Սիգրիդ Հյերտեն (շվեդ.՝ Sigrid Hjertén, հոկտեմբերի 27, 1885(1885-10-27)[1][2][3][…], Sundvall parish, Սունդսվալ, Վեսթերնորլանդ, Շվեդիա[1] - մարտի 24, 1948(1948-03-24)[1][2][3][…], Սալտսյոբադեն, Շվեդիա[1]), շվեդ նկարչուհի։ Համարվում է շվեդական մոդեռնիզմի հիմնական դեմքերից մեկը, նկարչությամբ զբաղվել է շուրջ 30 տարի, մասնակցել 106 ցուցահանդեսների։ Մահացել է շիզոֆրենիայի բարդությունների պատճառով կատարված անհաջող լոբոտոմիայից հետո։

Սիգրիդ Հյերտեն
շվեդ.՝ Sigrid Hjertén
Ծնվել էհոկտեմբերի 27, 1885(1885-10-27)[1][2][3][…]
ԾննդավայրSundvall parish, Սունդսվալ, Վեսթերնորլանդ, Շվեդիա[1]
Վախճանվել էմարտի 24, 1948(1948-03-24)[1][2][3][…] (62 տարեկան)
Մահվան վայրՍալտսյոբադեն, Շվեդիա[1]
Քաղաքացիություն Շվեդիա[4]
ԿրթությունՄատիսի ակադեմիա և Կոնստֆակ
Մասնագիտություննկարչուհի, տեքստիլ նկարչուհի, նկարչության ուսուցիչ և արվեստագետ
Ոճէքսպրեսիոնիզմ
Թեմաներգեղանկարչություն[5] և գեղարվեստական ​​կրթություն[5]
ԱմուսինԻսահակ Գրյունևալդ[6]
ԶավակներԻվան Գրյունևալդ
 Sigrid Hjertén Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սիգրիդ Հյերտենը ծնվել է 1885 թվականին, Սունդսվալում։ Սովորել է Ստոկհոլմի համալսարանի արվեստի, արհեստների և դիզայնի քոլեջում, որտեղ ստացել է նկարչության ուսուցչի մասնագիտություն։ 1909 թվականին արվեստի ստուդիայի երեկույթներից մեկում Հյերտենը հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ քսանամյա Իսահակ Գրյունևալդին, ով Փարիզում սովորում էր Անրի Մատիսի մոտ։ Գրյունևալդը համոզել է Հյերտենին, որ նրա կոչումը նկարչուհի լինելն է, և 1909 թվականին Հյերտենը ընդունվել է Մատիսի ակադեմիա։ Այդ ժամանակ ասում էին, որ նա դարձել էր Մատիսի ամենասիրելի աշակերտուհիներից մեկը, նրա գույնի նուրբ զգացողության շնորհիվ[7]։

1910-ական թվականներ խմբագրել

Հենրի Մատիսի մոտ սովորելիս Հյերտենը զարմանում էր, թե ինչպես են նա և Պոլ Սեզանը վերաբերվում գույներին։ Իր նկարներում նա փորձում էր հասնել նույն էֆեկտին՝ օգտագործելով հակապատկեր գունային դաշտեր և պարզեցված ուրվագծեր, որպեսզի պատկերը հնարավորինս արտահայտիչ դառնա։ Հյերտենը ձգտում էր գտնել ձևեր և գույներ, որոնք կարող են հույզեր փոխանցել։ Նրա աշխատանքներըը ավելի սերտ կապեր ունեն գերմանացի այնպիսի էքսպրեսիոնիստների հետ, ինչպիսիք են Էռնստ Լյուդվիգ Կիրխները, քան ֆրանսիացիների հետ, ովքեր նախընտրում են գծերի նրբագեղ խաղը։

Մեկուկես տարի սովորելուց հետո Հյերտենը վերադառնում է Շվեդիա և 1912 թվականին մասնակցում Ստոկհոլմում կազմակերպված խմբակային ցուցահանդեսին, որն էլ նրա առաջին մասնակցությունն էր, որպես նկարիչ։ Հաջորդ տասը տարիների ընթացքում Սինգրիդը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների ինչպես Շվեդիայում, այնպես էլ արտերկրում, մասնավորապես 1915 թվականին Բեռլինում, որտեղ լավ ընդունելության է արժանացել։ Սիգրիդ Հյերտենը երկու այլ նկարիչների հետ միասին 1918 թվականին Ստոկհոլմի Լիլևալս պատկերասրահում մասնակցել է նաև էքսպրեսիոնիստական Expressionist Exhibition ցուցահանդեսին։ Այնուամենայնիվ, ժամանակի քննադատները ոգևորված չէին նրա արվեստով։

Հյերտենի աշխատանքներում առանձնացվում են զարգացման մի քանի փուլեր։ Մատիսի ազդեցությունը հիմնականում սահմանափակվում է 1910-ական թվականներով։ Այս տասնամյակի ընթացքում Հյերտենը ստեղծել է ինտերիերի և պատուհանից տեսարանների բազմաթիվ նկարներ, նախ Կորնհամնստորգ հրապարակի տանից, այնուհետև Կատարինավեգեն փողոցում գտնվող տանից։ Նրա ամուսինը՝ Իսահակ Գրյունևալդը, որդին՝ Իվանը, ինչպես նաև Սիգրիդը, նկարներում հաճախ դառնում էին բախումների մասնակիցներ։ Այդ ժամանակ Հյերտենը ծանոթացավ շիզոֆրենիայով տառապող Էռնստ Յուսեֆսոնի հետ։ Նրա ստեղծագործությունները որոշակի ազդեցություն ունեցան Հյերտենի վրա։

Ateljéinterior խմբագրել

Ateljéinteriör-ը («Նկարիչների արվեստանոց» 1916) ցույց է տալիս, թե որքան վճռական է եղել Հյերտենը իր ժամանակի համար։ Նկարում նա պատկերված է որպես նկարչուհի, կին և մայր, տարբեր անհատականություններ տարբեր աշխարհներում։ Հյերտենը նստած է բազմոցին, երկու նկարիչների իր ամուսնու ՝ Իսահակ Գրյունևալդի և, հավանաբար, Էյնար Իոլինի միջև, ովքեր նրա գլխավերևում խոսում են միմյանց հետ։ Հյերտենի մեծ կապույտ աչքերը նայում են հեռուն։ Առաջին պլանում պատկերված է սևազգեստ մի կին, ով հենված է մի տղամարդու, հավանաբար նկարիչ Նիլս ֆոն Դարդելի վրա։ Որդին՝ Իվանը, վեր է բարձրանում աջ անկյունում։ Ետին պլանում կարելի է տեսնել Հյերտենի նկարներից մեկը` Zigenarkvinna-ը («Գնչուհին»)։ Ateljéinteriör-ը և Den röda rullgardinen-ը («Կարմիր վարագույրը», 1916) մարտահրավեր արտահայտող նկարներ են, որոնք վերջին տարիներին առաջ են բերում նոր մեկնաբանություններ` հիմք ընդունելով ժամանակակից գենդերային քաղաքականության ուսումնասիրությունները, որոնք բացահայտում են նկարչի անձնական կյանքի նոր կողմերը։

 
Ateljéinteriör 1916 - Սիգրիդ Հյերտենի ամենանշանավոր գործերից մեկը, Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարան

1920-ական թվականներ խմբագրել

1920-1932 թվականներին Իերտինը իր ընտանիքի հետ բնակվում էր Փարիզում և ճամփորդում ֆրանսիական գյուղերում և իտալական Ռիվիերայում՝ որոնելով բնօրինակներ։ Հյերտենի նկարներում հարաբերական ներդաշնակության շրջան էր, և ցուցահանդեսների քանակը պակասեց։ Ամուսինը հաճախ այցելում էր Ստոկհոլմ, որտեղ փայլուն կարիերա էր անում։ 1920-ականների վերջին Հյերտենն ավելի հաճախ էր տառապում տարբեր հոգեսոմատիկ հիվանդություններով՝ դժգոհելով մենությունից։ Ժամանակի ընթացքում նրա աշխատանքներում նկատվում է լարվածության աճ, որը հասավ իր գագաթնակետին և հիվանդությունը պատճառ դարձավ, որ Հյերտենը դադարեցնի նկարչությամբ զբաղվելը։ 1920-ականների վերջին, Ֆրանսիայում մենավոր կյանքի ընթացքում նրա նկարներում հայտնվեցին ցուրտ և մուգ երանգներ։ Կրկնվող անկյունագծային նրբագծերը նպաստում էին նկարներում լարվածության ավելացմանը։ 1930-ական թվականներին ի հայտ եկան նոր մոտիվներ, որոնք բնութագրվում էին մռայլ երանգներով, կուտակվող ամպերով և լքվածության զգացողությամբ։

1930-ական թվականներ խմբագրել

1932 թվականին Հյերտենը որոշեց վերադառնալ Ստոկհոլմ, բայց հավաքների ժամանակ կորցրեց գիտակցությունը։ Հասնելով Շվեդիա՝ նա ժամանակավորապես տեղավորվեց Բեկոմբերգի հոգեբուժարանում` շիզոֆրենիայի ախտանիշներով։ Ժամանակ առ ժամանակ նկարչի վիճակը բարելավվում էր, իսկ հաջորդ երկու տարիներին՝ 1932-1934 թվականներին, նրա ստեղծագործական տաղանդը բացահայտվեց առավելագույն ուժով։ Նա աշխատում էր մոլագարի նման՝ փորձելով նկարներում արտահայտել իր գերծանրաբեռնված զգացողությունները։ Ամեն օր Հյերտենը մեկ նկար էր նկարում՝ ստեղծելով իր կյանքի գեղարվեստական ժամանակագրությունը, ինչպես նշված է շվեդական «Paletten» ամսագրին տված հարցազրույցում։

Որոշ նկարներ սարսափազդու էին, իսկ մյուսներից ճառագայթում էին ջերմությունն ու ներդաշնակությունը։ 1934 թվականին Հյերտենը ընտանիքի հետ ճամփորդում է Եվրոպայի հարավում, որտեղ շարունակում է նկարել։ 1935 թվականին, քննադատները, վերջապես, ընդունեցին նրա տաղանդը, երբ Գյոթեբորգում կայացավ Գրյունևալդի հետ համատեղ նրա ցուցահանդեսը։ Այնուամենայնիվ, ժամանակակից քննադատների մեծ մասը բացասական և նույնիսկ արհամարհական էին արտահայտվում Հյերտենի նկարների մասին, շատերը գրում էին վիրավորական գրախոսականներ։ Նրա նկարները կոչում էին «ապուշություն», «անհեթեթություն», «սարսափազդու» և «խեղման արդյունք»։ Միայն 1936 թվականին Հյերտենը հասարակական ճանաչում ստացավ և անհատական ցուցահանդես կազմակերպեց Ստոկհոլմում գտնվող Արքայական թագավորական ակադեմիայում։ «1936 թվականին նրա շուրջ 500 աշխատանքները դիտելուց հետո քննադատները միակարծիք էին, ցուցահանդեսը գնահատվեց որպես սեզոնի առավել ուշագրավ միջոցառումներից մեկը, իսկ Սիգրիդ Յորթենը ճանաչվեց, որպես Շվեդիայի ամենահայտնի և յուրօրինակ ժամանակակից նկարիչներից մեկը։ Այսպիսով, նա ճանաչում ստացավ, բայց շատ ուշ»։ Իսահակ Գրյունևալդը, որը շատ սիրուհիներ ուներ, ամուսնալուծվեց Հյերտենից և կրկին ամուսնացավ։ Նա և իր նոր կինը մահացել են 1946 թվականին ավիավթարի հետևանքով։

1930-ականների վերջին Հյերտենը տառապում էր հոգեկան հիվանդության սրացումից, նրան ախտորոշեցին շիզոֆրենիա և տեղավորեցին Բեկոմբերգի հոգեբուժարանում, որտեղ էլ նկարիչն անցկացրեց իր կյանքի մնացած մասը։ 1938 թվականից հետո նա սկսեց քիչ նկարել, իսկ 1948 թվականին՝ կատաղության պահին հիվանդանոցի անձնակազմի աշխատակիցների վրա հարձակվելուց հետո, կատարված անհաջող բժշկական միջամտության հետևանքով, նա մահացավ։

Ժառանգություն խմբագրել

Սիգրիդ Հյերտենի ստեղծած նկարների ընդհանուր քանակը 500-ից ավելին է։ Նա թողել է նաև շատ էսքիզներ, ջրաներկ աշխատանքներ և գծանկարներ։ Հյերտենը ամբողջ կարիերայի ընթացքում ստիպված էր պայքարել իր ժամանակի նախապաշարմունքների դեմ։ Նրա ստեղծագործությունները շատ անհատական էին թվում այն դարաշրջանի համար, որում դրանք ստեղծվել էին, երբ նկարիչների մտքերը զբաղված էին գույնի և ձևի ընտրության հարցերով։ Մարդու հանդեպ նրա հետաքրքրությունը հաճախ դրսևորվում էր դրամատիկ, նույնիսկ թատերական կոմպոզիցիայով, մինչդեռ գույնի նկատմամբ նրա մոտեցումները հուզական և տեսական էին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Sigrid M Hjertén (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sigrid Hjertén (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  5. 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Hjertén, Sigrid Maria // (unspecified title)
  7. Ingelman, Ingrid (1984), «Women Artists in Sweden: A Two-Front Struggle», Woman's Art Journal, 5 (1): 1–7

Գրականություն խմբագրել

  • Gunnarsson, Annika. Sigrid Hjertén(շվեդ.) // Moderna museet - boken / ed. Cecilia Widenheim et al.. — Stockholm: Moderna museet, 2004. — ISBN 91-7100-724-5.
  • Katarina Borgh Bertorp. Sigrid Hjertén: l'hértière de Matisse du Grand Nord: heir of Matisse from the Far North. — Paris: Centre Culturel Suédois, 1997.
  • Goldman, Anita. I själen alltid ren: Om Sigrid Hjertén. — Stockholm: Natur & Kultur, 1995. — ISBN 91-27-05485-3

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգրիդ Հյերտեն» հոդվածին։