Սուննի իսլամ (ծագում է՝ արաբ․՝ أهل السنة‎‎ Ահլ աս-Սուննա - «սուննայի մարդիկ»), հետևորդների թվաքանակով իսլամի ամենամեծ հոսքը։ Սուննի իսլամը իր հերթին բաժանվում է մի շարք այլ փոքր հոսքերի, որոնք տարբերվում են աղոթքի կատարման պրոցեսով, այլակրոն մարդկանց նկատմամբ վերաբերմունքով, տոներով և այլն։


Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ  · Թազիե

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մուսուլման

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Թվաքանակով սուննի մուսուլմաններն այժմ կազմում են մեկ միլիարդ մարդ[1] - բոլոր մուսուլմանների 90 %-ը[2]։

Անվան ծագում խմբագրել

Սուննի անվանումը ծագում է ահլ աս սուննա վալ ջամա‘ա ինքնանվանումից, որի առաջին մասը՝ ահլ աս սուննա, մատնանշում է Մուհամմադ մարգարեի և նրա հետնորդների ճանապարհի հետևում, քանի որ սուննա նշանակում է ճանապարհ։ Սուննի իսլամականների համար Ղուրանը և Սուննան համարվում են իրենց կրոնի նախահիմքը, նրանք տարբեր խնդիրներ լուծում են Ղուրանի այաթների (Ղուրանի կառուցվածքային նվազագույն միավոր) և հադիսների միջոցով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սեփական վերլուծական մտքի միջոցով։ Անվանման երկրորդ մասը՝ վալ ջամա‘ա, ենթադրում է համայնքի և հետևորդների կողմից մարգարեի առաքելության ճանաչումը և նրա մեթոդի հետևումը տարբեր հարցեր լուծելու ժամանակ։ Առաջին անգամ ջամա‘ա եզրը հայտնի է դարձել Հասան իբն Ալիի կողմից Մուավիայի խալիֆայության տիրապետության շրջանում։ Քաղաքացիական պատերազմի ավարտի տարին պատմության մեջ մտել է միասնության տարի (սանաթ ալ ջամա‘ա) անվանումով[3]։

Պատմություն խմբագրել

Մուհամմադ մարգարեի և առաջին երեք ուղղահավատ խալիֆների կյանքի ժամանակաշրջանում մուսուլմանական համայնքը (ումմա) եղել է միասնական։ 656 թվականին Ուսման խալիֆի սպանությունից հետո մուսուլմանական համայնքում տարաձայնություններ են առաջացել, որն ավելի է խորացել Ալի իբն Աբի Տալիբի և Մուավիայի հակամարտության ժամանակ։ Խալիֆայության ընդարձակումից հետո որոշ ժողովուրդներ, որոնք ընդունել էին իսլամ, փորձել են իսլամական հավատի դոկտրինայի մեջ մտցնել իրենց նախկին հավատալիքների տարրեր։ Դա նպաստել է կրոնի հետևորդների շրջանում աղանդավորության ու ծայրահեղությունների զարգացմանը, որն էլ իր հերթին հանգեցրել է հասարակության տարանջատվածությանը։ Աղանդավորների ու ծայրահեղականների դեմ հանդես են եկել շատ հետևերդներ (թաբիիններ), որոնք կողմ են եղել հավասարակշռված ուղուն։ Այս ուղղության հիմնադիրներ կարելի է համարել Իբն Ումարային, Իբրահիմ ան Նահաիին, Հասան ալ Բասրիին, Աբու Հանիֆային և արաբ այլ աստվածաբանների[3]։

Չափավորների համակարգման գործում մեծ դերակատարում է ունեցել երդվյալ սուննիական Հասան ալ Բասրին, որը ներկայացրել է քաղաքական հարցերի և աղանդավորության իր այդ տեսությունը։ Նա քննադատության է ենթարկել Օմայանների արքայատոհմի կառավարումը։ Հասան ալ Բասրին հայտնել է իշաանությունը պահպանելու արգելքի մասին, ինչը հակասում է Ղուրանի և սուննայի դրույթներին։ Այս հայտարարությունը նա արել է՝ հիմնվելով Մարգարեի մասին հադիսին, որտեղ արգելվում է ենթարկվել այն մարդկանց իշխանությանը, որոնք մեղք են գործում Ալլահի նկատմամբ։ Նա եղել է հանդուրժողականության և պասիվ դիմադրության կողմնակից՝ կոչ անելով հենվել Ալլահի օգնությանը, ոչ թե իշխողների նկատմամբ զինված դիմադրություն կազմակերպելուն։ Ընդ որում, մուսուլմանները պետք է գործեն միայն իսլամի աստվածաբան Ֆակիհի գրությունների համապատասաան՝ խուսափելով ինքնագործունեությունից[3]։

Հասան ալ Բասրին նաև կոշտ դիրքորոշում է ունեցել մութազիլիականության հիմնադիր Վասիլ իբն Աթայի հանդեպ, որը ներկայացրել է մեծ մեղքեր գործած մարդկանց հանդեպ իր հայացքները։ Ծայրահեղական շիաների և հարիջիթների աշխարհայացքը, որոնք մեղք գործած մարդկանց համարում էին իսլամի գրկից դուրս եկածներ, նա նույնպես մերժել է։ «Հավասարակշռված» ուղղությունը և միասնական ու մաքուր հավատը մատնանշելու համար աղանդավորությունն ու քաղաքացիական դիմադրությունը Հասան ալ Բասրիի ժամանակաշրջանում կիրառել են ահլ ալ սուննա, ահլ ալ հակ, ահլ ալ ջամա‘ա, ահլ ալ հադիս եզրերը։ Ահլ ալ սուննա եզրն առաջին անգամ կիրառել է Իբն Սիրինը (մահացել է 728 թվականին), որը սկսել են կիրառել մուսուլմանների ուղղահավատ մեծամասնությունը նշելու համար։ Սուննի իսլամականների համար կիրառվել է նաև ահլ ալ հակ վա լ ջամա‘ա եզրը, որ ներմուծել է Աբու ալ Լեյս աս Սամարղանդին (մահացել է 898 թվականին)։ Սկսած երկրորդ դարից՝ հիջրան մատնանշելու համար սուննիականները կիրառել են նաև ահլ ալ հակ ալ իստիկամա, ահլ աս սուննա վա ն նակլ, ասհաբ ալ հադիս անվանումները։ Ավելի ուշ Մուհամմադ մարգարեի ուղու հետևորդ մուսուլմանների մեծամասնությունը նշելու համար կիրառվել է ահլ աս սուննա վալ ջամա‘ա եզրը, որն առաջին անգամ հանդիպում է Աբու ալ Լեյս աս Սամարղանդիի «Աշ Շարհ ալ ֆիկհ ալ աքբար» աշխատությունում[3]։

Տարածում խմբագրել

 
10 %-ից ավել մուսուլմանական բնակչություն ունեցող երկրների պատկեր կանաչ: սուննի մուսուլմաններ, մանուշակագույն: շիա մուսուլմաններ, կապույտ: իբադիտներ

Փյու հետազոտական կենտրոնի (անգլ.՝ Pew Research Center) տվյալներով 2010 թվականին աշաարհում գոյություն է ունեցել 4.62 միլիարդ մուսուլման, որի 85-90 %-ը պատկանել է սուննի ուղղությանը[4][5]։

Սուննի իսլամի առանձնահատկություններ խմբագրել

Սուննի իսլամը շեշտադրում է կատարում Մուհամմադ մարգարեի սուննայի (այստեղ ներկայացված են նրա գործունեությունը, խոսքերը) հետևմանը, ավանդույթների պահպանմանը, համայնքի մասնակցությանը խալիֆի ընտրությանը։ Սուննի իսլամին պատկանելու հիմնական բաղադրիչներն են.

  • Հադիսի հիմնական վեց ժողովածուների (Ալ Կուտուբ աս Սիտա) գերակայության ընդունումը (դրանք կազմել են Ալ Բուաարին, Մուսլիմը, Ատ Տիրմիզին, Աբու Դաուդը, Ան Նասաին և Իբմն Մաջին)
  • Իրավաբանական չորս դպրոցների ընդունումը՝ Մալիքիական մազհաբ, Շաֆիթական մազհաբ, Հանաֆիական մազհաբ, Հանբալյան մազհաբ
  • Աքիդայի դպրոցի ընդունում՝ ասարիա, աշարիականություն, մատուրիդիզմ
  • Ուղղահավատ խալիֆների կառավարման օրինականության ընդունում (իբադիտներն ընդունում են միայն Աբու Բաքրին և Ումարին, իսկ շիա իսլամականները՝ միայն Ալիին)։

Հայտնի չէ, թե երբ է ձևավորվել սուննիզմ եզրը, սակայն շիայի համեմատությամբ սուննիզմն ունի ավելի հստակ բովանդակություն. այն հետևում է Մուհամմադ մարգարեի կյանքի ուղուն։ Շիա իսլամը որպես մուսուլմանական համայնքի աշխարհիկ ղեկավար ընդունում է միայն Ալիի հետնորդների իրավունքը։

Հադիսաբանություն խմբագրել

Իսլամի տարածման առաջին դարերում հադիսների մեծ մասը, որոնցից բաղկացած է Սուննան, տարածվել են բանավոր եղանակով առաքյալների կողմից, որոնք վերապատմել են Մուհամմադ մարգարեի խոսքերն ու մեկնաբանել նրա գործերը, իսկ աշակերտներն իրենց հերթին մեկնել են խալիֆայության տարբեր անյուններ։ Սակայն երբ իսլամի հետևորդները կրոնի տարածման հետ սկսել են ցրվել խալիֆայության տարբեր անկյուններ, և իրենց թիվն էլ զգալիորեն պակասել է, մեծ ուշադրություն է տրվել հադիսներին և նրանց գրավոր պահպանությանը։ Հադիսների առաջին ժողովածուն, որտեղ դրանք դասակարգված են ֆիկհի (վարքի մուսուլմանական հայեցակարգ) տարբեր բաժիններում, եղել է իմամ Մալիկ ալ Մուվատի ժողովածուն, իսկ առաջինը, ով դասակարգել է հադիսներն անուններով, եղել է Աբու Դաուդը։

Մուհամմադ մարգարեի մահից մոտ 200 տարի անց գրվել են սուննիական հադիսների վեց ժողովածուները, որոնք կազմել են իսլամի աստվածաբանները։ Այն անվանել են Կուտուբ աս Սիտա կամ Աս Սիհահ աս սիտա։ Պաշտոնապես դրանք առաջին անգամ հավաքվել են 11-րդ դարում իսլամի աստվածաբան Իբն ալ Կայսարանիի կողմից[6][7]։

Կուտուբ աս Սիտան համընդհանուր ճանաչում ունի սուննի իսլամականների կողմից։ Դրա կազմի մեջ մտնում են.

  1. Իմամ Ալ Բուաարիի «Ալ Ջամի աս Սահիհը»
  2. Իմամ Մուսլիմի «Ալ Ջամի աս Սահիհը»
  3. Իմամ Աբու Դաուդի «Սունանը»
  4. Իմամ Ատ Տիրմիզիի «Ջամին»
  5. Իմամ Աս Նասաիի «Աս Սունան ալ Սուհրան»
  6. Իմամ Իբն Մաջի «Սունանը»։

Ինչ վերաբերում է Կուտուբ աս Սիտայի արժանահավատությանը, սուննիականները նախապատվությունը տալիս են Ալ Բուհարիի և Մուսլիմի հադիսներին, իսկ այլ ժողովածուներում հիշատակված մի քանի այլ հադիսների կապակցությամբ կան տարաձայնություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Քանի մուսուլման կա աշխարհում (ռուս.)
  2. Իսլամի հիմնական հոսքերը Արխիվացված 2015-09-07 Wayback Machine(ռուս.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Али-заде, 2007
  4. «Region: Middle East-North Africa». The Future of the Global Muslim Population – Executive Summary. Pew Research Center. 2011 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  5. «Quick guide: Sunnis and Shias». BBC News. 2011 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
  6. Ignác Goldziher, Muslim Studies, vol. 2, pg. 240. Halle, 1889—1890. ISBN 0-202-30778-6
  7. Scott C. Lucas, Constructive Critics, Ḥadīth Literature, and the Articulation of Sunnī Islam, pg. 106. Leiden: Brill Publishers, 2004.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուննի իսլամ» հոդվածին։