Սանթոս Վեգա (իսպ.՝ Santos Vega), արգենտինացի գաուչո (որպես կանոն՝ գյուղական ծագում ունեցող, խիզախ, հնարամիտ հեծյալ), որի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, բացի նրանից, որ առիթ է տվել ծնունդ առնելու մի լեգենդի, ըստ որի՝ 1824 թվականին տեղի ունեցած մի պայադայի (թափառաշրջիկ աշուղների երգի ու սրախոսության մրցույթ, յուրօրինակ միջլիս) ժամանակ մրցել է Խուան Գալբերտո Գոդոյի (1793-1864 թթ.) հետ և այդ մենամարտում պարտություն է կրել

Սանթոս Վեգա
Տեսակմարդ
Սեռարական
ՔաղաքացիությունԱրգենտինա
Մահվան տարեթիվ1825
Մասնագիտությունգաուչո և payador
 Santos Vega Վիքիպահեստում
Ռաֆայել Օբլիգադոյի,,Սանթոս Վեգա,, պոեմի 1937 թ. հրատարակության տիտղոսաթերթը

Ըստ լեգենդի՝ Խուան Ալբերտո Գոդոյի կամ Զգեստազուրկ Խուանի անվան տակ թաքնված՝ Սանթոս Վեգայի հետ երգով ու սրախոսությամբ մենամարտել է ոչ այլ ոք, քան հենց ինքը՝ սատանան, որին էլ հաջողվել է հաղթանակ տանել անպարտելի համարվող պայադորի՝ թափառաշրջիկ գուսանի նկատմամբ։ Նրա աճյունը 1945 թվականին հայտնաբերվել է Բուենոս Այրես պրովինցիայի Խեներալ Լավալ քաղաքի մերձակայքում՝ Լաս Տիժերաս կոչվող վայրում։ 1948 թվականի փետրվարի 28-ին նշանավոր պայադորի դին հանդիսավոր արարողությամբ վերահուղարկավորվել է Սան Կլեմենտե դե Տույի քաղաքից մոտավորապես տասը կիլոմետր հեռավորության վրա գտնվող մի գեղատեսիլ վայրում, որտեղ ի պատիվ նրա՝ շքեղ զբոսայգի է հիմնվել, տեղադրվել է նրա հուշարձանը, որն անվանի քանդակագործ Լուիս Պերլոտիի վերջին ավարտուն աշխատանքն է։ 1983 թվականի մարտին Սանթոս Վեգայի շիրիմն ու հուշարձանն այստեղից տեղափոխվել և իրենց վերջնական հանգրվանն են գտել Խեներալ Լավալ քաղաքում գործող տարածաշրջանային պատմության թանգարանին կից զբոսայգում, որտեղ ամեն տարի անց է կացվում Սանթոս Վեգային և պայադորների արվեստին նվիրված համազգային տոնախմբությունների շաբաթ՝ մշակութային մի անչափ հետաքրքիր իրադարձություն, որին հաճույքով մասնակցում են ոչ միայն տեղացիներ, այլև բազմաթիվ զբոսաշրջիկներ։

Քաղաքական գործիչ և գրող Բարտոլոմե Միտրեն արգենտինական գրականության պատմության մեջ առաջինն էր, որ Սանթոս Վեգայի մասին հորինված ժողովրդական զրույցների հիման վրա մի պոեմ գրեց և հրատարակեց 1854 թվականին; Դրանից տասնութ տարի անց բանաստեղծ Իլարիո Ասկասուբին լույս ընծայեց մի ավելի ընդարձակ չափածո ստեղծագործություն՝ "Santos Vega o los Mellizos de la Flor" («Սանթոս Վեգա, կամ՝ Ծաղիկ երկվորյակներ») վիպերգը, որտեղ գլխավոր հերոսը հենց ինքն է իր իսկ անունից պատմում գլխով անցած-դարձածը, ներկայացնում իր հորինած երգերը[1]։ Կարճ ժամանակ անց Էդուարդո Գուտիերեսը (1851-1889 թթ.) տպագրեց ժողովրդական կատակաբանությունների հիման վրա ստեղծած,,Սանթոս Վեգայի և նրա ընկերոջ՝ Կարմոնայի պատմությունը,, երգիծավեպը։ Այս ստեղծագործությունից ներշնչված՝ նշանավոր բանաստեղծ Ռաֆայել Օբլիգադոն (1851-1920 թթ.) 1885 թվականին ռոմանտիկական ոգով արարեց «Սանթոս Վեգա» անմահ պոեմը, որը համարվում է արգենտինական գրականության գոհարներից մեկը։

Անպարտելի պայադորի արկածալից կյանքին ու ստեղծագործությանը անդրադարձել են նաև արգենտինացի կինոգործիչները, որոնք տարբեր ժամանակներում (1917, 1936, 1947 և 1971 թթ.) նրա մասին արդեն չորս կինոֆիլմ են նկարահանել։

1917 թվականին իր իսկ պատրաստած սցենարով նրա մասին ֆիլմ է նկարահանել Կառլոս դե Պաոլին[2]։ Նույն կերպ կինոռեժիսոր Լեոպոլդո Տոռես Ռիոսը 1947-ին նկարահանել է «Santos Vega vuelve» կինոնկարը[3]։

1936-ին կինոռեժիսոր Լուիս Բարտը, Ուգո Մակ Դուգալի հեղինակակցությամբ, ֆիլմ է նկարահանել Էդուարդո Գուտիերեսի վերոնշյալ վեպի հիման վրա[4]։

1971-ին էկրան է բարձրացել կինոռեժիսոր Կառլոս Բորկոսկե-Որդու նկարահանած «Santos Vega»-ն[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. |apellidos=Ascasubi|nombre=Hilario|enlaceautor=Hilario Ascasubi|título=Santos Vega, o, los mellizos de la flor|url=http://www.worldcat.org/title/santos-vega-o-los-mellizos-de-la-flor/oclc/58544551&referer=brief_results%7Cfechaacceso=19 de febrero de 2011|año=2004|editorial=Stockcero|ubicación=Buenos Aires|isbn=9789871136223|páginas=256}}
  2. http://www.cinenacional.com/peliculas/index.php?pelicula=2725 |título=Santos Vega (1917) |fechaacceso=19 de febrero de 2011|autor=Cinenacional.com}}
  3. http://www.cinenacional.com/peliculas/index.php?pelicula=1826 |título=Santos Vega vuelve (1947) |fechaacceso=19 de febrero de 2011|autor=Cinenacional.com}}
  4. http://www.cinenacional.com/peliculas/index.php?pelicula=1821 |título=Santos Vega (1936) |fechaacceso=19 de febrero de 2011|autor=Cinenacional.com}}
  5. http://www.cinenacional.com/peliculas/index.php?pelicula=1823 |título=Santos Vega (1971) |fechaacceso=19 de febrero de 2011|autor=Cinenacional.com}}

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանթոս Վեգա» հոդվածին։