Ստեփանոս - Տարսայիճ, Սյունիքի իշխանապետ (1324-1331), Սյունիքի իշխանաց իշխան Տարսայիճ Օրբելյանի և Մինա Խաթունի թոռը։

Ստեփանոս-Տարսայիճ
Ծնվել էանհայտ է
ԾննդավայրՍյունիք
Մահացել էանհայտ է
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունԳլաձորի համալսարան
ԾնողներՋալալ իշխան, Գոնցա իշխանուհի
Զբաղեցրած պաշտոններ

Սյունիքի իշխանաց իշխան

Սյունյաց մետրոպոլիտ

Կենսագրություն խմբագրել

Ստեփանոս-Տարսայիճը Սյունիքնի իշխանաց իշխան Տարսայիճ Օրբելյանի և Մինա Խաթունի թոռն է։ Տարսայիճի ծնողներն են Ջալալ իշխանը և Գոնցա իշխանուհին։ Նրա ծննդյան հստակ թվականը հայտնի չէ։ Մկրտության անունը եղել է Տարսայիճ, հոգևոր կոչում ստանալուց հետո վերանվանվել է Ստեփանոս։ Մի շարք մատենագրական անուններում նշվում է անձի երկու անունների հարանուն կապակցությունը՝ Ստեփանոս-Տարսայիճ։ Մի քանի մատենագրական աղբյուրներում հանդիպում ենք, որ Տարսայիճը սովորել է Գլաձորի համալսարանում։ Նրա ուսուցիչներն են եղել Եսայի Նչեցին և Սարգիս վարդապետը[1]։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ միաժամանակ հոգևոր իշխանության գլուխ են անցնում Օրբելյան տոհմի երկու ներկայացուցիչ՝ Հովհաննես Օրբելը և Ստեփանոս-Տարսայիճը։ Բանն այն է, որ Տարսայիճ Օրբելյանի մահվանից հետո գժտություն է սկսվել նրա որդիների միջև ժառանգական տիրույթների համար։ Ստեփանոս-Տարսայիճին վերաբերող առաջին գրավոր տեղեկությունը թվագրվում է 1314 թվականով, որբ Ստոփանոս Տարսայիճը սկսում է սովորել Գլաձորի համալսարանում։ Նրա մասին ջերմ խոսքերով է արտահայտվում Ստեփանոս Կիլիկեցին, այնուհետև Տարսայիճի մասին խոսում է նաև Կյուրոնը՝ 1321 թվականին։ 1331 թվականից Ստեփանոս-Տարսայիճը հիշվում է որպես Սյունյաց մետրոպոլիտ[2]։

Գործունեություն խմբագրել

Ստեփանոս-Տարսայիճը բացի հեգևոր գործունեությունից զբաղվել է նաև շինարարությամբ։ Նա կառուցել է Եղեգիսի նշանավոր ճարտարապետական կոթողներից մեկը՝ «Զորաց տաճարը», որի վրա մինչ օրս պահպանվում է արձանագրություն։ Տաճարը գտնվում է ներկայիս Եղեգիս գյուղի արևելքում։ Այն ծառայել է պատերազմ մեկնող զորքի համար՝ մարտիկները պատերազմ մեկնելուց առաջ եկեղեցու օրհնանքն ու սուրբ հաղորդություն էին ստանում։ Մարտից առաջ զորքը և ձիերն օրհնելն ընդունված կարգ էր, բայց Հայաստանում հենց այդ նպատակով կառուցված այլ եկեղեցի չկա։ Եկեղեցուց 30 մետր հեռավորության վրա է գտնվել Տարսայիճ իշխանի ապարանքի ճակատաքարը։ Ստեփանոս-Տարսայիճը նպաստել է Սյունյաց վանքերի նյութական բարեկեցությանը։ ախմբերը:Այս մասին որոշակի տեղեկություններ կան Որոտնավանքի 1326 թվականի վիմագիր արձանագրություններից մեկում[3]։ 1331–1339թվականներին կառուցվել է Նորավանքի Ս. Աստվածածին երկհարկ եկեղեցին (Բուրթելաշենը)։

Մահ խմբագրել

Ինչպես Տարսայիճի ծննդյան, այնպես էլ մահվան թվականը անհայտ է։ Արդեն 1333 թվականին գրիչ Կյուլոնը այլևս չի նշում Տարսայիճի անունը։ Սրանից հետևում է, որ 1331-1333 թվականներն ընկած հատվածում Տարսայիճն արդեն մահացել էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրիգոր Գրիգորյան, Սերգեյ Հախվերդյան (2001). Սյունիքի պատմություն. Երևան: Հրազդան. էջ 167. ISBN 99930-73-00-8.
  2. Գրիգոր Գրիգորյան, Սերգեյ Հախվերդյան (2001). Սյունիքի պատմություն. Երևան: Հրազդան. էջեր 168–168. ISBN 99930-73-00-8.
  3. Գրիգոր Գրիգորյան, Սերգեյ Հախվերդյան (2001). Սյունիքի պատմություն. Երևան: Հրազդան. էջ 170. ISBN 99930-73-00-8.