Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Տալլին)

եկեղեցի Էստոնիայում

Սուրբ Նիկողայոս եկեղեցի (էստ․՝ Niguliste kirik), միջնադարյան եկեղեցական կառույց Էստոնիայի Տալլին քաղաքում։ Այն նվիրված էր ձկնորսների և նավաստիների հովանավոր Սուրբ Նիկողայոսին։ Կառուցվել է 13-րդ դարում, մասամբ ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Տալլինի խորհրդային ռմբակոծության ժամանակ։ Շենքը վերականգնվել է, սակայն որպես եկեղեցի չի օգտագործվել կանոնավոր կրոնական գործունեության համար Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Ներկայումս այնտեղ է գտնվում Նիգուլիստեի թանգարանը՝ Էստոնիայի արվեստի թանգարանի մասնաճյուղը, որը կենտրոնացած է հիմնականում միջնադարյան եկեղեցական արվեստի վրա։ Օգտագործվում է նաև որպես համերգասրահ[2]։

Սուրբ Նիկողայոս եկեղեցի
էստ․՝ Niguliste kirik
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԷստոնիա Էստոնիա
ՏեղագրությունՏալլին
Դավանանքքրիստոնեություն
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Ժառանգության կարգավիճակճարտարապետական հուշարձան[1] և պատմական հուշարձան[1]
ՆվիրվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
ԱնվանվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված13-րդ դար
Բարձրություն105 մետր
ԲնակիչNiguliste museum?
Քարտեզ
Քարտեզ
 St. Nicholas' Church, Tallinn Վիքիպահեստում
Եկեղեցու ներսում՝ յոթ ճրագներով ջահ

Պատմություն խմբագրել

Եկեղեցին հիմնադրվել և կառուցվել է մոտ 1230–1275 թվականներին Վեստֆալիայի վաճառականների կողմից, ովքեր եկել էին Գոթլանդից 13-րդ դարում[3]։ Եկեղեցին ուներ ծանր ճաղավանդակներ՝ մուտքերը փակելու համար, անցքեր և փախստականների համար թաքստոցներ։ Երբ 14-րդ դարում ավարտվեցին Տալինի շրջակայքի ամրացումները (քաղաքի պարիսպը շրջապատեց եկեղեցին և բնակավայրը 1310 թվականին[4])), Սուրբ Նիկողայոս եկեղեցին կորցրեց իր պաշտպանական գործառույթը և դարձավ տիպիկ միջնադարյան ծխական եկեղեցի[2]։ Եկեղեցու նախնական կառույցի միայն մի քանի հատվածներ կան, որոնք պահպանվել են մինչ այժմ։

1405–1420 թվականներին Սուրբ Նիկողայոս եկեղեցին ստացել է իր ներկայիս տեսքը՝ ճարտարապետության մեջ հայտնի բազիլիկ ոճով։ 1515 թվականին աշտարակը կառուցվել է ավելի բարձր և ծածկվել ուշ գոթական դարաշրջանի գմբեթով[3]։ 17-րդ դարի վերջին աշտարակը ամրացվել է։ Ոճը փոխարինվեց բարոկկոյով, ընդարձակ պատկերասրահով, որը մի քանի դարերի ընթացքում աստիճանաբար ավելի բարձրացվեց[2]։ Աշտարակը այժմ ունի 105 մետր բարձրություն։

Սուրբ Նիկողայոսը Տալլինի միակ եկեղեցին էր, որն անձեռնմխելի մնաց 1523-ին (կամ 1524-ին[5]) բողոքական ռեֆորմիստների կողմից սրբապատկերների վնասման ընթացքում։ Միաբանության ղեկավարը հալած կապար է լցրել եկեղեցու դռան փականների մեջ, և ամբոխը չի կարողացել ներս մտնել[6]։ Եկեղեցին 16-րդ դարում վերածվել է լյութերական միաբանության[7]։

1944 թվականի մարտի 9-ին եկեղեցին լրջորեն տուժել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Տալլինի սովետական ռմբակոծության հետևանքով։ Արդյունքում առաջացած հրդեհը եկեղեցին վերածել է ավերակների, բացառությամբ Սուրբ Անտոնիոս մատուռի։ Շուրջ մեկ ամիս աշտարակը շարունակ ծխացել է։ Արվեստի թանկարժեք գանձերի մեծ մասը պահպանվել է եկեղեցուց ժամանակին տարհանման շնորհիվ։ Եկեղեցու վերանորոգումը սկսվել է 1953 թվականին և ամբողջությամբ ավարտվել 1981 թվականին[4]։

Եկեղեցու աշտարակը կրկին վնասվել է 1982 թվականի հոկտեմբերի 12-ին բռնկված հրդեհից[6]։ Աշտարակը այրվել է և ավերվել, նավակի տանիքները և Սուրբ Անտոնիոսի մատուռը վնասվել են[4]։

Վերականգնող մասնագետ Վիլլեմ Ռաամի ղեկավարությամբ իրականացված աշխատանքներից հետո 1984 թվականին եկեղեցին բացվել է որպես թանգարան և համերգասրահ, որտեղ ցուցադրված է Էստոնիայի արվեստի թանգարանի միջնադարյան արվեստի հավաքածուն։ Իր հիանալի ակուստիկայի շնորհիվ եկեղեցին շատ սիրված համերգասրահ է[2][6]։

Արվեստի նմուշներ խմբագրել

 
Բարձր խորանի սրբապատկերները

Թանգարանի արվեստի գործերից ամենահայտնին Լյուբեկի վարպետ Բեռնտ Նոտկեի Danse Macabre-ն է, որը պատկերում է կյանքի անցողիկությունը, կմախքի տեսքով մահվան կերպարանքները իրենց հետևից տանում են և ուժեղներին, և թույլերին։ Danse Macabre-ն կամ «Մահվան պարը» միջնադարյան հանրաճանաչ մոտիվ էր արվեստի մեջ։ Պահպանվել է բնօրինակ 30 մետր (98,4 ոտնաչափ) լայնությամբ նկարի միայն նախնական հատվածը (կատարված 15-րդ դարի վերջում), որը ներկայումս ցուցադրվում է Սուրբ Նիկողայոս եկեղեցում[2][8]։

 
Danse Macabre , Բերնտ Նոտկե

Թանգարանում պահվում են մի քանի այլ նշանավոր ուշ գոթական և վաղ Վերածննդի արվեստի գործեր։

Սուրբ Նիկողայոս եկեղեցու Ավագ խորանը կառուցվել է 1478-1481 թվականներին Լյուբեկի վարպետ նկարիչ Հերմեն Ռոդեի արհեստանոցում։ Այն 15-րդ դարի Հանզեական լիգայի հյուսիսային գերմանական ամենամեծ խորաններից մեկն է։ Այս երկթև խորանի արտաքին թեւերի նկարները պատկերում են Սուրբ Նիկողայոսի և Սուրբ Վիկտորի կյանքը, կենտրոնական հատվածը և բացված թեւերը պարունակում են ավելի քան երեսուն փայտե քանդակներ, որոնք կազմում են սրբերի պատկերասրահը։ Արտաքին թևերի վրա պատկերված են Տալլինի Մեծ գիլդիայի և Սևագլուխների եղբայրության խորհրդանիշները։ Պրեդելլայի վրա (խորանի ամենացածր մասը) պատկերված են եկեղեցու հայրերը և կարգերի հիմնադիրները՝ Սուրբ Բեռնար Կլերվոյցին, Սուրբ Գրիգոր Մեծը, Սուրբ Ջերոմին, Սուրբ Օգոստինոսը, Սուրբ Ամբրոսիսը և Սուրբ Բենեդիկտոս Նուրսիացին[2]։

 
«Սուրբ Մարիամը և Սևագլուխների եղբայրությունը», 1500

Ուշագրավ է «Սուրբ Մարիամը և Սևագլուխների եղբայրությունը» պատկերը՝ 1500 թվականին պատրաստված Բրյուգգեում, Սուրբ Լյուսիի լեգենդի անանուն վարպետի կողմից։ Մյուս թևերը պատկերում են Ավետումը գրիզայի տեխնիկայով։ Մի տեսարանում՝ Գաբրիել հրեշտակապետը և Մարիամ Աստվածածինը։ Մարիամ Աստվածածինը մերկ կրծքով է, Քրիստոսը մատնացույց է անում կրծքավանդակի վերքը, պատկերված են Հայր Աստվածը, Հովհաննես Մկրտիչը։ Մարիամ Աստվածածինը շրջապատված է Սուրբ Գեորգիով և Սուրբ Վիկտորով։ Ձախ թեւում պատկերված է Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզացին, իսկ աջ թեւում՝ Սուրբ Գերտրուդա Նիվելացին։ 1534-1943 թվականներին ռետաբլը պահպանվել է Սևագլուխների եղբայրության տանը[5][9]։

Թանգարանում կարելի է տեսնել Քրիստոսի չարչարանքների պատկերը, որը պատրաստվել է 16-րդ դարի սկզբին Բրյուգեի վարպետ Ադրիան Իզենբրանդտի արվեստանոցի կողմից՝ պատվերով։ Շլոս Լիխտենշտեյնի վարպետի՝ «Քրիստոսը տաճարում» (1430–1440) կտավը[10] և Հենինգ ֆոն դեր Հայդեի միջնադարյան մի քանի փայտի փորագրություններ (պատկերված են Սուրբ Նիկողայոսը, Մարիամ Աստվածածինը և Հովհաննես Ավետարանիչը) (1510–1520)[9]։

Չորս մետր բարձրությամբ, յոթ ջահերով, 1519 թվականի արույրե ճրագը ամենամեծերից մեկն է Եվրոպայում։ Միջին ճյուղի վերևում Մարիամ Աստվածածինն է մանկան հետ։ Ճրագը նվիրատվություն էր 1519 թվականին Տալլինի հարուստ վաճառական Հանս Բաուվերի կողմից[11]։

Թանգարանում պահվում է Տոբիաս Հայնցեի Սուրբ Քրիստոֆերի կերպարը (1624 )[9] Բոգիսլաուս Ռոզենի մատուռի 350-ամյա դեկորատիվ աշխատանքը, որը փորագրված է Ֆրանս Հոպենշտատի կողմից[2], և Անտոնիուս ֆոն դեր Բուշի տապանագիրը։

Թանգարանում պահվում են նաև գիլդիայի, արհեստագործական կորպորացիաների և Սևագլուխների եղբայրության արծաթե գանձերը[2][6]։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Տալլին)» հոդվածին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Էստոնիայի մշակութային հուշարձանների ազգային գրանցամատյան — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Niguliste Museum». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  3. 3,0 3,1 Helme, Mart (2002). Guide to churches in Estonia. Kunst. ISBN 5-89920-297-1.
  4. 4,0 4,1 4,2 «Chronology of Niguliste (St. Nicholas) church in Tallinn». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. 5,0 5,1 Bousfield, Jonathan (2004). The Rough Guide to the Baltic States. Rough Guides. ISBN 1-85828-840-1.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «St. Nicholas's Church». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 24-ին.
  7. «St. Nicholas' Church». Niguliste Museum. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  8. «The Dance of Death in Tallinn». Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 15-ին.
  9. 9,0 9,1 9,2 «St. Nicholas' Church at the Estonian Organ Society». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 15-ին.
  10. «Architecture,skulpture, art. Tallinn». Comenius. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
  11. «siebenarmiger Messingleuchter | estnisch | Bildindex der Kunst & Architektur - Bildindex der Kunst & Architektur - Startseite Bildindex». www.bildindex.de. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.