Սուրմառիի ծուղակ
Սուրմարիի ծուղակ, ռազմական խորամանկության միջոցով թյուրք-սելջուկների բանակի ոչնչացում։ 1053 թվականին շարունակվող թյուրքական արշավանքները ավերածություններ էին պատճառում երկրին։ Երկիր ներխուժած Գթլմուշը ավելում է Կարսի շրջակայքը, սակայն չի կարողանում գրավել Կարսի միջնաբերդը։ Այս անհաջողությունից հետո նա շարժվում է դեպի Սուրմարի, որտեղ հայերը եկվորների համար ծուղակ են պատրաստում և գիշերային անակնկալ հաձակման միջոցով սպանդ իրականացնում, որից կարողանում է փրկվել հրամանատար Գթլմուշը՝ մի փոքր ջոկատի հետ միասին[1]։
Թվական | 1053 |
---|---|
Մասն է | Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան |
Վայր | Սուրմարի |
Արդյունք | Հայկական կողմի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Թյուրք-սելջուկներ | Սուրմարիի հայեր |
Հրամանատարներ | |
Գթլմուշ | Սուրմարիի քաղաքապետ իշխան |
Կողմերի ուժեր | |
60 հազար | անհայտ |
Ռազմական կորուստներ | |
գրեթե ամբողջովին | թեթև |
Ընդհանուր կորուստներ |
Նախապատմություն խմբագրել
Բյուզանդական կայսրությունը շարունակում էր անտարբերությամբ հետևել, թե ինչպես են թյուրք-սելջուկները ասպատակում Հայաստանը։ 1045 թվականին Բյուզանդիայի կայսր Կոստանդին IX Մոնոմախոսը, տեսնելով, որ Բագրատունյաց վերջին արքա Գագիկ Բ-ն փորձեր է անում ամրացնել երկիրը, նրան կանչում է Կոստանդնուպոլիս, որեպսզի բանակցի նրա հետ Անիի հարցի շուրջ։ Գագիկը մեկնում է Բյուզանդիայի մայրաքաղաք, որտեղ, սակայն, պարզվում է, որ Կոստանդինը դավադրություն է կազմակերպել։ Գագիկ Բ-ն արգելափակվում է Բյուզանդիայի արքունիքում, որից հետո ձեռնարկվում են մի շարք արշավանքներ դեպի Անի, որի արդյուքնում է անկում է ապրում Անիի Բագրատունյաց թագավորությունը։
Այս ամենից հետո Հայաստանում ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ հակառակորդը չի կարողանում չօգտվել դրանից ու արշավում է Հայաստան։ Սելջուկ-թյուրքերի առաջին ներխուժումները տեղի են ունենում 1047 թվականին՝ 100 հազարանոց զորքով[2]։ Դրանք շարունակվում են նաև հետագայում։ 1051-1052 թվականներին Հայաստանում հարաբերական անդորր էր[3]։
Ներխուժում խմբագրել
1053 թվականին Իբրահիմը ապստամբում է սելջուկների առաջնորդ Տուղրիլ բեկի դեմ, որից հետո փախչում է և պատսպարվում նույնպես ապստամբած Գթլմուշի մոտ։ Պարտություններ կրելով՝ Գթլմուշը փախուստի է դիմում դեպի Վիրքի սահմաններ՝ իր հետ տանելով սեփական 60-հազարանոց բանակը։ Վիրքի սահմաններից նա ներխուժում է Վանանդի (Կարսի) թագավորություն և պաշարում մայրաքաղաք Կարսը։ Հառակորդը կարողանում է գրավել Կարսի շրջակայքը, ավերել և թալանել այն, սակայն չի կարողանում գրավել Կարսի միջնաբերդը։
Չկարողանալով գրավել Կարսի միջնաբերդը՝ սելջուկները շարժվում են դեպի Դվին[3]։
Ծուղակ խմբագրել
Դվին գնալու ճանապարհին հակառակորդը գիշերում է Սուրմարիում (Սուրբ Մարի, հետագաում՝ Սուրմալու)։ Հայերը, իմանալով, որ հակառակորդը Կարսում մեծ ավերածություններ և թալան է կատարել, այնուամենայնիվ մեծ տոնախմբությամբ ու խնջույքներով ընդունում են հակառակորդին։ Դա ռազմավարական քայլ էր, որով հայերը թույլացնում էին հակառակորդի զգոնությունը։ Ամբողջ զորքը տեղավորվում է Սուրմարիի տներում և խնջույքից հարբած՝ քնում։
Երբ հակառակորդը գրեթե ամբողջությամբ արդեն քնած էր, երբ Սուրմարիի քաղաքապետ իշխանի ազդանշանով հայերը սկսում են գիշերային սպանդը[4]։ Գրեթե ամբողջովին կոտորում հակառակորդի անակնկալի եկած զինվորներին։ Կարողանում են փրկվել միայն Գթլմուշը և նրա փոքրաթիվ ջոկատը։ Հայերը, ցանկանալով իրենց գրոհը ամբողջացնել, սկսում են հետապնդել հակառակորդին, որը փոախուստի է դիմում և հեռանում Հայաստանից[5]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջեր 36–40.
- ↑ «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջ 36.
- ↑ 3,0 3,1 «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջ 37.
- ↑ «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջ 39.
- ↑ «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջ 40.