Սարիգյուղի ագաթի հանքավայր

Սարիգյուղի ագաթի հանքավայր, հանքավայր ՀՀ Տավուշի մարզում՝ Սարիգյուղ և Սևքար գյուղերի շրջակայքում։ Հանքային տեղամասերը կազմում են 6 կմ², հայտնաբերվել է 1931 թվականին։

Կառուցվածք խմբագրել

Սարիգյուղի ագաթին բնորոշ է համակենտրոն կառուցվածքը։ Հանքատար ապարները նշաքարային անդեզիտային պորֆիրիտներ են, որոնք հատվում են սև բազալտային անդեզիտների պորֆիրիտների մինչև 8 մ հաստության դայքերով։ Վերջինի երկայնքով ձգվում են տարածման տեկտոնական խախտումներ, դրանց և փոխակերպված պորֆիրիտների հետ են կապված ագաթի հարուստ պարունակությունները։

Պորֆիրիտների դայքերը հարուստ են մինչև 40 սմ մեծության նշաձև ագաթներով։ Առավել տարածված է շափյուղա տարբերակը։ Հիմնական արդյունաբերական տիպը նշաձև հանքայնացումն է։ Երակներն ու երակիկները միամիներալ (կազմված երկնագույն կամ մանուշակագույն ագաթից՝ քաղկեդոնից) և բազմամիներալ (ագաթ-քվարցային, ագաթ-կալցիտային, ագաթ-քվարց-մեղեսիկային և կալցիտ-ագաթ-ցեոլիթային) առաջացումներ են։ Արդյունաբերական կարևոր նշանակություն ունեն Քերծի-ուս և Քերծի-առաջ տեղամասերը։

Ագաթների գեղեցիկ տարբերակներն օգտագործվում են որպես զարդաքար, մյուսները՝ տեխնիկական նպատակներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։