Այս հոդվածը գոյականի սեռի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սեռ (այլ կիրառումներ)։

Սեռ, գոյականին հատուկ քերականական կարգ, որը դասի կարգի մասնակի արտահայտությունն է և բնութագրում է գոյականները՝ որևէ ձևական հատկանիշի հիման վրա դրանք դասակարգելով երեք սեռի՝ արական, իգական և չեզոք (գերմաներենում, ռուսերենում) կամ երկու սեռի՝ արական, իգական (ֆրանսերենում)։ Գոյականի սեռային տարբերակում ունեցող լեզուների մեծ մասում ածականները, դասական թվականները, որոշ դերանուններ, դերբայները և բայի խոնարհման որոշ ձևեր ունեն սեռային վերջավորություններ, որոնցով համաձայնում են գերադաս գոյականի հետ։ Այն լեզուներում, որոնցում գոյականների պատկանելիությունը այս կամ այն սեռին որոշվում է մասնիկներով կամ հիմքերով, սեռային տարբերակումը դրսևորվում է նաև հոլովման հարացույցում։

Գոյականի սեռերի քանակը տարբեր լեզուներում

Քերականական սեռը հայերենում խմբագրել

Անվանական սեռ ունեն ոչ բոլոր լեզուները։ Այն հատուկ է եղել հնդեվրոպական բոլոր լեզուներին, սակայն դրանց մի մասում, այդ թվում նաև հայերենում, այն չի պահպանվել (կան միայն առանձին վերապրուկային ձևեր)։ Հայերենի գոյականների համակարգում կա միայն բնական սեռային տարբերակում, որը կատարվում է կամ բառային միջոցներով (մաքի-խոյ, աղջիկ-տղա, երինջ-արջառ), կամ բառակազմական միջոցներով (աշակերտ-աշակերտուհի, ուսուցիչ-ուսուցչուհի)։

Քերականական սեռը այլ լեզուներում խմբագրել

Գոյականների մեջ ընդհանուրը և մասնավորը նշող սեռերից մեկը անհատական սեռն է։ Այն կա, օրինակ, աֆրիկյան սահո, աֆար, բիլի լեզուներում։ Այսպես՝ բիլի լեզվում տվյալ տեսակից մեկ կամ մի քանի անհատներ առանձնացնելու համար բառին ավելացնում են համապատասխան ցուցիչ․ օրինակ՝ dimmū նշանակում է ընդհանրապես կատու, իսկ dimmū-ra` որևէ մասնավոր կատու[1]։

Գրականություն խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 15։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։