Սրխավենդի և շրջակա գյուղերի ազատագրում

Սրխավենդի և շրջակա գյուղերի ազատագրում, ռազմական գործողություն Արցախի Մարտակերտի շրջանում։ Տեղի է ունեցել 1992 թվականի մարտի 12-ին[1]։ Գործողությանը (ընդհանուր հրամանատար՝ Ռ. Գզողյան) մասնակցել են «Ազատագրական բանակի» «Արցախ-ճակատ» ջոկատը (հրամանատար՝ Վ. Բալայան), ԻՊՈՒ առաջին վաշտը (հրամանատար՝ Ա. Ղույան), հինգերորդ վաշտը (հրամանատար՝ Դ. Առուշանյան), Ղազանչիի ինքնապաշտպանական ջոկատը (հրամանատար՝ Թ. Առստամյան), դիվերսիոն հետախուզական խումբը, «ԶՀԿ 234» մարտական մեքենայի հաշվարկը (հրամանատար՝ Ա. Եսայան), հրետանային (3 հաուբից և 3 ականանետ) մարտկոցը (հրամանատար՝ Ա. Լիսենկո). ՀՀ կամավորական խմբեր և ջոկատներ։ 1988 թվականից Սրխավենդում և շրջակա գյուղերում տեղակայված հակառակորդի զինված կազմավորումները շրջափակել էին Մարտակերտ-Կիչան-Ստեփանակերտ ռազմավարական ավտոճանապարհը, պարբերաբար հարձակվել Կիչան, Ղազանչի, Գյուլաթաղ, Ջանյաթաղ և այլ գյուղերի վրա, իսկ 1991 թվականից՝ նաև պարբերաբար հրթիռահրետակոծել այդ գյուղերը։

Մարտի 11-ի գիշերը հայկական դիվերսիոն խմբերը թափանցել են Սրխավենդ, հրդեհել հենակետերի վերածված մի քանի տներ, խուճապ առաջացրել թշնամու շարքերում, իսկ մարտի 12-ին հայկական կազմավորումները լայն ճակատով գրոհել և ճնշել են հակառակորդի կրակակետերն ու ազատագրել Սրխավենդ, Մանիքլու, Խաթունբեյլի, Բաշգյուներյփյա, Օրթափայա և այլ գյուղեր[2]։

Ռազմական գործողությունից հետո ամրապնդվել է Մարտակերտի շրջանի հարավարևելյան սահմանագիծը, ապահովվել Մարտակերտ-Ստեփանակերտ ավտոճանապարհի Կիչան-Խաչենագետի կամրջի հատվածի անվտանգությունը, առգրավվել մեծ քանակությամբ ռազմամթերք[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան, Մհեր (2000). Արցախյան պատերազմի սկիզբը և Շուշիի ազատագրումը. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն». էջեր 69–70. ISBN 5-8080-0463-2.
  2. Հարությունյան, Մհեր (2015). Արցախյան պատերազմը և պաշտպանության բանակի մարտական ուղին. 1991-1994 թթ. Շուշի: «Կաճառ» գիտական կենտրոնի հրատարակչություն. էջեր 60–61. ISBN 978-9939-1-0289-4.
  3. Հարությունյան, Մհեր (2021). Արցախում ռազմարվեստի զարգացման արդի փուլի առանձնահատկությունները. Շուշի-Երևան: «Կաճառ» գիտական կենտրոնի հրատարակչություն. էջ 98. ISBN 978-9939-1-1244-2.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։