Ռումինիայի տնտեսություն

Ռումինիայի տնտեսություն, Ռումինիայի նյութական և ոչ նյութական բարիքներ արտադրողների, սպառողների միջև կարգավորված փոխհարաբերությունների, որոշումներ ընդունելու և իրագործելու մեխանիզմների ու ինստիտուտների ամբողջություն։ Ռումինիան արդյունաբերական-գյուղատնտեսական երկիր է՝ բարձր զարգացած տնտեսությամբ, մարդկային ներուժի զարգացման բարձր ինդեքսով, բարձրորակ աշխատուժով։ Ռումինիայի տնտեսությունը Եվրամիության երկրների մեջ 11-րդն է ՀՆԱ—ի ցուցանիշով, սակայն բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն միջին եվրոպականի 55 %-ն է կազմում միայն։ Ռումինիան Եվրամիության երկրներում 13-րդն է գնողունակության ցուցանիշով[5]։

Արժույթռումինական լեյ
Վիճակագրություն
ՀՆԱ$547 միլիարդ (գնողունակության համարժեքություն)[1]
ՀՆԱ-ի աճ4,5 % (2018)[2][3]
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով

$28 189 (գնողունակության համարժեքություն 2019)[1]

$13 664 (անվանական արժեք, 2019)[1]
Գնաճ (ՍԳԻ)1,1 %
Աղքատության շեմից ցածր բնակչություն22,2 % (2011)
Աշխատուժ9,133 միլիոն (2016)
Գործազրկությունpositive decrease3,8 % (օգոստոս, 2019)[4]
Միջին համախառն աշխատավարձ5105 ռումինական լեյ / $1201,74 (ապրիլ, 2019)
Համախառն աշխատավարձի միջնարժեքը3115 ռումինական լեյ / $733,29 (ապրիլ, 2019)
Հիմնական արտադրություններմետալուրգիա
սննդի արդյունաբերություն
էլեկտրաէներգետիկա
նավթային արդյունաբերություն
քիմիական արդյունաբերություն
մեքենաշինություն
Պետական ֆինանսներ
Պետական պարտք36,8 % ՀՆԱ (2017)
Եկամուտ56,86 միլիարդ
Ծախսեր62,14 միլիարդ

Սկսած 20-րդ դարից՝ երկիրը տնտեսական ու քաղաքական շատ ցնցումներ է ապրել, ինչն անդրադարձել է երկրի տնտեսության վրա։ 1989 թվականի հեղափոխությունից հետո, երբ անցում է կատարվել շուկայական տնտեսությանը, երկրում սկսվել է տնտեսական խորը ճգնաժամ, որն ավելի է խորացրել Նիկոլաե Չաուշեսկուի կառավարաման վերջին տարիների տնտեսության առանց այն էլ վատ վիճակը։ Ռումինիայի համար ավանդական ծանր արդյունաբերությունը չի դիմացել մրցակցությանը։ Բնակչության զգալի հատվածը հայտնվել է աղքատության մեջ՝ այդ թվում բարձր որակավորում ունեցող աշխատուժը։ Դրան հաջորդած արտագաղթի ալիքը չի բարելավել իրադրությունը։ Հենց այդ ժամանակ է ձևավորվել Ռումինիայի՝ որպես արտակարգ աղքատ երկրի բացասական, փոքր-ինչ գրոտեսկային հեղինակությունը, ինչն ընդհանուր առմամբ համապատասխանել է իրականությանը։

Սակայն 2000-ականների սկզբին տնտեսությունը սկսել է ինտենսիվ աճ գրանցել[6]։ 2005-2007 թվականներին ունեցած աճի համար այն ստացել է «Բալկանյան վագրի» տիտղոս[7]։ Ինչպես հետսոցիալիստական շատ երկրներ, Ռումինիան նույնպես ընդգրկվել է ԵՄ-ի կազմում (2006)։ Ներկայումս երկրում աղքատության ցուցանիշը նվազում է, բնակչության եկամուտները՝ ավելանում։ Ռումինիան ռազմավարական նշանակություն ունի տարածաշրջանում։ Այսպես, այն Արևելյան Եվրոպայի էլեկտրոնիկայի ու ավտոմեքենաների խոշորագույն արտադրողներից մեկն է, Եվրոպայի ամենագրավիչ երկրներից մեկը ներդրումների առումով[8]։ Տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների խոշորագույն արտադրողն ու գնորդը։ Բուխարեստը Հարավարևելյան Եվրոպայի ամենամեծ քաղաքն է, տարածաշրջանի արդյունաբերական կենտրոնը։ 2016-2017 թվականներին ռումիական տնտեսությունը Եվրամիության ամենաարագ աճող տնտեսությունն է եղել[9]։

Պատմություն խմբագրել

Մինչև Երկրորդ աշխարհամարտը խմբագրել

Ռումինական պետության ձևավորումից հետո մինչև Երկրորդ աշխարհամարտի ավարտը Ռումինիան համեմատաբար հաջող շուկայական տնտեսություն էր ձևավորել։ Տնտեսական առումով հատկապես հաջող է եղել միջպատերազմյան շրջանը։ Այսպես, Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո գյուղատնտեսական ռեֆորմներն ու ժողովրդավարական սահմանադրությունը հանգեցրել են տնտեսական արագ աճի։ Ռումինիան դարձել է Եվրոպայի առաջին երկիրը սննդի արտադրության ծավալով[10]։ Չնայած Մեծ ճգնաժամին՝ 1923-1938 թվականներին արդյունաբերությունը կրկնակի աճել է։ Այդ տարիներին Ռումինիան եղել է երկրորդը Եվրոպայում և յոթերորդն աշխարհում նավթի արդյունաբերության ծավալներով (1937 թվականին՝ 7,2 միլիոն տոննա)[11]։ Ավելի ուշ երկիրը դարձել է Հիտլերի ռազմական ընկերություններին նավթ ու նավթամթերքի գլխավոր մատակարարը[12]։

Միջպատերազմյան շրջանում Ռումինիան մշակույթով ինտեգրվել է եվրոպական համայնքին։ Ձևավորվել է կապիտալիստական հարուստ վերնախավ։ Բուխարեստը Բուդապեշտի հետ դարձել է արևելաեվրոպական բոհեմական կենտրոն․ քաղաքներում կառուցվել են ժամանակի համար նորաձև ար-դեկո, մոդեռն, էկլեկտիկ ոճով կառույցներ, որոնցից շատերն իրենց տեսակի մեջ առաջինն են եղել Արևելյան Եվրոպայում[13][14]։ Զարգացել են գեղարվեստը, թատրոնը, օպերան։ Ռումինիան դարձել է արևմտյան գիտնականների, ճարտարապետների ամենահամարձակ ու հավակնոտ նախագծերի հարթակ[15]։ Այդ թվականներին Բուխարեստը Արևելյան ճեպընթացի միջանկյալ գլխավոր կայարանն է եղել։

Ռումինիայի ծաղկման շրջանն ավարտվել է Երկրորդ աշխարհամարտի սկսվելու հետ։ Երկիրը կորցրել է իր տարածքի զգալի մասը, քայքայվել է տնտեսապես, կորցրել բնակչության մեծ մասը, տուժել դաշնակիցների ռմբակոծություններից։

Սոցիալիստական Ռումինիա խմբագրել

Երկրորդ աշխարհամարտից հետո Ռումինիայի տնտեսությունը վերակառուցվել է սոցիալիստական կարգի համաձայն։ Ազգայնացվել է արդունաբերությունը, անցկացվել է հողային ռեֆորմ, արտաքին առևտրում հաստատվել է պետական մենիշխանությունը։ 1949 թվականին Ռումինիան դարձել է Սոցիալիստական երկրների տնտեսական համագործակցության հիմնադիրներից մեկը, և այդ ժամանակից սկսած՝ նրա տնտեսությունը զարգացել է հնգամյա պլանով՝ առավելությունը հատկացնելով ինդուստրացմանը։

1950-1960-ական թվականներին երկրում անցկացվել է մասնակի ինդուստրացում, որը պայմանավորել է արդյունաբերության զգալի աճ․ պաշտոնական տվյալներով այս շրջանում այն աճել է գրեթե 40 անգամ։ 1950-ական թվականների սկզբից կազմավորվել են մեքենաշինական ու մետալուրգիական մի շարք խոշոր ընկերություններ, կառուցվել է են մեծ հիդրոէլեկտրակայաններ։ Ինդուստրացումը և նրա հետ կապված տնտեսական աճը, որը սկսվել էր Գեորգիու Դեժեի օրոք, շարունակվել են նաև Նիկոլաե Չաուշեսկուի կառավարման առաջին տարիներին։ 1960-ական թվականների կեսերին ռումինական ղեկավարությունը, պահպանելով տնտեսության ղեկավարման թիմային վարչական մոդելը, երկրի ձեռնարկություններին տվել է ֆինանսական-տնտեսական ինքնուրույնություն, ինչպես նաև միջոցառումներ է ձեռնարկել աշխատակիցների նյութական ապահովվածության հարցով։

1970-ական թվականներ խմբագրել

 
Նիկոլաե Չաուշեսկուն «Dacia» մակնիշի առաջին մեքենայի ղեկին, 1968

1970-ական թվականները Ռումինիայի համար նշանավորվել են տնտեսական հետագա աճով, որը հետևանքն էր ինչպես հաջող ինդուստրացման, այնպես էլ արևմտյան երկրների հետ առևտրաշրջանառության աճի[16]։ Երկրի ներքին շուկա են սկսել մտնել արևմտյան ընկերությունները։ Այսպես, 1970 թվականին Բուխարեստի կենտրոնում կառուցվել է InterContinental միջազգային ցանցի հյուրանոց, որը Ռումինիայի մայրաքաղաքի ամենաբարձր շինությունն է դարձել։ Կարպատներում և Սև ծովում առողջարաններ են հիմնադրվել առավել բարձր դասի համար, որոնք նախատեսված էին օտարերկրյա զբոսաշրջիկներին գրավելու համար։ Այս առողջարաններում ազատ վաճառքով ներկայացվում էին արևմտյան արտադրության ապրանքներ, որոնք անհասանելի էին սոցցճամբարի երկրների շատ բնակիչների համար, օրինակ՝ ամերիկյան Պեպսին։ Ռումինիայի քաղաքացիները հնարավորություն են ստացել ձեռք բերելու արտասահմանյան արտադրության ավտոմեքենաներ[17]։ 1970-ական թվականներին Պիտեշտի քաղաքում թողարկվել է «Dacia» մակնիշի սեփական ավտոմեքենան[18]։

Ինդուստրացումը շարունակել է տալ իր պտուղները․ Ռումինիայում արտադրության ծավալը 1974 թվականին 100 անգամ գերազանցել է 1944 թվականի ցուցանիշները[19]։ 1970-ական թվականների կեսերին ազգային եկամուտը 1938 թվականի համեմատությամբ աճել է 15 անգամ[20]։

Երկրում ակտիվորեն զարգացել են նավթարդյունաբերությունը, նավթամշակումը, նավթաքիմիական արդյունաբերությունը։ 1976 թվականին արդյունահանվել է օրական 300,000 բարել նավթ, ինչը երկու անգամ գերազանցել է 1930-ական թվականների ցուցանիշը[17]։ Ռումինական արտահանման մեջ մեծացել է պատրաստի արտադրանքը[18]։

Սակայն տնտեսությունն ունեցել է մի շարք խնդիրներ, որոնցից են եղել արտադրության ճգնաժամը և իրացման շուկաների բացակայությունը։ Արևմտյան շուկայում Ռումինիայի սոցիալիստական հանրապետության ապրանքները մրցունակ չեն եղել այլ երկրների արտադրանքի հետ, իսկ խորհրդային շուկան զբաղված է եղել ԽՍՀՄ ձեռնարկություններով, որոնք համանման արտադրանք էին թողարկում[21]։ Նավթի գների տատանման պատճառով անհաջողությամբ է ավարտվել Չաուշեսկուի՝ ռումինական նավթավերամշակող արդյունաբերությունը Մերձավոր Արևելքի երկրներում՝ Իրանում, Իրաքում, օգտագործելու ծրագիրը[22]։

1970-ական թվականների տնտեսական աճը մեծ մասամբ ապահովվել է վարկերով, որոնք վերցվել են արևմտյան երկրներից։ Այսպես, 1975-1987 թվականներին Ռումինիան ընդհանուր առմամբ 22 միլիարդ դոլարի վարկ է վերցրել, որից 10 միլիարդը տրամադրել է ԱՄՆ-ն[23]։ 1971 թվականին Ռումինիան դարձել է Հարկացուցակների ու առևտրի գլխավոր համաձանության (անգլ.՝ General Agreement on Tariffs and Trade, GATT) անդամ[17]։ Նույն թվականին երկիրը Արժույթի միջազգային հիմնադրամից ռումինական արդյունաբերության զարգացման համար վարկ է վերցրել։ 1972 թվականին Ռումինիան դարձել է ԱՄՀ-ի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի լիիրավ անդամ և սոցիալիստական առաջին երկիրը, որ մտել է այդ կառույցների մեջ[24]։

Սոցիալիստական շրջանում ռումինական տնտեսության գլխավոր խնդիրներից մեկը արագ աճող արտաքին պարտքն է եղել, ինչով երկիրը մոտեցել է Լատինական Ամերիկայի և Միջերկրածովյան երկրներին, սակայն դա փոխհատուցվել է լրիվ զբաղվածության և համընդհանուր կրթության բարձր ցուցանիշներով[25]։

1980-ական թվականներ խմբագրել

1980-ական թվականների սկզբին ռումինական տնտեսությունը մեծ փորձությունների առաջ է կանգնել, որոնք պայմանավորված էին նավթի պաշարների սպառումով, համաշխարհային տնտեսական ճգնաժամով, ինչպես նաև արտասահմանյան վարկերի վճարումով, որոնք 1981 թվականին կազմում էին 10 միլիարդ դոլար[18][26]։ Չնայած այն բանին, որ վարկերի վճարման վերջնաժամկետը 1990-ական թվականների կեսերն էին, Ռումինիան այն սկսել է մարել արդեն 1980 թվականին[27]։ Ընդ որում, Չաուշեսկուն մերժել է արևմտյան առաջնորդների՝ արտոնյալ նոր վարկեր ստանալու առաջարկները ԽՍՀՄ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու, Սոցիալիստական երկրների տնտեսական համագործակցությունից դուրս գալու և Վարշավայի պայմանագրի կազմակերպությանը միանալու դիմաց[27]։

1983 թվականին Ռումինիայի նախագահի նախաձեռնությամբ հանրաքվե է անցկացվել հետագայում արտաքին որևէ պարտք այլևս չվերցնելու մասին[21]։ Որպեսզի ապահովի պարտքի մարումը, ձեռնարկվել են մի շարք կոշտ միջոցառումներ․ ընդունվել է կոշտ տնտեսման քաղաքականությունը։ Այսպես, սննդամթերքը տրվել է քարտերով (մեկ մարդու համար 5 ձու, 2 ֆունտ ալյուր և շաքար, կես ֆունտ մարգարին, կարտոֆիլ, հաց, մի փոքր միս և կաթնամթերք)[22][28], բենզինը վաճառվել է կտրոններով (ամեն մարդու համար՝ ամսական 30 լ)[22], սահմանափակվել է էլեկտրաէներգիայի կիրառումը ամբողջ երկրի մակարդակով (ռումինացիների տներում հաշվարկվում էր սենյակի համար 1 15-վատտանոց լամպ, արգելվել է սառնարանների, փոշեծծիչների կիրառումը)[29]։ Տեղի է ունեցել ազգային արժույթի՝ ռումինական լեյի կտրուկ արժեզրկում․ գումարի փոխարեն քաղաքացիները հաճախ օգտագործել են ինքնատիպ արժույթ՝ «Kent» ընկերության ծխախոտ[22][30]։

Սկսվել են արդյունաբերական ապրանքների արտադրության ընդհատումներ, քանի որ այդ ձեռնարկությունները էներգատար էին։ Որպեսզի ավելացվի արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը, Ռումինիայում ծրագրել են ատոմային էլեկտրակայան կառուցել։ Այս ծրագրի շրջանակներում ստեղծվել են ուրանի պաշարներ, ինչպես նաև մշակվել է երկրում առաջին աէկ-ի՝ Չերնավոդեի աէկ-ի նախագիծը, որը պետք է ունենար հինգ էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 700 ՄՎտ հզորությամբ։ Կայանի կառուցումը սկսվել է 1982 թվականին։ Միաժամանակ սկսվել է քարոզչություն, որի նպատակն էր երկրի բնակչությանը համոզել կառավարության ձեռնարկած քայլերի ճիշտ և անհրաժեշտ լինելը։ Ամեն օր ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվում էլեկտրաէներգիայի խնայողության մասին, իսկ մթերքների տրամադրումը կտրոններով բացատրվում էր դրանց ռացիոնալ բաշխմամբ[31]։

Ճգնաժամի պայմաններում Չաուշեսկուն փորձում էր իրենից հեռացնել պատասխանատվությունը վերոնշյալ բոլոր դժվարությունների համար՝ այն դնելով երկրի բարձրաստիճան այլ պաշտոնյաների վրա։ 1980-ական թվականներին տնտեսության մեջ իր սխալների համար պաշտոնից ազատվել են բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դրանցից ամենանշանավորը 1982 թվականին մայիսին վարչապետ Իլիե Վերդեցի ազատումն էր, որը նախագահի հետ հակասություն ուներ ճգնաժամի լուծման եղանակների շուրջ[31]։

Կոշտ տնտեսման միջոցառումների շնորհիվ 1988 թվականին երկրի արտահանումը 5 միլիարդ դոլարով գերազանցել է ներմուծումը (առաջին անգամ հետպատերազմյան ժամանակահատվածում)[27]։ 1989 թվականի ապրիլին Ռումինիային հաջողվել է գրեթե ամբողջությամբ մարել արտաքին պարտքը, որը տոկոսների հետ կազմել է 21 միլիարդ դոլար[26][27]։ Չաուշեսկուն հայտարարել է, որ Ռումինիայի սոցիալիստական հանրապետությունը պատմության մեջ առաջին երկիրն է, որ ամբողջությամբ մարել է արտաքին պարտքը, և հայտարարել է, որ Ռումինիան այլևս պարտք չի վերցնի։

Սակայն կոշտ տնտեսման քաղաքականության, ինչպես նաև քաղաքական նկատառումներով արևմուտքի հետ համագործակցությունը դադարեցնելու պատճառով երկիրը հայտնվել է տնտեսական աղետի առաջ[28][32]։ Ընդ որում, Չաուշեսկուի ցուցումով նույնիսկ վարկատուների պարտքերը փակելուց հետո շարունակվել է ռումինական ապրանքների զանգվածային արտահանումը՝ ի վնաս ներքին սպառողի[30]։ Այս քաղաքականությունը դադարեցվել է միայն Չաուշեսկուի ռեժիմի տապալումից հետո[33]։

Հետսոցիալիստական Ռումինիա խմբագրել

Երբ 1989 թվականի հեղափոխությունից հետո երկրում տապալվել են սոցիալիստական կարգերը, տնտեսությունը սկսել է վերակազմավորվել շուկայական տնտեսությանը համապատասխան։ Ազգային տնտեսությունը փաստորեն տապալվել և այլևս չի վերականգնվել[34]։ Այս գործընթացների հետևանքներից մեկն այն է եղել, որ անկում են ապրել արտադրությունն ու կենսակամարդակը (2011 թվականի տվյալներով Ռումինիայի բնակչության 40 %-ը եղել է աղքատության սահմանագծին)[35]։ 2007 թվականի հունվարի 1-ին Եվրամիության կազմի մեջ մտնելը և ելքումուտքի ռեժիմի ազատականացումը թուլացրել են աշխատաշուկայում եղած լարվածությունը․ 1990-2013 թվականներին ավելի քան երկու միլիոն քաղաքցի արտագաղթել է։ Բացի այդ, երկիր է մուտք գործել օտար կապիտալը Իտալիայից, Գերմանիայից, Ավստրիայից, իսկ ՆԱՏՕ-ին անդամ դառնալուց հետո՝ նաև ԱՄՆ-ից։

2005-2007 թվականներին Ռումինիայի տնտեսությունն աճ է գրանցել, ինչի համար ստացել է «Բալկանյան վագր» տիտղոսը։ Կենսամակարդակը զգալիորեն աճել է, աճել է նաև սոցիալական ապահովվածությունը։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն այս շրջանում գերազանցել է Բուլղարիայի ցուցանիշին։ 2006 թվականին Ռումինիայի ՀՆԱ-ն հասել է 1988 թվականի մակադակին, սակայն աշխատուժի ավելի քիչ բնակչությամբ։ 2009-2010 թվականների տնտեսական ճգնաժամը, սակայն, կանգնեցրել է աճի տեմպերը։

Գյուղատնտեսություն խմբագրել

Վարելահողերի մոտ 70 %-ը զբաղեցնում են ցորենի (3,04 միլիոն տոննա) և եգիպտացորենի դաշտերը (3,85 միլիոն տոննա)։ Կարևոր այլ մշակաբույսերից են կարտոֆիլը (3,71 միլիոն տոննա), շաքարի ճակնդեղը և արևածաղիկը։ Խաղողի այգիները հիմնականում գտնվում են Տրանսիլվանիայի բարձրավանդակում՝ Կարպատների ու Դոբրուդջայի նախալեռներում։ Պտղատու այգիները հիմնականում տեղակայված են Կարպատների նախալեռներում, Դանուբի դելտայում, Դոբրուդջայի բարձրավանդակում։ Հիմնականում աճեցվում են սալոր, խնձոր (0,47 միլիոն տոննա)։ Աճում են նաև տանձ, բալ, ծիրան։

Երկրի տարածքի մոտ մեկ հինգերորդ հատվածը արոտավայր է։ Կենդանիների բուծման կարևոր շրջաններ են Կարպատների նախալեռները, Տրանսիլվանիայի սարահարթի հարավարևելյան մասը, Կարպատյան լեռների հյուսիսային մասը։ Ոչխարաբուծությունը զարգացած է հարավ-աևելում, իսկ խոզաբուծությունը՝ հարավում (Բանատից մինչև Բուխարեստ)։

2010 թվականի գյուղատնտեսական մարդահամարի տվյալներով երկրում հաշվվել է մոտ 42,000 մեղվաբույծ, 1,3 միլիոն մեղվական ընտանիք։

Արդյունաբերություն խմբագրել

Արդյունահանող արտադրություն խմբագրել

Ռումինիայում արդյունահանում են նավթ, բնական գազ, ոսկի, արծաթ, աղ, բոքսիտներ, ածուխ, մանգանի հանքաքար։

Բնական գազ արդյունահանվում է Տրանսիլվանիայի սարահարթում և Կարպատյան լեռների ստորոտում։ Կրայովայի և Պլոեշտիի մոտ՝ Ռումինիայի հարավկենտրոնական հատվածում, արդյունահանում են գորշ ածուխ։ Քարածուխ արդյունահանում են Կոմենեշտի հյուսիս-արևելքում և Կլուժի լեռների հյուսիսի-արևմուտքում։

Նավթարդյունաբերություն խմբագրել

Ռումինիան աշխարհի առաջին երկրներից է, որ սկսել է նավթ արդյունաբերել ու մշակել։ Պլոեշտիի շրջանում նավթի արդյունահանումն ու մշակումը սկսվել է 19-րդ դարի կեսերին Մեգեդինցեանու եղբայրների կողմից։ Արդեն 1857 թվականին Բուխարեստում կազմակերպվել է փողոցային լուսավորություն լամպերի միջոցով, որոնց համար կերոսինը ստացվում էր ռումինական նավթից[36]։ Նույն թվականին արդյունահանվել է 275 տ նավթահումք, իսկ 20-րդ դարի սկզբներին արդյունահանման ծավալն ավելացել է հազար անգամ՝ հասնելով 250,000 տոննայի։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Ռումինիայում արդյունահանվել է 2 միլիոն տոննա նավթ։ 1930-ական թվականներին Ռումինիան Եվրոպայում նավթ արդյունահանող գրեթե միակ երկիրն էր ԽՍՀՄ-ից հետո[37]։

Նավթի արդյունահանումը առավելագույն ծավալի է հասել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ Ռումինիան եղել է նացիստական Գերմանիային նավթ ու նավթամթերք մատարակարարող համարյա միակ երկիրը[38]։

Հետպատերազմյան շրջանում նավթի արդյունահանման ծավալները կայունացել են, սակայն 21-րդ դարի սկզբին դրանք կրճատվել են ՝ հետզհետե սպառվելու պատճառով։ Պնդում են, որ ներկայումս նավթի պաշարը կազմում է ոչ ավել, քան 80 միլիոն տոննան։ Ռումինիայում նավթի արդյունահանումը գտնվում է արտասահմանյան և տրանսազգային ընկերությունների ձեռքում[39]։

Գազի արդյունահանում խմբագրել

Բնական գազի պաշարները Ռումինիայում 2016 թվականին կազմել են 109,9 միլիարդ մ³[40]։ Պաշարները կենտրոնացված են Տրանսիլվանիայում, Կարպատների հարավային ստորոտում, ինչպես նաև Սև ծովի ծանծաղուտում։

2015 թվականին Ռումինիայի տարածքում արդյունահանվել է 11,1 միլիարդ մ³ բնական գազ։ Արդյունահանումը հիմնականում իրականացնում են «OMV Petrom» (5,3 միլիարդ մ³ 2015 թվականին) и «Romgaz» (5,6 միլիարդ մ³)[40]։ Ռուսական գազի արտահանումը Ռումինիա իրականացվում է մինչև 2030 թվականը գործող երկու պայմանագրերով։ Մատակարարումն իրականացնում է ըստ «Wintershall Erdgas Handelshaus Zug AG» և «Conef Energy» ընկերությունների հետ կնքված պայմանագրերի։ Ռումինիայի տարածքով իրականացվում են ռուսական գազի տրանզիտային մատակակարում Բուլղարիային, Թուրքիային, Հունաստանին և Մակեդոնիային։

Գազի հիմնական սպառողներն են արդյունաբերությունը (27 %), էլեկտրաէներգետիկան (26 %), տնային տնտեսությունները (21 %),ծառայությունների ոլորտը (7 %)։ Նավթագազային արդյունաբերության սեփական պահանջմունքներին բաժին է ընկնում համախառն սպառման 7 %-ը, իսկ փոխադրման վրա՝ 3 %-ը[40]։

Արդյունահանում, արտահանում և գազի սպառում[40]
Տարեթիվ 2010 2011 2012 2013 2014 2015
Արդյունահանում

(միլիարդ մ³)

10,9 10,9 10,9 10,9 11,1 11,1
Արտահանում

(միլիարդ մ³)

2,3 3,1 2,9 1,5 0,6 0,2
Սպառում

(միլիարդ մ³)

13,6 13,9 13,5 12,6 12,0 11,3

Վերամշակող արդյունաբերություն խմբագրել

Պլոեշտի, Գեորգե Գեորգիու Ջեկ, Դարմենեշտի, Բրաշով և Ռիմնիկուլ Սերատ քաղաքներում կան նավթավերամշակող խոշոր գործարաններ։

Մետալուրգիան կենտրոնացված է արևմուտքում՝ Հունեդոարոյի և Տիմիշոարոյի շրջակայքում և հարավ-արևելքում (Գալաց Բրեիլա)։

Մեքենաշինություն խմբագրել

Բրեիլայում և Գալացում՝ Դանուբի դելտայի մոտակայքում, կան նավաշինական գործարաններ։

Վիճակագրություն խմբագրել

Ստորև բերվող աղյուսակում ներկայացված են 1980-2018 թվականների տնտեսական հիմնական ցուցանիշները։ 2 %-ից ցածր գնաճը ներկայացված է կանաչ սլաքով[41]։

Տարեթիվ ՀՆԱ-ի ցուցանիշով
(միլիարդ ԱՄՆ դոլար)
Բնակչության մեկ շնչի հաշվին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով
(ԱՄՆ դոլար)
ՀՆԱ-ի աճ
(ռեալ)
Գնաճի մակարդակ
(տոկոսներով)
Գործազրկություն
(տոկոսներով)
Պետական պարտք
(ՀՆԱ-ի տոկոսներով)
1980 107,0 4 769  3,3 %  1,5 % տվյալներ չկան տվյալներ չկան
1981  117,1  5 188  0,1 %  2,2 % տվյալներ չկան տվյալներ չկան
1982  129,3  5 698  3,9 %  16,9 % տվյալներ չկան տվյալներ չկան
1983  142,4  6 253  6,0 %  4,7 % տվյալներ չկան տվյալներ չկան
1984  156,3  6 836  6,0 %  −0,3 % տվյալներ չկան տվյալներ չկան
1985  161,1  7 016  −0,1 %  −0,2 % 4,0 % տվյալներ չկան
1986  168,4  7 291  2,4 %  0,7 %  3,9 % տվյալներ չկան
1987  174,0  7 493  0,8 %  1,1 %  3,7 % տվյալներ չկան
1988  179,2  7 677  −0,5 %  2,6 %  3,7 % տվյալներ չկան
1989  175,4  7 486  −5,8 %  0,9 %  3,4 % տվյալներ չկան
1990  171,7  7 319  −5,6 %  127,9 %  3,4 % տվյալներ չկան
1991  154,5  6 594  −12,9 %  161,1 %  3,5 % տվյալներ չկան
1992  144,1  6 177  −8,8 %  210,4 %  5,4 % տվյալներ չկան
1993  149,8  6 456  1,5 %  256,1 %  9,2 % տվյալներ չկան
1994  159,0  6 894  3,9 %  136,7 %  11,0 % տվյալներ չկան
1995  173,9  7 586  7,1 %  32,3 %  9,9 % տվյալներ չկան
1996  184,1  8 075  6,8 %  38,8 %  7,3 % տվյալներ չկան
1997  175,9  7 756  −6,1 %  154,8 %  7,9 % տվյալներ չկան
1998  169,3  7 501  −4,8 %  59,1 %  9,6 % տվյալներ չկան
1999  169,9  7 564  −1,2 %  45,8 %  7,2 % տվյալներ չկան
2000  178,6  7 961  2,9 %  45,7 %  7,6 % 17,6 %
2001  192,0  8 571  5,6 %  34,5 %  7,3 %  16,1 %
2002  206,2  9 462  5,2 %  22,2 %  8,3 %  16,0 %
2003  214,9  9 940  5,5 %  15,3 %  7,8 %  14,8 %
2004  243,7  11 328  8,4 %  11,9 %  8,0 %  10,5 %
2005  263,1  12 305  4,2 %  9,0 %  7,1 %  8,0 %
2006  292,8  13 776  8,1 %  6,6 %  7,2 %  3,8 %
2007  322,4  15 260  6,8 %  4,8 %  6,3 %  5,1 %
2008  359,3  17 413  8,3 %  7,8 %  5,5 %  8,1 %
2009  342,1  16 736  −5,9 %  5,6 %  6,3 %  15,4 %
2010  332,5  16 387  −2,8 %  6,1 %  7,0 %  22,9 %
2011  346,3  17 146  2,0 %  5,8 %  7,2 %  27,3 %
2012  360,3  17 930  1,2 %  3,3 %  6,8 %  28,9 %
2013  379,5  18 957  3,5 %  4,0 %  7,1 %  29,5 %
2014  399,7  20 034  3,1 %  1,1 %  6,8 %  29,7 %
2015  419,5  21 108  4,0 %  −0,6 %  6,8 %  29,7 %
2016  444,2  22 480  4,8 %  −1,6 %  5,9 %  27,9 %
2017  484,2  24 650  7,0 %  1,3 %  5,0 %  28,3 %
2018  516,3  26 447  7,0 %  1,3 %  5,0 %  28,3 %

Ծառայությունների ոլորտ խմբագրել

Ծառայությունների ոլորտին բաժին է հասնում ՀՆԱ-ի 55 %-ը։ Ֆինանսական ու բիզնես ոլորտներին բաժին է ընկնում 20,5 %-ը, հյուրանոցներին, ռեստորաններին և տրանսպորտին՝ 25 %-ը, այլ ոլորտներին՝ 21,7 %-ը։

Ռումինիայի էներգետիկայի բաղադրիչ մաս են կազմում գազը, նավթը, ածուխը, հէկ-երը, ջէկ-երը, աէկ-ը և վերականգնվող էներգիայի աղբյուրները։ Երկրի էլեկտրաէներգիան հիմնականում ապահովում են ջերմաէլեկտրակայանները, հիդրոէլեկտրակայանները և Չերնավոդեի ատոմային էլեկտրակայանը։

Աշխատուժ և զվաղվածություն խմբագրել

Գործազրկության մակարդակը 2013 թվականին կազմել է 7,3 %, ինչը զգալիորեն ցածր է Եվրամիության (10,9 %) և Եվրագոտու (12,1 %) մակարդակից[42]։ 2013 թվականին գրեթե 20 միլիոն բնակչից միայն 5 միլիոնն է իր իր աշխատանքային եկամտից ներդրել պետական ապահովագրական ընկերություններում։ Մնացածը եղել են թոշակառուներ, երեխաներ, գործազուրկներ։ Նրանց մի մասը վարել է բնատնտեսություն կամ զբաղված է եղել ոչ ֆորմալ հատվածում, ապրել է արտասահմանից եկող փոխանցումների հաշվին[43]։ Համեմատության համար 1988 թվականին զբաղվածության ցուցանիշը հասել է 73 %-ի[44]։ Երկարաժամկետ հեռանկարում Ռումինիայի արագ կրճատվող բնակչությունը կարող է բացասաբար անդրադառնալ նրա տնտեսական զարգացման վրա։ Ամենից մեծ խնդիրը, ինչպես Եվրամիությանն ուշ անդամագրված այլ երկրներում, աշխատուժի տարեցտարի ավելացող պակասն է և թոշակառուների թվի աճը, որը կապված է ծնելիության ցածր մակարդակի և բնակչության արտագաղթի բարձր ցուցանիշների հետ։ Հատկապես բարդ է իրավիճակը՝ կապված ժողովրդագրական ճգնաժամի աճի հետ, որը բնորոշ է Եվրոպայի և Ասիայի մի շարք զարգացող երկրներին[45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58]։ Այդ երկրներում խորանում է ժողովրդագրական ճգնաժամը, կրճատվում է աշխատունակ բնակչության թվաքանակը, որը պայմանավորված է նաև ստվերային մեծ տնտեսության առկայությամբ, ծնելության ցածր մակարդակով, գործազրկությամբ, թոշակառուների մեծ թվով, երիտասարդ, տնտեսապես զարգացած բնակչության արտագաղթով[59][60][61][62][63][64][65]։ Սրանք հանդիսանում են երկրների կենսամակարդակի նվազման, աշխատավարձերի աճի դանդաղման պատճառ։ Ռումինիայի տնտեսությունն առնչվել է այս խնդիրներին, ուստի նրա բնակչությունը կարող է ավելի արագ ծերանալ, քան կաճի նրա եկամուտը։

Բնակչության եկամուտներ խմբագրել

Ռումինական տնտեսության հզորությունը ժամանակ առ ժամանակ տատանվում է։ Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ամենից բարձրը մայրաքաղաք Բուխարեստում է։ ՀՆԱ-ի 35 %-ը 2012 թվականին ձևավորվել է Տրանսիլվանիայում, որը 10 %-ով գերազանցել է ընդհանուր ռումինական ցուցանիշը[66]։ Տնտեսական տարբերություններ կան քաղաքային ու գյուղական, արևելյան ու արևմտյան շրջանների միջև։ Կեյտցի ինդեքսը (երկրում նվազագույն ու միջին աշխատավարձերի հարաբերություն) Ռումինիայում 2019 թվականի դրությամբ կազմել է 46 % (միջինը՝ 4,532 ռումինական լեյ, առավելագույնը՝ 2,080 ռումինական լեյ)։ 2020 թվականի հունվարի 1-ից աշխատավարձի նվազագույն չափը (բրուտտո) կազմել է 2,230 լեյ, իսկ բարձր մասնագիտացվածների համար՝ 2,350 լեյ[67][68][69][70][71] (€464,80 և €490,77)[72][73][74][75], իսկ նետտոն՝ համապատասխանաբար 1,346 լեյ և 1,413 լեյ[69][76][77][78] (€281,09 և €295,09)[69][76][77][78]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Report for Selected Countries and Subjects». IMF.org. International Monetary Fund. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  2. «GDP - REAL GROWTH RATE». CIA.gov. Central Intelligence Agency. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. «Report for Selected Countries and Subjects». IMF.org. International Monetary Fund. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. [1]
  5. «World Economic Outlook Database October 2009 -- WEO Groups and Aggregates Information» (անգլերեն). www.imf.org. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  6. «aaaa» (ռումիներեն). www.business-arena.ro. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. «Poland and Romania: Two tigers of Eastern Europe | Nine O`Clock» (անգլերեն). www.nineoclock.ro. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  8. «The World Factbook — Central Intelligence Agency» (անգլերեն). www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  9. «IMF: Romania to have highest economic growth in Europe in 2016 and 2017 – AGERPRES» (ռումիներեն). www.agerpres.ro. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  10. «Romanian agriculture» (PDF).
  11. «his1». www.aneir-cpce.ro. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  12. «VIDEO Înregistrare senzaţională cu Hitler: «Fără petrolul din România nu aş fi atacat niciodată URSS-ul»» (ռումիներեն). // Adevarul.ro. 2010 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  13. Bucharest Telephone Palace(անգլ.) // Wikipedia. — 2017-09-01.
  14. Cantacuzino Palace(անգլ.) // Wikipedia. — 2016-11-23.
  15. Grand Hotel Traian(ռում.) // Wikipedia. — 2016-09-21.
  16. http://dic.academic.ru/dic.nsf/enc_geo/4162/%D0%A0%D1%83%D0%BC%D1%8B%D0%BD%D0%B8%D1%8F РУМЫНИЯ. ГОСУДАРСТВЕННОЕ И ПОЛИТИЧЕСКОЕ УСТРОЙСТВО // Академика: Энциклопедия Кругосвет
  17. 17,0 17,1 17,2 «Страны: Румыния при Чаушеску». Всемирная история. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  18. 18,0 18,1 18,2 «История Румынии XX века. Политика Чаушеску». Studyport. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  19. «Николае Чаушеску впервые услышал о коммунистических идеалах в тюрьме, куда попал за воровство». Факты и комментарии. 2010 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  20. «Реставрация капитализма в Восточной Европе». Новейшая история (1985—200?). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
  21. 21,0 21,1 Румыния при Чаушеску // Правда.Ру, 26.12.2009.
  22. 22,0 22,1 22,2 22,3 «Антиправительственные выступления в социалистической Румынии. Румынская революция 1989 года». Конфликтолог. 2006. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  23. «Николае Чаушеску: «Перестройка ведёт к крушению социализма»». запорожский еженедельник, газета Истеблишмент. 2005 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 26-ին.
  24. «Румыния и МВФ». Radio Romania International. 2011 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.(չաշխատող հղում)
  25. Румыния будет требовать от России 2 млрд евро за переданный в 1916 г. золотой запас Արխիվացված 2013-12-14 Wayback Machine // Maanimo.com
  26. 26,0 26,1 «Ясир Арафат, Фидель Кастро, Чаушеску. Региональные публикации». NewsInfo. Бизнес-журнал № 4(137). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  27. 27,0 27,1 27,2 27,3 «В расстреле президента Румынии Чаушеску и его жены не всё чисто». Право.ру. 2010 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  28. 28,0 28,1 «Антиправительственные выступления в социалистической Румынии. Румынская революция 1989 года». NewsInfo. 2010 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  29. «Чаушеску боялся, что его отравят». Сегодня. 2002 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
  30. 30,0 30,1 «Останні дні Чаушеску. Так закінчуються диктатури» (ուկրաիներեն). Українська правда. 2010 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  31. 31,0 31,1 «Режим Чаушеску глазами румынского поэта (весна 1989 г.)». Ava.md. 2012 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  32. «За что убили Николае Чаушеску». Дуэль. 1996. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  33. «Десять лет без Чаушеску». // Коммерсантъ. №236 (1880), 21.12.1999. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
  34. Экономист: Ни ЕС, ни ТС не доказать Украине своё преимущество // ИА REGNUM
  35. «Самыми нищими странами ЕС оказались Болгария, Румыния и Латвия &#124 // Подробности».
  36. «160 лет назад улицы Бухареста осветили керосиновые лампы». // Европа Сегодня. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  37. «KMG International — история румынской нефти». abctv.kz. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  38. «Нефть как конфликтогенный фактор мировых войн XX века». cyberleninka.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  39. «Месторождения нефти в Румынии, список запасов для добычи». neftepererabotka-info.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  40. 40,0 40,1 40,2 40,3 «ТЭК России. Газовая промышленность Румынии». // Cdu.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  41. «Report for Selected Countries and Subjects». www.imf.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  42. [2] // Eurostat
  43. «Romania's population falls by 12 % as three million flock to richer European countries | Mail Online».
  44. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  45. [3]
  46. [4]
  47. [5]
  48. [6]
  49. [7]
  50. [8]
  51. [9]
  52. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  53. [10]
  54. [11]
  55. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  56. [12]
  57. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  58. [13]
  59. [14]
  60. [15]
  61. [16]
  62. [17]
  63. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  64. [18]
  65. [19]
  66. Transylvania's GDP is 10% higher Romanian average // books.google
  67. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
  68. [20]
  69. 69,0 69,1 69,2 [21]
  70. [22]
  71. [23]
  72. [24]
  73. [25]
  74. [26]
  75. [27]
  76. 76,0 76,1 [28]
  77. 77,0 77,1 [29]
  78. 78,0 78,1 [30]

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռումինիայի տնտեսություն» հոդվածին։