Սարգիս Սելյան (20 փետրվարի, 1880, Օվաջըկ, Նիկոմիդայի գավառակ, Բրուսայի նահանգ - ?), հայ դեղագործ, ազգային գործիչ։

Սարգիս Սելյան
Ծնվել էփետրվարի 20, 1880(1880-02-20)
ԾննդավայրՕվաջըկ, Նիկոմիդայի գավառակ, Բրուսայի նահանգ
Մահացել էանհայտ
ԿրթությունԿ. Պոլսի Օսմանյան դեղագործական վարժարան
Մասնագիտությունդեղագործ և համայնքի ղեկավար

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1880 թվականի փետրվարի 20-ին Բրուսայի նահանգի Նիկոմիդիայի գավառակի Օվաջըկ գյուղում։ 1905 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան դեղագործական վարժարանը։ 1905 թվականին տեղափոխվել է Տրապիզոնի նահանգի Սամսոն (քաղաք) քաղաքը և կառավարական դեղագործ աշխատել։ Իսկ 1907 թվականից կառավարական դեղագործ է աշխատել Սիվրիհիսար քաղաքում։ Այստեղ ամուսնացել է և սեփական դեղատուն բացել։ Շուտով դարձել է Սիվրիհիսարի ազգային գործիչներից մեկը և մշակութային, ազգային, քաղաքական աշխույժ գործունեություն ծավալել։

1914 թվականին՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ, զորակոչվել է օսմանյան բանակ և Անկարայի զինվորական դեղագործ ծառայել։ 1915 թվականին վերադարձել է Սիվրիհիսար և տեղի հայության հետ աքսորվել մինչև Ռակկա։ Աքսորի ճանապարհին կորցրել է իր 40 հոգանոց ընտանիքի անդամներին, իսկ ինքը հրաշքով փրկվել։ Ռակկայում թաղապետական առողջապահական պաշտոնյա և բժշկական փոխանորդ է նշանակվել և աշխատելու ընթացքում բազմաթիվ տարագիրների և որբերի ազատել ստույգ մահից։ Հետագայում հաստատվել է Հալեպում և սեփական դեղատուն բացել։ Որդին՝ Վազգեն Սելյանը, դեղագործ էր Հալեպում։

Գրականություն խմբագրել

  • Տէր Յովհաննէսեան Գրիգոր, Պատմագիրք Սիվրի-Հիսարի հայոց, Պէյրութ, 1965։

Աղբյուր խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։