Սևաստի Կալլիսպերի (հուն․՝ Σεβαστή Καλλισπέρη, 1858, Աթենք, Հունաստան - 1953, Աթենք, Հունաստան), առաջին հույն կինը, ով ստացել է համալսարանական կոչում։ Նա առաջին կինն էր, ով դոկտորի կոչում ստացավ, և առաջին հույն կրթված կինն էր, ով դարձավ ուսուցիչ։ Միշտ կանանց կրթության ջատագովելով՝ նա հոդվածներ է գրել ամսագրերում, ինչպես նաև օրենքներ է առաջարկել Հունաստանի խորհրդարանին՝ առաջարկելով կրթական բարեփոխումներ։ Որպես դպրոցի տեսուչ՝ նա ճամփորդեց ողջ Հունաստանով և երկար ճանապարհորդություն կատարեց Ամերիկայի Միացյալ Նահանգներով՝ տեղի կրթական համակարգեր ուսումնասիրելու նպատակով։

Սևաստի Կալլիսպերի
հուն․՝ Σεβαστή Καλλισπέρη
Ծնվել է1858
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Մահացել է1953
Մահվան վայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունուսուցչուհի և գրող
 Sevasti Kallisperi Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Սևաստի Կալլիսպերին ծնվել է 1858 թվականին Աթենքում՝ Հունաստանի մայրաքաղաքում՝ Նիկոլաս և Մարիգո Կալլիսպերիների ընտանիքում։ Նրա հայրը, ծագումով Կալիմնոսից, եղել է սպա Հունաստանի Անկախության պատերազմի ժամանակ և ժամանակակից հունական պետության ձևավորումից հետո զբաղեցրել է մի քանի նշանավոր պաշտոններ, այդ թվում՝ Սամոսի հանրային դպրոցների տեսուչ (1830 թվական), որտեղ նա հիմնել է մի քանի տարրական դպրոց։ Աթենքի դատավոր (1844 թվական) և Մեսսենիայի պրեֆեկտը (1855 թվական)։ Զույգը երեք երեխա ուներ և նրանք կրթության հավատարիմ կողմնակիցներ էին[1]։ Կալլիսպերի եղբայրը՝ Ջորջը, նույնպես զինվոր կդառնա և հետագայում զինվորական կդառնա 1897 թվականի հունա-թուրքական պատերազմի ընթացքում[2]։

Կալլիսպերին ընդունվել է Հիլլի աղջիկների դպրոց, որը բարձր գնահատված մասնավոր աղջիկների կրթական կենտրոն է։ Այն ժամանակ Հունաստանի կառավարության դիրքորոշումն այն էր, որ աղջիկները կրթություն ստանալու կարիք չունեն, իսկ պետական դպրոցները բաց են միայն արական սեռի ուսանողների համար։ Մի քանի մասնավոր դպրոցներ, որոնք հասանելի էին, ապահովում էին դասընթացներ, որոնք նախատեսված էին աղջիկներին սովորեցնելու, թե ինչպես աշխատել տան պայմաններում, լինել կին և մայր։ Եթե նրանք հաճախում էին մասնավոր միջնակարգ դպրոց, ապա կանանց դասընթացներն ավելի կարճ տևողություն ունեին, քան տղաների համար նախատեսված հանրակրթական դպրոցների ուսուցումը, և այն ավարտելուց հետո տրվում էր դիպլոմ, որը չէր համապատասխանում բուհ ընդունվելու պահանջներին։ Տրված դիպլոմը թույլ էր տալիս կանանց մասնակցել միայն սոցիալական աշխատանքների մեջ և աշխատել որպես ուսուցիչ նմանատիպ դպրոցներում[1]:

Դիպլոմը ստալաով՝ Հիլլն դպրոցը ավարտելուց հետո Կալլիսպերին մասնավոր դասավանդում էր, որպեսզի համոզվեր, որ նրա պատրաստությունը համարժեք է արական սեռի ուսանողների պատրստությանը[1]: 1884 թվականին նա դիմեց Աթենքի համալսարան ընդունվելու համար, և չնայած այդ համալսարանի ակադեմիկոսները կանանց բարձրագույն կրթության կողմնակից չէին, Կալլիսպերին թույլ տվեցին մասնակցել փիլիսոփայության բաժնի ընդունելության քննությանը[3]։ Քննությունն անցկացրել են համալսարանի տասը դասախոսներ[1]։ Քննությունը հանձնելուց հետո Հունաստանի կրթության նախարարությունը հրաժարվեց վավերացնել այն վարող հրահանգիչների ստորագրությունները՝ այդպիսով մերժելով Կալլիսպերիի մուտքը համալսարան[3][4]։ Բողոքարկելով գործընթացը՝ Աթենքի քաղաքապետը վավերացրեց ստորագրությունները և նրան շնորհեց պետական միջնակարգ դպրոցի դիպլոմ, սակայն նրա մուտքը համալսարան դեռևս մերժված էր։ Նա դիմել էր կրթաթոշակ ստանալու համար՝ կրթությունը շարունակելու համար արտասահմանում, սակայն կառավարությունը միջոցներ չուներ այդ խնդրանքը բավարարելու համար[1]: 1885 թվականին նրա հայրը համաձայնեց նրան ուղարկել Փարիզի Սորբոն (Փարիզի համալսարան)[1][4]։

Ժամանելով Փարիզ՝ Կալլիսպերին ստիպված է եղել ևս մեկ քննություն հանձնել, այնուհետև ընդունվել է փիլիսոփայության բաժին։ Նա ավարտել է այդ բաժինը 1891 թվականին՝ ստանալով դոկտորի աստիճան[1], դառնալով առաջին հույն կինը, ով ստացել է համալսարանական աստիճան[5][6]։ Նա գերազանցությամբ ավարտել է իր 139 աշակերտներից բաղկացած դասարանը, որտեղ նա միակ կինն էր[5]։ Իր դիպլոմն ստանալուց հետո Կալլիսպերին պրակտիկա է անցել Սևրի և Քեմբրիջի դպրոցներում, նախքան Հունաստան վերադառնալը[1]։

Կարիերա խմբագրել

1892 թվականին Հունաստան վերադառնալուց հետո Կալլիսպերին աշխատանքի է ընդունվում Արսակիոնի դպրոցում, որպես ֆրաներեն լեզվի ուսուցչուհի։ 1895 թվականից 1898 թվականներին նա նաև հունարեն է դասավանդել դպրոցում։ Միևնույն ժամանակաշրջանում Կալլիսպերին իր տանը աղջիկներին մասնավոր դասավանդում էր էթիկա, պատմություն, հունական և ֆրանսիական, գրականություն և հոգեբանություն։ 1895 թվականին նա հրաժարական տվեց Արսակիոնում և ընդունեց իգական սեռի ներկայացուցիչների դպրոցների կրթության տեսուչի պաշտոնը[1]՝ շրջելով Հունաստանով մեկ։ Նա երկրի միակ կին տեսուչն էր[7]։ Նա սկսեց հրապարակել հոդվածներ կրթության բարելավման մեթոդների վերաբերյալ, որոնք ներառում էին առաջարկներ ինչպես ուսուցիչների վերապատրաստման, այնպես էլ հիմնական կրթությանը զուգահեռ այլ արհեստների համար հնարավորություններ տրամադրելու վերաբերյալ։ 1897 թվականին «The Family Journal»-ը հրապարակեց իր աշխատությունը՝ «Περί μεταρρυθμίσεως του γυναικείου Εκπαιδευτικού συστήματος» (հայերեն՝ Կանանց կրթական համակարգի բարեփոխման համար)[1]: Նույն տարի Կալլիսպերին, միավորվելով այլ ֆեմինիստների հետ, հիմնեց «Կանանց կրթության միություն»-ը և սկսեց հրատարակել իր աշխատությունները այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են «Թալիան» և «Էվրիդիսը»[6]։ Նա ընդլայնեց այս գաղափարները 1899 թվականին՝ խորհրդարանին ներկայացնելով երկու օրինագիծ՝ կոչ անելով բարելավել կանանց կրթությունը, իսկ 1904 թվականին Առաջին Հունաստանի կրթական կոնֆերանսում առաջարկեց կիրառել այնպիսի գործնական հմտություններ, ինչպիսիք են մեղվաբուծությունը, շերամապահությունը, այգեգործությունը և այլն[1]։

1906 թվականին նա Հունաստանի կառավարության կողմից ուղարկվեց որպես պատվիրակ Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Բոստոն, կայանալիք Համաշխարհային կանանց ժուժկալության քրիստոնեական միության երեքամյա համաժողովին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած իր ուղևորության մի մասը նա պետք է անցկացներ Բոստոնի, Ֆիլադելֆիայի և Նյու Յորքի հանրային դպրոցները գնահատելու այն գաղափարների համար, որոնք կարող էին իրականացվել Հունաստանում[8]: Նա մնաց Ամերիկայի Միացյալ Նահանգներում հինգ տարի՝ այցելելով հունական համայնքներ Օհայոյում, Կոլորադոյում և Յուտայում՝ ուսումնասիրելու գյուղատնտեսական և առևտրային դպրոցները, նախքան վերադառնալը Վաշինգտոն ԿՇ՝ մասնակցելու 1908 թվականի Մայրական կոնգրեսին[1][9]: Վերադառնալով Հունաստան՝ Կալլիսպերին հոդվածներ է գրում հրապարակման համար և մշակում օրենքներ՝ ուղղված Հունաստանի կրթական համակարգի բարելավմանը։ Բացի կրթության բարելավման իր կոչերից, նա նաև գրել է հոդվածներ՝ վերլուծելով հին հունական գրականությունը, թարգմանել է արտասահմանյան պիեսները, ինչպես նաև գրել է պոեմներ և հրատարակել է իր հուշերը[1]։

Մահ և ժառանգություն խմբագրել

Կալլիսպերին մահացել է 1953 թվականին Աթենքում գտնվող իր տանը[1]։ 1907 թվականից 1919 թվականներին Կալլիսպերին և նրա եղբայր Ջորջը գնեցին 4 հարակից տարածքներ Աթենքում և մի քանի շենքեր կառուցեցին դրանց վրա՝ սկսած 1911 թվականին սկսված նեոկլասիկական տնից։ Կալլիսպերիի մահից հետո նրա տունը հանձնվեց Հունաստանի կառավարությանը, որտեղ, ըստ Կալլիսպերի վերջին խնդրանքի, պետք է ստեղծվեր հիմնադրամ, որն կօգներ աղջիկների կրթության աջակցման հարցում։ Կառավարությունը երբեք հիմնադրամը չստեղծեց, և ունեցվածքը մի քանի տասնամյակ լքված մնաց, մինչև այն, ի վերջո, շնորհվեց Խալանդրիոնի աղջիկների ավագ դպրոցին։ Հետագայում գույքն անցել է Խալանդրիոնի քաղաքապետարանին, իսկ 2010 թվականին սկսվել է գույքը պահպանվող հուշարձան հռչակելու գործընթացը։ Կարգավիճակը վերջնականապես հաստատվել է 2012 թվականին[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

Մեջբերումներ խմբագրել

Մատենագիտություն խմբագրել