Սահմանադրական Ռամկավար կուսակցություն

Սահմանադրական Ռամկավար կուսակցություն (կրճատ՝ ՍՌԿ, արմտ. հայ.՝ Սահմանադրական Ռամկավար կուսակցութիւն), հայկական լիբերալ-բուրժուական կուսակցություն։ Հիմնադրվել է 1908 թվականի հոկտեմբերի 31-ին Ալեքսանդրիայում, Եգիպտոս՝ Վերակազմյալ հնչակյաններ, Արմենական կազմակերպություն և այլ կազմակերպությունների նախկին անդամների մի խմբի կողմից։ Կուսակցությունը Թիֆլիսում հրատարակել է «Վան-Տոսպ», իսկ 1919 թվականին Երևանում՝ «Հայաստանի ձայնը» թերթերը։

Սահմանադրական Ռամկավար կուսակցություն
Սահմանադրական Ռամկավար կուսակցութիւն
ԵրկիրՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հայաստանի Առաջին Հանրապետություն Հայաստանի Առաջին Հանրապետություն
Հիմնադրված1908 թվականի հոկտեմբերի 31
Լուծարված1921 թվականի հոկտեմբերի 1
ԳաղափարախոսությունԼիբերալիզմ
Քաղաքական հայացքաջակողմյան ուժեր
Թերթ«Վան-Տոսպ» (Թիֆլիս), «Հայաստանի ձայնը» (Երևան)
ՀաջորդՌամկավար ազատական կուսակցություն

1921 թվականի հոկտեմբերի 1-ին Սահմանադրական Ռամկավար կուսակցությունը. ի թիվս այլ կուսակցությունների, հիմք դրեց Ռամկավար ազատական կուսակցության։

Պատմություն խմբագրել

ՍՌԿ ծրագրում նշվում էր, որ այն հանդիսանում է հայկական ազգային կուսակցություն, որը միավորում է ազգի բոլոր գիտակից և կենսունակ ուժերը՝ անկախ կրոն, և դասակարգ, պատկանելությունից։ ՍՌԿ որդեգրել էր «աշխատանքի, դրամագլխի և տաղանդի կամավոր ընկերակցության» սկզբունքը։ Ազգային հարցում հույս դնելով օսմանյան սահմանադրության վրա՝ հրաժարվել է Հայաստանի անկախության գաղափարից և պատրաստ էր փոխզիջման գնալ երիտթուրքերի հետ։ Սակայն շուտով, զգալով երիտթուրքերի դավադրական էությունը, փոխել է իր քաղաքականությունը նրանց նկատմամբ։ Չնայած կուսակցության գործելակերպում նկատվող որոշակի փոփոխություններին, իր II համագումարում (1913 թվական, Կոստանդնուպոլիս) այն որոշում ընդունեց ղեկավարվել I համագումարում (1911 թվական, Կոստանդնուպոլիս) ընդունված որոշումներով և ծրագրային դրույթներով՝ պաշտոնապես չփոխելով վերաբերմունքը երիտթուրքերի նկատմամբ։ Կուսակցությունն իր դիրքորոշումը հայկական հարցի, ինչպես և երիտթուրքերի նկատմամբ փոխել է միայն 1915 թվականի Մեծ եղեռնից հետո։ Արևմտահայության ցեղասպանությունից հետո ՍՌԿ ղեկավարությունը սկսել է սերտորեն գործակցել Հայ ժողովրդական կուսակցության հետ։

1919 թվականի դեկտեմբերին Երևանում հրավիրված կուսակցության շրջանային (Արևելյան Հայաստան) համագումարում որոշվել է՝ միավորվել Վերակազմյալ Հնչակյան կուսակցություն և Փարիզում կազմակերպված Ազատական միության հետ մեկ կուսակցության մեջ (սակայն այդ որոշումը չի իրականացել), պայքարել միացյալ և անկախ Հայաստանի ստեղծման համար։

ՍՌԿ-ը կազմակերպչորեն բաղկացած էր Կենտրոնական ակումբից, տեղական ակումբներից և օթյակներից։ Աշխարհագրական դիրքով իրար մոտ գտնվող ակումբները միանալով կազմում էին շրջանակներ։

Աղբյուրներ խմբագրել