Սալորօղի (կտավ)

Էդուարդ Մանեի նկար

Սալորօղի (ֆր.՝ La Prune), ֆրանսիացի գեղանկարիչ Էդուարդ Մանեի կտավը։ Ստեղծման ճշգրիտ թվականը հայտնի չէ, ենթադրվում է, որ այն ստեղծվել է 1877 թվականին։

Սալորօղի
La Prune
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Մանե
տարի1877
բարձրություն73.6
լայնություն50.2
ստեղծման երկիր Ֆրանսիա
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ
սեփականատերCharles Deudon?, Պոլ Մելոն և Արվեստի ազգային պատկերասրահ
Ծանոթագրություններ

Նկարագրություն խմբագրել

Կտավը միայնության էտյուդ է։ Այն պատկերում է խաղաղ, գրեթե մելանխոլիկ տեսարան[1]՝ սրճարանում նստած երիտասարդ կին։ Նկարին նայողը կնոջը տեսնում է մոտիկից, ավելի շուտ մեկի աչքերով։ Կինը կարող է լինել թեթևաբարո, որ սպասում է հերթական այցելուին, կամ հասարակ վաճառողուհի, որ պարզապես զրուցակցի է փնտրում։ Սեղանին դրված է սալորով բաժակ, որի մեջ լցված է օղի՝ փարիզյան սրճարաններին բնորոշ խմիչք (նկարի սկզբնական տարբերակում եղել է գարեջրով գավաթ)։ Հենց սալորով օղուց էլ առաջացել է կտավի անունը։ Սալորը կարող է խորհրդանշել կնոջ սեքսուալությունը. որպես այդպիսի խորհրդանշան այն պատկերվել է մի շարք այլ ստեղծագործություններում, օրինակ՝ Ջեյմս Ջոյսի նշանավոր «Ուլիսում»։ Կինը առաջ է թեքված՝ գլուխը հենելով սեղանին կռթնած աջ ձեռքին։ Նա հոգնած է և մի տեսակ անիմաստ հայացքով նայում է շուրջը։ Ծխախոտի չվառած գլանակով ձախ ձեռքը անփույթ դրված է սեղանին։ Կինը հագել է վարդագույն զգեստ՝ թևքի նեղացող եզրերով, սպիտակ վերնաշապիկ և դրել է սև գլխարկ՝ մետաքսե ժանյակներով։ Կնոջ գլխի հետևում՝ բոսորագույն բազմոցից վերև, դեկորատիվ ցանց է։

Պատմություն խմբագրել

Մոտ 1881 թվականին Մանեն վաճառել է կտավը հավաքորդ Շառլ Դյոդոնին։ Վերջինիս մահից հետո՝ 1914 թվականին, կտավը ժառանգում է նրա կինը, իսկ մինչ 1919 թվականը վաճառվում է նշանավոր նեոիմպրեսիոնիստ Արթուր Սաչսին։ Հետագայում այն անցել է Պոլ Մելոնին, իսկ հետո նվիրվել է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահին։

Ծագում խմբագրել

Մանեն նկարը նկարել է՝ հիմնվելով իր սեփական դիտարկումներին, որ արել է Փարիզի Պիգալ հրապարակի «Նոր Աթենք» սրճարանում։ Ամեն դեպքում «Սալորօղի» կտավի հետին ֆոնը չի հիշեցնում նշանավոր սրճարանը. այն հավանաբար նկարվել է նկարչի արվեստանոցում։ Մանեն նկարում օգտագործել է պարզ տեխնիկա։ Այսպես՝ գավաթի սալորը և կնոջ ձախ ձեռքի մատները նկարված են մի քանի փափուկ վրձնահարվածներով։

Բնորդ և նման այլ կտավներ խմբագրել

 
«Աբսենթ», Էդգար Դեգա, 1876

Մելանխոլիկ կնոջ բնորդը Էլեն Անդրեն է, որ բնորդ է հանդիսացել նաև Էդգար Դեգայի «Աբսենթ» կտավի համար (1876)։ Երկու իմպրեսիոնիստների աշխատանքների[2] նմանությունը կարող է հիմք հանդիսանալ այն բանի, որ Մանեի «Սալորօղին» Դեգայի կտավի պատասխանն էր։ Սակայն եթե Դեգայի աշխատանքը ներկայացնում է հարբեցողի հուսահատ պատկեր, ապա Մանեի կտավը ներկայացնում է ավելի հուսադրող իրավիճակ. հնարավոր է, որ ինչ-չր մեկը կարող է խախտել կնոջ մենությունը։ Նույն դերասանուհին՝ Էլեն Անդրեն, պատկերված է նաև Ռենուարի «Թիավարների նախաճաշը» կտավում, որտեղ նույնպես ներկայացված է հարբեցող և միայնակ կնոջ կերպարով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Սալորօղի»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  2. «Իմպրեսիոնիզմ. արվեստ, ծուլություն և փարիզի հասարակություն»