայի թատրոնում կայացել է գրական միջոցառում, որտեղ Մաքսիմ Գորկու քաղաքացիական կինը՝ դերասանուհի Մարիա Անդրեևան, կարդացել է «Վայնկա» պատմվածքը[4]։ Չեխովի կենդանության օրոք պատմվածքը տպագրվել է գրողի արձակ «Պատմվածքներ» (1888), «Մանուկներ» (1889) ժողովածուների կազմում, ինչպես նաև ներառվել է տարրական դպրոցի համար «Ընթերցանության գիրք» դասագրքում, որը տպագրվել է 1900 թվականին Պետերբուրգում։

Գիրքը թարգմանվել է բազմաթիվ եվրոպական լեզուներով[6]։ Հայերեն թարգմանության հեղինակը Համբարձում Մազմանյանն է[7]։

Թևավոր արտահայտություն խմբագրել

«Մեր գյուղը պապիս» արտահայտությունը դարձել է թևավոր, որը նշանակում է ուղարկել ինչ-որ բան «ակնհայտորեն ոչ լիարժեք, ոչ հստակ հասցեով»[8], կամ էլ «անհայտ մի տեղ»[9], ինչն ունի հեգնական երանգ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Есаулов И. А. О некоторых особенностях рассказа А. П. Чехова «Ванька» // Проблемы исторической поэтики. — 1998. — № 5.
  2. 2,0 2,1 Стахорский, 1997, էջ 65—66
  3. Родионова, 1985, էջ 676
  4. 4,0 4,1 4,2 Родионова, 1985, էջ 677
  5. Долотова Л. М. Примечания // А. П. Чехов. Полное собрание сочинений и писем в тридцати томах. Сочинения в восемнадцати томах / Редактор Г. П. Бердников. — М.: Наука, 1983. — Т. 3. — С. 537. — 623 с.
  6. Полоцкая, 1961, էջ 568
  7. Չեխով, Անտոն Պավլովիչ; Եսայան, Դորա Գարեգինի; Մկրտչյան, Լևոն (1987). Թոռունյան, Է Բ (ed.). Ընտիր երկեր =: Избранные произведения: Рассказы, повести, пьесы: Պատմվածքներ, վիպակներ, պիեսներ. Ռուս դասականների գրադարան. Երևան: Սովետական գրող.
  8. Ожегов С. И., Шведова Н. Ю. Толковый словарь русского языка. — М.: ООО «А ТЕМП», 2006. — С. 161. — 944 с. — ISBN 978-5-9900358-6-7
  9. Школьный фразеологический словарь / сост. М. И. Степанова. — Ростов н/Д: «Феникс», 2010. — С. 179. — 348 с. — ISBN 978-5-222-15878-4