Ջորջո Վազարի (իտալ.՝ Giorgio Vasari, հուլիսի 30, 1511[1][2][3][…], Արեցո, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5] - հունիսի 27, 1574[2][3][5], Ֆլորենցիա, Տոսկանայի Մեծ դքսություն[4][5]), իտալացի գեղանկարիչ, ճարտարապետ և գրող է, հայտնի «Կյանքի նկարագրությունների» հեղինակը։ Ժամանակակից արվեստաբանության հիմնադիրն է։

Ջորջո Վազարի
իտալ.՝ Giorgio Vasari
Ի ծնեանգլ.՝ Giorgio II Vasari
Ծնվել էհուլիսի 30, 1511[1][2][3][…]
ԾննդավայրԱրեցո, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5]
Վախճանվել էհունիսի 27, 1574[2][3][5] (62 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Տոսկանայի Մեծ դքսություն[4][5]
Քաղաքացիություն Ֆլորենցիայի Հանրապետություն[6] և  Տոսկանայի Մեծ դքսություն
Մասնագիտություննկարիչ, ճարտարապետ, արվեստագետ, գրող, կենսագիր, արվեստի տեսաբան, գեղագետ և գծագրող
ՈճՎերածնունդ[7]
Ժանրպատմական գեղանկարչություն[5], կրոնական նկարչություն[5] և դիմապատկեր[5]
ԹեմաներՎերածննդի գեղանկարչություն և ճարտարապետություն
Ուշագրավ աշխատանքներՈւֆֆիցի և Առավել նշանակալի գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կյանքի նկարագրություններ
ՈւսուցիչGuillaume de Marcillat?
ԱշակերտներPeter Candid?, Ջովանի Բատիստա Նալդինի, Jacopo Zucchi? և Ֆեդերիկո Ցուկկարո[8]
Պարգևներ
Ոսկե խթանի պարգև
Պաշտոնպալատական նկարիչ
ԱնդամակցությունԳեղարվեստի ակադեմիա
ՀայրAntonio Vasari?
ՄայրMaddalena Tacci?
ԱմուսինNiccolosa Bacci?
ԱզգականներԼուկա Սինյորելլի
 Giorgio Vasari Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վազարիի հայրը` Անտոնիոն, եղել է բրուտ։ Ամբողջ կյանքում գեղանկարիչը ներկայացել է որպես «Ջորջո Վազարի Արեցցոյից»։ Վազարիի առաջին ուսուցիչը տասներկու տարեկան հասակում եղել է ֆրանսիացի նկարիչ Գիյոմ դը Մարսիլյան, ով նկարում էր Արեցցոյի տաճարի վիտրաժները։ 1524 թվականին Վազարին տեղափոխվում է Ֆլորենցիա, սովորում Անդրեա դել Սարտոյի, Միքելանջելոյի, Բաչո Բանդինելիի մոտ։ Երիտասարդ Վազարիին հովանավորում են Ալեքսանդր և Իպոլիտո Մեդիչիները, որոնք շուտով ստիպված լքում են Ֆլորենցիան։ Վազարին վերադառնում է Արեցցո, որտեղ ստանում է մի քանի պատվեր և նույնիսկ ստեղծում ֆրեսկոներ։

Այն ժամանակներում հայտնի քանդակագործ, նկարիչ և ճարտարապետ Ֆիորենտինո Ռոսսոն, լինելով Արեցցոյում, մի քանի խորհուրդներ է տալիս երիտասարդ Վազարիին։ Որպես երախտագիտության նշան` Վազարին հետագայում մանրամասն նկարագրում է նրա կյանքն ու ստեղծագործությունը իր աշխատությունում։ Վազարին նկարներ է ստեղծում Ռոսսոյի նկարներով։ Վազարին այդ տարիներին նյութական վատ վիճակում էր. հայրը մահացել էր` նկարչին թողնելով երեք քույրերի և երկու եղբայրների հոգսը։ Որոշ ժամանակ Վազարին ոսկերչություն և արծաթագործություն է ուսանում, ինչը այն ժամանակներում արվեստի համարում ուներ։

Ֆլորենցիան, ուր Վազարին արդեն մի քանի ամիս այդ գործով էր զբաղվում, 1529 թվականին ասպատակության է ենթարկվում։ Դրա հետևանքով նկարիչը տեղափոխվում է Պիզա, որտեղ կրկին գեղանկարչությամբ է զբաղվում։ Այդ ժամանակ նա 17 տարեկան էր։ Նա սկսում է ճամփորդել ողջ Իտալիայում` փնտրելով աշխատանք։ Հենց այդ ժամանակ էլ երջանիկ պատահականությամբ հանդիպում է իր հովանավորներից մեկին` Իպոլիտո Մեդիչիին։ Վերջինս Վազարիին իր հետ Հռոմ է տանում, ուր և սկսում է ջանադրությամբ աշխատել` հովանավորից ստանալով «Վեներա և Քարիտներ» նկարի պատվերը։

Երբ Կառլոս V կայսրը 1531 թվականին վերականգնում է Մեդիչիների իշխանությունը Ֆլորենցիայում, Վազարին վերադառնում է այնտեղ` հերցոգ Ալեքսանդրի մոտ, ով գեղանկարչության մեծ սիրահար էր։ Հերցոգի պալատում Վազարին մի քանի նկարներ է ստեղծում, այդ թվում` Ալեքսանդրի դիմանկարը, ինչպես նաև դասավանդում է ճարտարապետություն։ Իր տաղանդը դրսևորելու առաջին հնարավորություններից մեկը ընձեռվեց այն ժամանակ, երբ Կառլոս V-ը հանդիսավոր մտավ Հռոմ (1536). դեկորատիվ տարբեր կառույցներ ստեղծելու անհրաժեշտություն առաջացավ։ Այդ ժամանակ Վազարին Արեցցոյի Սուրբ Կլարա եկեղեցու համար նկարում է «Ավետում» կտավը։ Լուվրում պահվում է այս նույն թեմայով Վազարիի կտավը. հնարավոր է, որ դա հենց Արեցցոյի «Ավետումն» է։

1537 թվականին Ալեքսանդր Մեդիչին սպանվում է, և Վազարին կրկին մնում է առանց հովանավորի։ Չնայած երիտասարդ տարիքին` Վազարին արդեն մեծ հռչակ էր ձեռք բերել` ստանալով տարբեր հրավերներ։ 1540 թվականին նա Բոլոնիայում աշխատում է «Սուրբ Գրիգորի ընթրիքը» կտավի ստեղծման վրա։ Թեմայով և կատարմամբ այն նկարչի լավագույն գործերից է։ Կտավը ներկայում գտնվում է Բոլոնյայում։ Նկարի բոլոր կերպարները Վազարիի ժամանակակիցներն են, որոնց անունները նա ներկայացրել է իր գրքում։

Վազարի-գեղանկարիչ խմբագրել

Վազարիի գեղանկարչությունը տոսկանյան մաներիզմի վառ դրսևորում է։ Վազարիի մեզ հասած առաջին կտավը «Հիսուսի թաղումն» է (1532, Վազարիի տուն-թանգարան, Արեցցո)։ Վազարին շատ արագ է աշխատել երիտասարդ շատ նկարիչների օգնությամբ, որոնց անունները պահպանվել են։ Իր կենսագրությունում նա ամենայն մանրամասնությամբ նկարագրել է սեփական ստեղծագործությունները։ Չնայած Վազարին լավ նկարիչ է եղել, սակայն նրա կերպարներում անճշտություններ են նկատվում։ Նրա կտավները ստեղծված են սառը գույներով։

 
Վազարիի միջանցքը. տեսարան Ուֆֆիցի թանգարանից

Վազարի-ճարտարապետ խմբագրել

Վազարիի` ճարտարապետության մեջ ունեցած հաջողությունները փոփոխական են եղել։ Նա տաղանդավոր էր դեկորներում, սակայն այդքան էլ հաջողակ չէր մոնումենտալ ճարտարապետության մեջ։ Նա անհաջող վերակառուցել է մի քանի շենքեր` չպահպանելով ճարտարապետական միասնությունը։ Նրա կառուցած նոր շենքերը աչքի են ընկնում առանձնահատուկ գեղեցկությամբ և յուրօրինակությամբ։ Ուֆֆիցի շենքը Ֆլորենցիայում և Հուլիոս 3-րդ պապի համար նախատեսված շենքը Հռոմում վկայում են Վազարիի ճարտարապետական տաղանդի մասին։ Նրա նախագծով են կառուցվել մի շարք շինություններ Պիզայում։

«Կյանքի նկարագրություններ» խմբագրել

Վազարիի ամենաարժեքավոր ժառանգությունը «Առավել հայտնի նկարիչների, քանդակագործների կյանքի նկարագրություններն» է, որն ավարտել է 1550 թվականին։ Երկրորդ վերամշակված հրատարակությունը` նկարիչների դիմանկարներով, լույս է տեսել 1568 թվականին։ «Կյանքի նկարագրությունները» հարուստ փաստական նյութ է` Վերածննդի դարաշրջանի արվեստի առաջադիմական դերի գնահատանքով։

Վազարին բարեխղճորեն է կատարել իր գործը։ Երբ ձեռագրի մի մասը պատրաստ է եղել, Վազարին այն հանձնել է իտալացի գրող Հանիբալ Կարոյին, ով օգնել է իր դիտողություններով` խորհուրդ տալով ավարտել աշխատանքը։ Ավելի ուշ Մատեո Ֆաետանին, ով գրական կրթություն ուներ, Վազարիի հանձնարարությամբ շտկումներ է արել գրքում։ Այդ պատճառով գիրքը պատրաստ է եղել 1550 թվականին միայն։ Բայց Վազարին, կրկին չբավարարվելով, առաջարկում է լրացուցիչ տեղեկություններ հավաքել ժամանակակից նկարիչների մասին։ Այդ պատճառով առաջին հրատարակությունից միայն 18 տարի անց գիրքը ավարտուն տեսք է ստանում։ Երկրորդ հրատարակությունը զարդարված էր նկարիչների դիմանկարներով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջո Վազարի» հոդվածին։