Սևագլուխ չրխկան
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Չրխկաններ
Տեսակ Սևագլուխ չրխկան
Լատիներեն անվանում
Drasterius atricapillus


Սևագլուխ չրխկան (լատին․՝ Drasterius atricapillus), չրխկանների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

5-6 մմ երկարությամբ մուգ դարչնագույն մարմնով մանր բզեզ է։ Վերջույթները բաց գունավորված են, առաջնամեջքի վրա կան կողմնային երկայնակի դասավորված բծեր, իսկ վերնաթևերի վրա` երկու կամ չորս թույլ արտահայտված եզրերով բծեր։ Մազածածկը բաց գույնի է։ Առաջնամեջքի հետին անկյուններն ունեն մեկական ողնուց[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Ղրիմում, Կովկասում, Թուրքիայում, Միջին Ասիայում և Չինաստանի հյուսիսարևմտյան հատվածում։ Հայաստանում հայտնի է Սյունիքի մարզից (Մեղրի գետի ափ՝ Մեղրի քաղաքի մոտ)։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են հոսող ջրերի մոտ գտնվող լողափերում, հանդիպում են խոնավ ավազում և մանր հղկված գետաքարերում՝ ջրի մոտ։

Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն[1]։

Պահպանություն խմբագրել

Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Հանդիպում է հազվադեպ, հայտնի են եզակի հավաքներ, թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն։

Վտանգման հիմնական գործոններն են մելիորատիվ և հիդրոշինարարական գործունեության հետևանքով ջրային ռեժիմի խախտումը։

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.