Ջերմաստիճանային ինվերսիա

Ջերմաստիճանային ինվերսիա, ջերմաստիճանի շրջադասություն, ըստ բարձրության օդի ջերմաստիճանի օրինաչափ նվազման փոխարեն ջերմաստիճանի աճի երևույթ։ Դիտվում է առավելապես ներքնոլորտում, օդի երկրամերձ շերտում (երկրամերձ շրջադասություն), ազատ մթնոլորտում (հատկապես ստորին 2 կմ-անոց շերտում) և ներքնոլորտից վերնոլորտին անցման շերտում (տրոպոպաուզայում)։ Առաջանում է պարզկա գիշերներին՝ երկրի մակերևույթից ջերմաճառագայթման՝ ջերմաստիճանի զգալի նվազման և երկրի սառը մակերևույթի վրայով տաք օդային հոսանքների անցման ժամանակ։ Երկրամերձ Ջերմաստիճանային ինվերսիայի ստորին սահմանը համընկնում է երկրի մակերևույթի հետ։ Շերտի հաստությունը լինում է մի քանի մետրից մի քանի տասնյակ մետր (Երբեմն՝ ավելի քան 1000 մետր), ջերմաստիճանի աճը՝ 0,1-ից մինչև 10-15°Շ։

Սևանի գոգավորություն

Երկրամերձ Ջերմաստիճանային ինվերսիան սովորաբար արևածագից հետո վերանում է, իսկ ձմռանը, երբ շրջադասության վերին շերտում գոյանում է խիտ մառախուղ կամ շերտավոր ամպամածություն, պահպանվում է մի քանի շաբաթ։ Երկրամերձ Ջերմաստիճանային ինվերսիան հաճախ դիտվում է Արարատյան, Շիրակի, Սևանի, Սիսիանի և այլ գոգավորություններում. առաջացնում է սառը օդի «լճացում», սաստիկ ցրտեր, մառախուղ, մթնոլորտի աղտոտվածություն։ Ագատ մթնոլորտում Ջերմաստիճանային ինվերսիա առաջանում է օդի վարընթաց շարժումների, սառը շերտերի վրայով տաք օդային զանգվածների ներթափանցման հետևանքով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։