Սպեկտրային դասակարգում

(Վերահղված է Սպեկտրալ դասակարգումից)

Սպեկտրային դասակարգումը աստղագիտության մեջ աստղերի դասակարգումն է՝ ըստ նրանց սպեկտրային հատկանիշների։

Մորգան-Կինանի սպեկտրային դասակարգում

Աստղի սպեկտրը նրա լուսոլորտի տարբեր շերտերում ծնվող անընդհատ և մթնոլորտում գտնվող տարբեր քիմիական տարրերի ատոմներին (շատ սառը աստղերի մոտ

նաև՝ մոլեկուլներին) բնորոշ, գծային սպեկտրների մի յուրատեսակ գումար է։ Աստղի ճառագայթման սպեկտրը նրա մասին բազմակողմանի ինֆորմացիայի աղբյուր է։

Կլանման գծերը առաջանում են աստղի մթնոլորտում, երբ այն կազմող ատոմները, Կիրխհոֆի օրենքի համաձայն, կլանում են լուսոլորտի անընդհատ ճառագայթումը։

Աստղերի սպեկտրներն իրարից զգալիորեն տարբերվում են իրենց տեսքով։ Աստղերի ճնշող մեծամասնության սպեկտրները կազմում են անընդհատ հաջորդականություն,

այն իմաստով, որ երկու ցանկացած աստղային սպեկտրների համար միշտ գոյություն ունի երրորդը, որն օժտված է միջանկյալ հատկություններով։ Աստղային

սպեկտրների այդ կարևոր առանձնահատկության վրա է հիմնվում նրանց դասակարգումը։

Աստղերի սպեկտրային դասակարգումն ընդգրկում է 7 հիմնական դաս՝

O - B - A - F - G - K - M

Ավելի մանրամասն դասակարգման համար հիմնական սպեկտրային դասերի միջև, որոնք նշանակվում են 0 ինդեքսով (B0, A0, ... , M0), օգտագործվում են

տասնորդական ենթադասեր, օրինակ՝ B1, B2, ... , B9։

Օ դասից դեպի M դասը շարժվելիս աստղային սպեկտրներում ջրածնի գծերի ինտենսիվությունը սկզբում աճում է, իսկ այնուհետև՝ նվազում։ Նույնպիսի երևույթ է

տեղի ունենում նաև այլ քիմիական տարրերի դեպքում, այն տարբերությամբ միայն, որ տարբեր տարրերի գծերն իրենց առավելագույն ինտենսիվությանն են հասնում

տարբեր սպեկտրային դասերում, որի շնորհիվ սպեկտրային հաջորդականության երկարությամբ յուրաքանչյուր դաս բնութագրվում է իր համար ամենաբնորոշ գծերով։ Սպեկտրի լուսանկարչական մասում այդ փոփոխությունների պատկերը սպեկտրային դասերում կարելի է բնութագրել հետևյալ տվյալներով։

O - Դիտվում են իոնացված հելիումի, թթվածնի և ազոտի, ինչպես նաև՝ գրածնի կլանման թույլ գծեր։ Հազվադեպ հանդիպում են պայծառ գծեր։ Այս դասի ներկայացուցիչներից հայտնի է Տ Միեղջյուրի աստղը։

B - Չեզոք հելիումի գծերն ունեն առավելագույն ինտենսիվություն B2 ենթադասում, որից հետո աստիճանաբար թուլանալով անհետանում են B9 ենթադասում։ Ջրածնի գծերի ինտենսիվությունն անընդհատ աճում է դեպի B9 ենթադասը։ B դասի սպեկտր ունի Ռիգելը։

A - Աչքի են ընկնում ջրածնի գծերը, որոնք հասնում են ամենամեծ ինտենսիվության A0 ենթադասում։ Այս դասին են պատկանում երկնքի ամենապայծառ աստղերի՝ Սիրիուսի և Վեգայի սպեկտրները։

F - Ջրածնի գծերի ինտենսիվությունը նվազում է, իսկ իոնացված մետաղների գծերինը, հատկապես՝ իոնացված Կալցիումի H և K գծերինը՝ աճում։ Այս դասի սպեկտրներ ունեն Կանոպուսը և Պրոցիոնը։

G - Իրենց ինտենսիվությամբ և բազմաքանակությամբ աչքի են ընկնում մետաղների գծերը։ Այս դասի ներկայացուցիչներն են Արեգակը և Կապելլան։

K - Մետաղների գծերն իրենց ինտենսիվությամբ գերազանցում են ջրածնի գծերին։ Իոնացված Կալցիումի H և K գծերը հասնում են առավելագույն ինտենսիվության։ Ուշ ենթադասերում երևան են գալիս մոլեկուլների կլանման շերտերը։ Այս դասին է պատկանում Արկտուրը։

M - Ամենից աչքի ընկնող առանձնահատկությունը տիտանօքսիդի կլանման շերտերի առկայությունն է։ Սպեկտրի մանուշակագույն մասը շատ թույլ է։ Այս դասի սպեկտր ունի Բետելգեյզեն։

Աղբյուրներ խմբագրել

  • Միրզոյան Լ.Վ., Անկայուն երևույթներ աստղերի աշխարհում, Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն, 1987
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 589