Վահան Քարտաշյան

հայ քաղաքագետ, փաստաբան

Վահան Քարտաշյան (դեկտեմբերի 1, 1883(1883-12-01), Կեսարիա, Թուրքիա - 1934[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկահայ ակտիվ քաղաքական գործիչ, իրավաբան[2]։ Գրեթե 2 տասնամյակ պայքարել է հայերի իրավունքների համար։ Գործընկերները նրան անվանել են «միայնակ խաչակիր» (lone crusader

Վահան Նազարի Քարտաշյան
Դիմանկար
Ծնվել է1883 դեկտեմբերի 1
ԾննդավայրԿեսարիա, Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Մահացել էհունիսի 11, 1934(1934-06-11) (տարիքը 50)
Մահվան վայրՆյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնեություն
ԿրթությունԵյլի համալսարան
Երկեր«20-րդ դարի Օսմանյան կայսրությունը»
«Թրքական հարեմի իրական կյանքը»
ՄասնագիտությունԻրավաբան
Քաղաքական գործիչ
ԱմուսինՔորնելյա Ալեքսանդր-Հոլաբ
ԾնողներՆազար աղա Քարտաշյան
Մարիամ Գալայճյան

Վահան Քարտաշյանին հաջողվել է համախմբել ամերիկյան հանրային կարծիքն ու քաղաքական կամքն ընդդեմ ամերիկա-թուրքական՝ 1923 թվականի օգոստոսի 6-ին Լոզանում կնքված պայմանագրի, ավելին՝ վերահաստատել հայոց պահանջատիրության հիմքը հանդիսացող՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը[3]։

Կենսագրություն խմբագրել

Վահան Քարտաշյանը ծնվել է 1883 թվականի դեկտեմբերի 1-ին Կեսարիայում։ Հայրը հաջի Նազար աղա Քարտաշյանն էր, մայրը՝ Մարիամ Գալայճյանը։ Քարտաշյանն ուներ երկու եղբայր (Կարապետը և Վահանը) և մեկ քույր (Հրանուշը)։

Հայկական դպրոցում նախնական կրթությունը ստանալուց հետո Վահանը 10 տարի ուսանել է սուրբ Բարսեղ Կեսարացու անունը կրող ֆրանսիական ճեմարանում (L’Université de St. Basil), ապա 2 տարի՝ տեղի ամերիկյան վարժարանում (Talas American College

1902 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ 1904-1908 թվականներին Յելի (Yale) համալսարանում իրավագիտություն է ուսանել։ Այդ ընթացքում նա գրել է հարյուրավոր հոդվածներ, հրապարակել է 2 գիրք՝ «20-րդ դարի Օսմանյան կայսրությունը» (The Ottoman Empire of the Twentieth Century) և «Թրքական հարեմի իրական կյանքը» (Actual life in Turkish Harem

1907 թվականի մայիսի 15-ին ամուսնացել է կանանց իրավունքների առաջամարտիկ Քորնելյա Ալեքսանդր-Հոլաբի (Cornelia Alexander Holub) հետ։ 1909 թվականին նա ընդգրկվել է Նյու Յորքի իրավաբանների ընկերակցության մեջ և սկսել մասնավոր իրավաբանական գործունեություն ծավալել։ 1911 թվականին ընդունել է թուրքական դեսպանորդի առաջարկը՝ ստանձնել դեսպանության խորհրդականի և Նյու Յորքի թուրքական հյուպատոսության իրավախորհրդատուի պաշտոնը։

Երբ լսել է 1915 թվականի հայոց ջարդերի և աքսորների մասին, նա թուրքական պետության ներկայացուցչին է վերադարձրել Օսմանյան կայսրության կողմից իր ստացած բոլոր շքանշանները։

Մահացել է 1934 թվականի հունիսի 11-ին՝ 51 տարեկանը չլրացած։ Թաղվել է Լոնգ Այլընդի «Սիդը գրոուվ» գերեզմանատանը (Cedar Grove Cemetery, Long Island)։ Սակայն նրա գերեզմանը չի պահպանվել[3]։

Գործունեություն խմբագրել

1915 թվականին Միհրան Սվազլիի (Սվազլյան) գլխավորությամբ ստեղծվել է Հայոց ազգային միություն (Armenian National Union), որը Նյու Յորքում հիմնել է Մամուլի հայկական գրասենյակ (Armenian Press Bureau), որտեղ Վահան Քարտաշյանը դառնում է գործադիր տնօրեն և թողարկվող հիմնական նյութերի հեղինակ։

1918 թվականի դեկտեմբերին հիմնել է Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեն (American Committee for the Independence of Armenia – ACIA), որն ուներ 72 հոգանոց ընդհանուր խորհուրդ և առաջնորդվում էր 9 հոգանոց գործադիր մարմնի կողմից, որի ղեկավարն էր Գերմանիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջերարդը (James W. Gerard)։ Այստեղ բոլոր անդամները, բացի Քարտաշյանից, ամերիկացիներ էին։ Այդ ժամանակահատվածում Վահան Քարտաշյանի և նրա գործընկերների գործունեության ամենամեծ արդյունքը, 1920 թվականի ապրիլի 23-ին ԱՄՆ-ի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչումն էր։

Նրա օգնությամբ Ամերիկյան տարբեր գործակալությունների միջոցով Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 17 միլիոն 202 հազար դոլարի մարդասիրական օգնություն և ավելի քան 11 միլիոն դոլար արտոնյալ վարկ[3]։

Վահան Քարտաշյանին հաջողվել է կանխել Լոզանում Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև 1923 թվականի օգոստոսի 6-ին կնքած երկկողմ պայմանագրի (չշփոթել Լոզանի խաղաղության պայմանագրի հետ, որը կնքվել է մի կողմից Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Ռումինիայի և Սերբ-խորվաթ-սլովենական թագավորության, իսկ մյուս կողմից Թուրքիայի միջև՝ Լոզանի ամերիկա-թուրքական պայմանագրից մոտ 2 շաբաթ առաջ՝ 1923 թ. հուլիսի 24-ին) ընդունումն ԱՄՆ Սենատում։

Երբ 1924 թվականի մայիսի 3-ին թուրք-ամերիկյան պայմանագիրը մուտք է գործել Սենատ, Քարտաշյանը ձևավորել է «Ընդդեմ Լոզանի պայմանագրի ամերիկյան հանձնախումբը» (American Committee Opposed to the Lausanne Treaty – ACOLT), որի նպատակն էր Սենատում պայմանագրի ընդունումը կանխելով՝ գոնե իրավական դաշտում պահել Հայաստանի Հանրապետության իրավունքները։ Պայմանագրի քննարկումն ու քվեարկումը հետաձգվում է գրեթե երեք տարի։

Այդ ժամանակահատվածում Քարտաշյանը գրեթե միայնակ հարյուրավոր նամակներով, գրություններով, ելույթներով, հրապարակումներով ամերիկյան քաղաքական շրջանակներում պաշտպանել է հայոց իրավունքները։

1926 թվականին հրատարակել է «Լոզանի պայմանագիրը, Թուրքիան և Հայաստանը» (The Lausanne Treaty, Turkey and Armenia) ժողովածուն։ Այդ գիրքն ընդգրկում է բոլոր իրավական հիմնավորումները, քաղաքական պարտավորություններն ու բարոյական հանձնառություններն ընդդեմ Լոզանի թուրք-ամերիկյան պայմանագրի։ 1927 թվականի հունվարի 18-ին Սենատը մերժում է հավանությունը տալ հիշյալ պայմանագրին։ Եվ որպես մերժման հիմնական պատճառ նշվում է Թուրքիայի կողմից Վիլսոնի իրավարար վճռի չկատարումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Cardashian, Vahan (1908). The Ottoman Empire of the Twentieth Century. Yale, Making of Modern Law s. ISBN 1287341675.
  3. 3,0 3,1 3,2 Հայրենատիրության միայնակ խաչակիրը

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Արա Պապյանի հեղինակած Հայրենատիրություն. Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր (հոդվածների ժողովածու)