Ստվերների թատրոն, տեսողական արվեստի ձև, որ ձևավորվել է Չինաստանում մոտ 1.700 տարի առաջ։ Արվեստն ավանդաբար դրսևորվել է Ինդոնեզիայում, Մալայզիայում, Թայլանդում և Կամբոջայում, հետագայում տարածվել է նաև Եգիպտոսում, Հայաստանում, Հունաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում[1][2][3]։

Ստվերների թատրոնի ներկայացում Թաիլանդում
Չինական ստվերների թատրոնի տիկնիկներ

Ստվերների թատրոնում կիրառվում են կիսաթափանց մեծ էկրաններ և ծաղկե հարթ մարիոնետներ, որոնք կառավարվում են բարակ փայտիկներով։ Մարիոնետները հետևի կողմից հպում են էկրանին` դրանով դառնալով տեսանելի։

Թատրոնի առանձնահատկությունները, գեղագիտությունն ու թեման տարբերվում են` կախված ավանդույթներից։

Մարիոնետները սովորաբար պատրաստվել են բարակ, թափանցիկ կաշվից (օրինակ` այծի կամ ուղտի), թղթից կամ ստվարաթղթից։ Կարող են լինել ինչպես ամուր և ամբողջական, այնպես էլ ճկվող և առանձին մասերից բաղկացած։ Խամաճիկները կառավարվել են բամբուկե, փայտե կամ մետաղական ձողերով։

Երկրորդ հազարամյակում ստվերների թատրոնը մեծ տարածում է ունեցել Չինաստանում և Հնդկաստանում։ Չինգիզ խանի զորքերի հետ այն տարածվել է ասիական այլ շրջաններում։ Թուրքիայում ծաղկման շրջանին է հասել 16-րդ դարում, տարածված է եղել նաև Օսմանյան կայսրությունում։ 1767 թվականին ստվերների թատրոնի չինական տեխնիկան ֆրանսիացի միսիոներ Ժյուլ Ալոդը ներմուծում է իր հայրենիք։ 1776 թվականին այն հայտնի է դառնում Մեծ Բրիտանիայում։ Գերմանացի բաաստեղծ Գյոթեն հետաքրքրություն է դրսևորել արվեստի այս տեսակի հանդեպ, իսկ 1774 թվականին անձամբ է կազմակերպել նման ներկայացում։ Չինաստանում ամենաազդեցիկ թատրոններից մեկը 21-րդ դարում մնում է Տանշանի ստվերների թատրոնը, իսկ Չենդուում գործում է ստվերների թատրոնի թանգարան (չինարեն՝ 成都中国皮影博物馆):

Ներկայումս հավաքորդների շրջանում գնահատվում են կաշվե ժանեկագործ մարիոնետները, իսկ ստվերների թատրոնի գոյությունը իր դասական դրսևորմամբ վտանգված է։

2000-ական թվականներին ծնվել է ստվերների թատրոնի նոր ուղղություն, որտեղ մարիոնետների փոխարեն հանդես են գալիս պարողներ և օգտագործելով իրենց մարմնի ճկունությունն ու պլաստիկան` բեմադրում են ներկայացումներ։ Վերջին տասնամյակներում այն մեծ ճանաչում է ձեռք բերել. աշխարհի շատ անկյուններում ստեղծվում են ստվերների թատրոններ։ Նման թատրոններից ամենահանրաճանաչը Pilobolus թատրոնն է ԱՄՆ-ում։ Հայտնի են նաև Attraction, El Gamma Penumbra, Delight, Fireflies, Verba, Три Крыла, SHADOW LAB թատրոնները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Orr, Inge C. (1974). "Puppet Theatre in Asia". Asian Folklore Studies. Nanzan University. 33 (1): 69–84. doi:10.2307/1177504.
  2. Beth Osnes (2001). Acting: An International Encyclopedia. ABC-CLIO. p. 302. ISBN 978-0-87436-795-9.
  3. Beth Osnes (2010). The Shadow Puppet Theatre of Malaysia: A Study of Wayang Kulit with Performance Scripts and Puppet Designs.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստվերների թատրոն» հոդվածին։