Ֆրոյդական հոգեվերլուծության (փսիխոանալիզ) մեջ, Տիրամայր-պոռնիկի բարդույթ կամ Մադոննա-պոռնիկի կոմպլեքսը տղամարդու մեջ առաջացող հոգեբանական բարդույթ է։ Տերմինն օգտագործվում է նաև առօրյա կյանքում, հաճախ՝ տարբեր նրբերանգներով։

Ըստ ֆրոյդական հոգեբանության, այս բարդույթը հաճախ առաջանում է այն դեպքում, երբ մարդը մեծանում է սառը, չոր, հույզեր չարտահայտող մոր խնամքի տակ։ Այսպիսի տղամարդը հաճախ սիրահետում է իր մոր հատկանիշներով կանանց՝ հուսալով լրացնել իր մանկության ընթացքում չբավարարված մտերմության կարիքը։ Հաճախ կինն ամուսնու կողմից սկսում է դիտարկվել որպես մոր կերպար, և այդպիսով՝ ոչ որպես սեռական գրավչության հնարավոր օբյեկտ։ Այս պատճառով «հիվանդի» մտքում սերն ու սեռական հարաբերությունը չեն կարողանում խառնվել, և տղամարդը հակված չի լինում իր կնոջ հետ սեռական հարաբերություններ ունենալուն, որովհետև անգիտակցաբար մտածում է, որ դա արյունապղծություն կլինի։ Իր սեռական հակումները նա պահում է «վատ» կամ «կեղտոտ» կանանց համար, և այդ սեռական հարաբերություններում նրա մեջ չի զարգանում «նորմալ» սիրո զգացմունքը։ Այստեղ առաջ է գալիս այն դժվարին իրավիճակը, որի դեպքում տղամարդն անկարող է լինում սիրել այն կնոջը, ով կարող է բավարարել իր սեռական ցանկությունները, և միաժամանակ անկարող է լինում սեռական բավարարություն ստանալ այն կնոջից, ում կարող է սիրել։ Այս տերմինը հաճախ գործածվում է արդարացնելու այնպիսի տղամարդկանց վարքը, որոնք հետապնդում են բազում կանանց՝ այս կարիքներից ամեն մեկը հագեցնելու համար։

Առօրյայում այս տերմինն օգտագործվում է կանանց՝ որպես սեքսուալ էակների մեջ այս երկու հատկանիշների տարանջատվածությունը նկարագրելու համար։ Կինը կարող է լինել կամ կուսական Տիրամայր, այսինքն՝ կին, որին բացարձակապես չեն հետաքրքրում սեռական հարաբերությունները, և նա դրանց գնում է միայն սերունդ տալու համար, և պոռնիկ, որը սեռական հարաբերությունների մեջ է մտնում միայն հաճույքի համար և առանց խղճի խայթի կարող է բազմաթիվ սեռական զուգընկերներ ունենալ։ Տիրամայրը սուրբ է, պոռնիկը՝ կեղտոտ։ Մարդկանց որոշակի շրջանակների համար սա այլևս չի ընկալվում որպես բարդույթ, այլ, ավելի շուտ, կիրառվում է նկարագրելու այն կանանց, որոնք կամ չափազանց շատ են սեռական հարաբերություններ ունենում, կամ ոչ բավականաչափ։

Ասպետ-անառակի բարդույթ խմբագրել

«Ասպետ-անառակի բարդույթ»-ը նույն «տիրամայր-անառակի բարդույթ»-ն է, սակայն՝ կանանց մոտ։ Ինչպես և տղամարդկանց մոտ հանդիպող «տիրամայր-անառակի բարդույթ»-ը, «ասպետ-անառակի» բարդույթը ներքին հակասություններ է առաջացնում, որն արտահայտվում է կնոջ կողմից «ասպետ»-ին և «անառակ»-ին ներկայացվող պահանջների տարբերության մեջ։ «Ասպետ»-ից (սովորաբար՝ կյանքի մշտական ուղեկցից, ամուսնուց) ակնկալվում է կնոջ համար անվտանգ և բարեկեցիկ կյանքի ապահովում, իսկ սեռականորեն փչացած, ցոփ ու շվայտ «անառակ»-ից (սովորաբար՝ սիրեկանից) ակնկալվում է միջինից բարձր սեռական գրավչություն /հիպերսեքսուալություն/, ուժ, կրքոտություն։

Արտաքին հղումներ խմբագրել