Սպորավորները բացառապես մակաբույծ նախակենդանիներ են։ Դրանցից են մալարիայի պլազմոդիումը՝ մալարիա հիվանդության հարուցիչը։ Այդ հիվանդությունը նախկինում չարիք էր Հայաստանի և հատկապես հարավային շրջանների բնակիչների համար։ Այն գրեթե վերացվեց, սակայն հիմա էլ նույն վայրերում երբեմն նկատվում են մալարիայով հիվանդության դեպքեր։

Մոծակի վտանգը մարդու համար խմբագրել

Մարդը վարակվում է մալարիայով վարակված մոծակի խայթոցից։ Մարդու օրգանիզմում մակաբույծն ապրում է արյան կարմիր գնդիկներում, որտեղ ակտիվորեն սնվում ու բազմանում է՝ քայքայելով դրանք և արտադրելով թունավոր նյութեր։

 
Մալարիայի հարուցիչով մոծակ

Հիվանդի ջերմությունը պարբերաբար՝ ամեն 3-4 օրը մեկ, բարձրանում է մինչև 40-41 աստիճան։

Բազմացում խմբագրել

Հիվանդ մարդուց մակաբույծն անցնում է մալարիայի մոծակին, որի ստամոքսում կատարվում է սեռական բազմացում։ Առաջանում են արական և իգական սեռական բջիջներ, տեղի է ունենում բեղմնավորում, ձևավորվում է զիգոտ, որի հետագա բազմակի բաժանումից առաջանում են բազմաթիվ սպորազոիդներ։ Մոծակի խայթելու պահին սպորներն անցնում են առողջ մարդուն։

Մալարիայի դեմ պայքարի միջոցները խմբագրել

Մալարիայի մոծակը տարբերվում է սովորական մոծակից առարկայի վրա նստելու դիրքով (նստում է թեք)։ Մալարիայի դեմ պայքարի միջոցառումներն իրականացվում են հիմնականում երկու ուղղությամբ։ Մի դեպքում հիվանդներին հայտնաբերում և բուժում են դեղամիջոցներով՛ վարակի աղբյուրը կանխելու համար, իսկ մյուս դեպքում ոչնչացնում են մոծակներին ճահիճները չորացնելով, որտեղ էլ զարգանում են մոծակների թրթուրները։

Նախակենդանիների նշանակությունը բնության մեջ և մարդու կյանքում խմբագրել

Բազմաթիվ ծովային նախակենդանիներ ունեն կարծր կմախք՝ խեցի, որը նրանց մահանալուց հետո իջնում է ջրի հատակ՝ միլիոնավոր տարիների ընթացքում առաջացնելով կրի, կավճի, կանաչ ավազաքարի նստվածքներ։ Ծովային նախակենդանիների կմախքից են հիմնականում կազմված կավիճը, որն օգտագործում են ուսումնական պարապմունքների ժամանակ, և կիրը, որով սպիտակեցնում են պատերը։ Բացի այդ, նախակենդանիների աոանձին տեսակների կմախքների հայտնաբերմամբ հնարավոր է որոշ գաղափար կազմել մոտակայքում նավթի առկայության մասին։

Նախակենդանիները սնվում են ջրամբարներում եղած բակտերիաներով և փտած օրգանական նյութերով՝ դրանով իսկ մաքրելով ջուրը, իսկ հողում նպաստում են հողագոյացմանը։ Միաժամանակ այդ նախակենդանիները կեր են ծառայում ձկների, խեցգետնակերպերի, մոծակների թրթուրների համար։Որոշ նախակենդանիներ, հատկապես հողաթափիկ ինֆուզորիան և սովորական ամեոբան, օգտագործվում են գիտական ուսումնասիրությունների ժամանակ։