Ռենտգենաֆլյուորագրաֆիա

Ռենտգենաֆլյուորագրաֆիա, ռենտգենյան հետազոտության մեթոդ, որը հնարավորություն է տալիս ստանալու ֆլյոլորագրաֆիական հատուկ էկրանի վրա հայտնված ռենտգենյան պատկերի փոքրացրած լուսանկարը։ Ի տարբերություն ռենտգենագրության, կիրառվում է բնակչության զանգվածային քննությունների դեպքում, պատկերն ստացվում է ավելի արագ և նյութերի քիչ ծախսումով։ Ռենտգենաֆլյուորագրաֆիան հնարավորություն է տալիս կանխարգելիչ ստուգման նպատակով ուսումնասիրելու սիրտ-անոթային համակարգի, թոքերի, թոքամզի, միջնորմի, ավշագեղձերի, լյարդի, լեղապարկի, փայծաղի, ոսկրային համակարգի, կրծքագեղձերի վիճակը։ Ռենտգենաֆլյուորագրաֆիաով հայտնաբերվում են նաև գաղտնի ընթացող հիվանդությունները (քաղցկեղ, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ), ախտորոշվում են առաջնային և մետաստատիկ ուռուցքները, դրանց տեղադրությունը, որոշվում ձևը, եզրերը, չափերը, ինչպես նաև տարածվածությունն օրգանիզմում և այլն։ Ռենտգենաֆլյուորագրաֆիան անցկացվում է ստացիոնար կաբինետներում, ինչպես նաև շարժական ապարատների միջոցով՝ հիմնարկ-ձեռնարկություններում, դպրոցներում, կոլտնտեսություններում և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։