Ջեյմս-Լանգեի տեսություն

Ջեյմս-Լանգեի տեսությունը երկու գիտնականների՝ Ուիլյամ Ջեյմսի և Կարլ Լանգեի կողմից ստեղծված հայեցակարգ է։ Այս տեսության հիմնական գաղափարը նրանում է, որ հույզը կազմված է մարմնական փոփոխականից և դրանց ապրումից։

Նախապատմություն խմբագրել

Դարվինը իր «Մարդու արտահայտիչ շարժումների ծագումը» աշխատությունում ցույց է տալիս մարդու հույզերի կապը կենդանական աշխարհում դիտվող համապատասխան աֆեկտիվ և բնազդային ռեակցիաների հետ։ Նա նշում էր, որ մարդու հույզերը, զգացմունքներն ունեն կենդանական ծագում, ինչպես մարդն ամբողջությամբ։ Մարդու հուզական դրսևորումների ընդհանրությունը համենայն դեպս բարձրագույն կենդանիների հուզական դրսևորումներին այնքան ակնհայտ է, որ գրեթե չի ենթարկվում կասկածի։ Շարունակելով դարվինյան գաղափարները դրական ուղղությամբ՝ մի շարք հոգեբաններ(Սպենսերը և նրա աշակերտները, ֆրանսիական պոզիտիվիստները՝ Ռիբոն և նրա դպրոցը, և այլք) զարգացնում էին կենդանիների աֆեկտիվ և բնազդային ռեակցիաներից մարդկային հույզերի կենսաբանական ծագման մասին գաղափարները։ Այստեղից էլ ստեղծվեց հույզերի ռուդիմենտար տեսությունը։ Այս տեսության համաձայն՝ արտահայտիչ շարժումները, որոնք ուղեկցում են մեր վախը, հանդիսանում են փախուստի կամ պաշտպանության ժամանակ կենդանիների ռեակցիաների ռուդիմենտար մնացորդներ, իսկ շարժումները, որոնք ուղեկցում են մեր զայրույթը, դիտարկվում են որպես մեր կենդանի նախնիների հարձակման ռեակցիաների ռուդիմենտար մնացորդներ։ Այլ կերպ ասած վախը դիտարկվում է որպես արգելակված փախուստ, իսկ զայրույթը՝ արգելակված հարձակում։ Ռիբոն գրում է, որ հույզերն հանդիսանում են մարդկային հոգեկանի միակ ոլորտը, որը կարող է հասկացվել միայն ռետրոսպեկտիվ։

Փաստորեն մարդու աֆեկտիվ ռեակցիաները «մնացորդներ» են, որոնք անընդհատ թուլանում են իրենց արտաքին դրսևորմամբ և ներքին ընթացքով։ Տպավորություն է ստեղծվում, որ հույզերի զարգացման կորն իջնում է, և եթե մենք համեմատենք բարձրագույն կենդանիներին և մարդուն, երեխային և մեծահասակին, պրիմիտիվ և մշակութային մարդուն, ապա կտեսնենք, որ զարգացմանը զուգընթաց հույզերը մղվել են հետին պլան։

Եթե կենսաբանական տեսանկյունից հուզական կյանքը թվում էր «մահացող», ապա անմիջական հոգեբանական փորձը և հետագայում փարձարարական հետազոտությունները ապացուցում էին այդ մտքի անհեթեթ լինելը։ Դեռ Ջեյմսն ու Լանգեն, միմյանցից անկախ և յուրաքանչյուրը տարբեր ուղիներով՝ Ջեյմսը՝ ավելի որպես հոգեբան, իսկ Լանգեն՝ ավելի շատ որպես ֆիզիոլոգ, իրենց առջև խնդիր էին դրել գտնել հույզերի կենսունակության աղբյուրը, որը, ինչպես նշում է Ջեյմսը, գտնվում է հենց մարդու օրգանիզմում։

Տեսության բովանդակություն խմբագրել

Ընդհանրապես ընդունված է մտածել, որ որոշակի փաստի ընկալումը առաջացնում է հոգեկան վիճակ, որը կոչվում է հույզ, և որ այդ հոգեկան վիճակը օրգանիզմում հանգեցնում է փոփոխությունների, որոշակի մարմնական դրսևորումների։ Այս տեսության համաձայն՝ մարմնական փոփոխությունները անմիջապես հաջորդում են այն առաջացրած փաստի ընկալմանը, իսկ այդ փոփոխությունների գիտակցումն էլ առաջ է բերում հույզ։ Սովորաբար մենք ասում ենք, որ ինչ որ բան չհաջողվեց անել, այդ պատճառով մենք տխրում ենք և լացում, մենք հանդիպեցինք արջին, վախեցանք և այդ պատճառով էլ փախուստի դիմեցինք։ Համաձայն Ջեյմս-Լանգեի տեսության՝ այս իրադարձությունների հաջորդականությունը մի փոքր այլ է. մի հոգեկան գործընթացը անմիջապես մյուսով չի պայմանավորվում, այլ նրանց միջև գտնվում են մարմնական դրսևորումները։ Փաստորեն տեսությունը գտնում է, որ առավել ռացիոնալ է արտահայտվել հետևյալ ձևով. մենք տխուր ենք, որովհետև լացում ենք, վախեցած ենք, որովհետև դողում ենք։ Եթե ընկալումը չուղեկցվեր մարմնական փոփոխություններով, այն բացառապես կլիներ ճանաչողական, կոլորիտից և «հուզական ջերմությունից» զուրկ։ Այս դեպքում մենք կտեսնեինք արջին և կորոշեինք, որ ավելի լավ է փախչել, սական մենք վախի զգացում չէինք ունենա։

Եթե մենք պատկերացնենք որևէ հույզ և փորձենք մտավոր այդ հույզից մեկը մյուսի հետևից հանել բոլոր մարմնական փոփոխությունների հետ կապված զգայությունները, ապա ի վերջո տվյալ հույզից ոչինչ չի մնա, ոչ մի «հոգեկան նյութ», որից կկարողանար առաջանալ տվյալ հույզը։ Սրա արդյուքում կստացվեր զուտ ինտելեկտուալ ընկալման սառը, անտարբեր վիճակ։ Եթե վախի հույզից «հանենք» մի շարք մարմնական դրսևորումներ՝ հաճախացած սրտի զարկեր ու շնչառական շարժումներ, սագամաշկ, վերջույթների դող, ապա վախի հույզից ոչինչ չի մնա։

Հույզը, որը զուրկ է մարմնական փոփոխություններից ու զգացումներից, ինչ-որ չպատկերացվող բան է։

Եթե այս տեսությունը ճշմարիտ է, ապա նրանից հետևում է, որ որոշակի հույզի դրսևորումների դրդումը կհանդիսանա համապատասխան հույզի առաջացման պատճառ։ Ամբողջ օրը տխուր ու մռայլ լինելով, մենք թողնում ենք, որ մեզ տիրի մելանխոլիան։ Եթե մենք ցանկանում ենք ճնշել անցանկալի հուզական համկումները, ապա մենք պետք է վերատրադրենք այնպիսի արտաքին շարծումներ, որոնք համապատասխանում են հակադիր, մեզ համար ցանկալի հույզին։ Մեր ջանքերի արդյունքը կլինի այն, որ տխուր, ճնշված վիճակը կանհետանա, իսկ նրան կփոխարինի ուրախության հույզը։

Ջեյմսը նշում էր, որ եթե մարդկային մտքի օրգանը գլխուղեղն է, ապա հույզերի օրգանը վեգետատիվ ներքին օրգաններն են։ Հույզերի սուբստրարտը կենտրոնից տեղափոխվում էր պերիֆերիա։ Այստեղից էլ այս տեսությունը նաև անվանում են հույզերի պերիֆերիկ տեսություն։

Քննադատություն խմբագրել

Ուոլտեր Քեննոնը մատնացույց արեց Ջեյմս-Լանգեի տեսության թերի կողմերը։ Ջեյմսի և Լանգեի տեսությունում կարևորվում էր երկու հանգամանք՝

  • կենսաբանական տեսանկյունից դիտարկվող հույզը հանդիսանում է գիտակցությունում ֆիզիոլոգիական վիճակների արտացոլում,
  • այդ վիճակները սպեցիֆիկ են տարբեր հույզերի համար։

Տարբեր կենդանիների հետ փորձեր անցկացնելով՝ Քեննոնը կարողացավ բարդ մեթոդների՝ էքստրիպացիայի, արհեստական ինտոքսիկացիայի, բարդ բիոքիմիական վերլուծության օգնությամբ ապացուցել, որ վախի, զայրույթի ժամանակ շների, կատուների մոտ առաջանում են խորը հումորալ փոփոություններ՝ պայմանավորված ներզատական գեղձերի աշխատանքի հետ (մասնավորապես՝ մակերիկամների), և այդ փոփոխությունները ուղեկցվում են ողջ վիսցերալ համակարգի խորը փոփոխություններով։ Քեննոնը գրում է, որ որքան էլ տարօրինակ է, այնպիսի տարբեր հույզեր, ինչպիսիք են վախը, զայրույթը, ունեն միանման օրգանական արտահայտում։ Քեննոնը Ջեյմսի և Լանգեի տեսության հիմնական բանաձևում կատարում է փոփոխություններ։ Եթե Ջեյմսն ասում էր, որ մենք տխուր ենք, քանի որ լացում ենք, ապա Քեննոնը նշում է, որ մենք կա՛մ տխուր ենք, կա՛մ հուզված, կա՛մ էլ ապրում ենք ամենատարբեր հույզեր, քանի որ լացում ենք։ Այլ կերպ ասած, Քեննոնը իր փորձարարական տվյալների հիման վրա սկսեց բացառել հույզերի և նրա մարմնական դրսևորումների միջև միանշանակ կապը։ Էլեկտրասրտագրության, հումորալ և վիսցերալ փոփոխությունների, քիմիական անալիզի, արյան անալիզի հիման վրա հնարավոր չէ ասել կենդանին ունի վախի թե կատաղության ապրում։ Քեննոնը, սակայն, այդ միանշանակ կապը բացառելով, իր այս աշխատությունում կասկածի տակ չէր դնում Ջեյմս-Լանգեի տեսության հիմնական դրույթը. հույզերն հանդիսանում են մեր գիտակցությունում օրգանական փոփոխությունների արտացոլում։

Իր հետագա հետազոտություններում Քեննոնը կհանգի այն եզրակացության, որ հույզերի մարմնական դրսևորումների ոչ սպեցիֆիկության հայտնաբերված փաստերը իրականում հանգեցնում են Ջեյմս-Լանգեի տեսության լրիվ ժխտմանը։

Քեննոնը իրականացնում էր մի շարք բարդ փորձեր, որոնցում հեռացնում էր կենդանու սիմպաթիկ նյարդային համակարգի հանգույցների հիմնական մասը, ինչի հետևանքով վերանում էր օրգանական բնույթ ունեցող ցանկացած ռեակցիա։ Համեմատվում էին երկու կենդանիներ՝ կատու, ում սիմպաթիկ նյարդային համակարգի էքստրիպացիայի արդյունքում վախ կամ կատաղություն առաջանալ չէր կարող, ադրենալինի ներզատում չէր իրականանում, և ստուգիչ կատու, ում մոտ վերոնշյալ բոլոր ռեակցիաները առաջանում էին։ Այս հետազոտութան հիմնական եզրակացությունը կայանում էր նրանում, որ միանման պայմաններում երկու կատուներն էլ ունենում էին միանման վարքային դրսևորումներ։ Սիմպաթիկ նյարդային համակարգի էքստրիպացիայով կատվի մոտ հույզերի դրսևորում դիտվում էր այնպես, ինչպես մյուս կատվի մոտ։ Նա միանման էր արձագանքում, երբ շունը մոտենում էր իրեն կամ ձագերին կամ երբ քաղցած շամանակ նրանից վեերցնում էին ուտելիքը։ Այս էքսպերիմենտը ժխտեց Ջեյմսի հետևյալ դրույթը. եթե վախի հույզից մտովի հանենք դողը, արագ սրտխփոցը, շնչառական շարժումները և այլն, ապա կտեսնենք, որ հույզից ոչինչ չի մնա։

Կենդանիների, այնուհետև մարդկանց հետ փորձարարական հետազոտությունների այլ շարքում, արեցին համապատասխան ներարկում, որն առաջացնում էր արհեստական օրգանական փոփոխություններ։ Արհեստական օրգանական փոփոխությունները նման էին այն օրգանական փոփոխություններին, որոնք դիտվում էին ուժեղ հույզի ժամանակ։ Պարզվեց, որ կենդանիների մոտ համապատասխան օրգանական փոփոխությունների առաջացումը հնարավոր է առանց հույզի առաջացման։ Փաստորեն հերքվեց նաև Ջեյմս-Լանգեի տեսության հետևյալ դրույթը. եթե մենք առաջացնենք հույզն ուղեկցող արտաքին դրսևորումները, ապա կառաջանա նաև հույզը։

Հիմնական եզրակացություններ խմբագրել

Քեննոնը հանգում է հետևյալ եզրակացությունների՝

  • Ջեյմսի և Լանգեի տեսությունը «չի դիմանում» փարձարարական քննադատության և չի ենթարկվում փաստերով ստուգման,
  • Քեննոնը՝ որպես կենսաբան, պետք է բացատրեր այն պարադոքսը, որն առաջանում էր նրա հետազոտությունների արդյունքում։ Եթե այն խորը օրգանական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում կենդանու մոտ ուշեղ հուզական ռեակցիաների ծամանակ, հույզի համար էական չեն, և հույզը պահպանվում է՝ չնայած այդ օրգանական փոփոխությունների բացակայության, ինչու՞ են անհրաժեշտ այդ փոփոխությունները։ Սիմպաթիկ նյարդային համակարգից և բոլոր հումորալ և վիսցերալ ռեակցիաներից զուրկ կատուն ինչու՞ է այն նույն ձևով արձագանքում վտանգին, ինչպես մյուս կատուն։

Քեննոնը հակասությունը բացատրում է հետևյալ ձևով. ցանկացած ուժեղ հուզական ռեակցիան կենդանու մոտ հանդիսանում է գործողության միայն սկիզբը, սակայն ոչ վերջը, և առաջանում է կենդանու համար կրիտիկական, կենսակարևոր իրավիճակներում։ Այսինքն այդ բոլոր օրգանական ռեակցիաները կարևոր են որպես այդպիսին ոչ թե հույզի, այլ նրա համար, ինչն առաջ է գալիս հույզից հետո։ Բոլոր փոփոխությունները՝ արյան մեջ շաքարի բարձրացումը, փախուստի կամ հարձակման համար օրգանիզմի ուժերի մոբիլիզացիան կարևոր են, քանի որ անմիջապես ուժեղ ռեակցիայից հետո կենդանուն անհրաժեշտ է ուժեղ մկանային գործունեություն։

Քեննոնը գրում է, որ լաբորատոր պայմաններում կատուն, որը չուներ հույզերի ֆիզիոլոգիական ախտանիշեր, իրեն դրսևորում էր այնպես, ինչպես այդ ախտանիշներն ունեցող կատուն։ Սակայն սա տեղի է ունենում միայն փորձարարկան լաբորատորիայում, որտեղ սահմանափակվում են մեկուսացված պայմաններով։ Բնական պայմաններում հույզերի ֆիզիոլոգիական ախտանիշերից զուրկ կատուն կմահանար մյուս կատվից շատ ավելի շուտ։ Եթե կատուն ստիպված լիներ վախենալ և ոչ միայն վախենալ, այլ նաև փախչել, ապա բնական է, որ կենդանին, ում վիսցերալ գործընթացները կազմակերպված չեն, չէին մոբիլիզացնի օրգանիզմը փախուստի համար, ինչի պատճառով կենդանի երկար դիմանալ չէր կարողանա։

Քեննոնի աշխատանոներում հուզական կյանքի կենտրոնը ծայրամասերից տեղափոխվեց կենտրոն, և հուզերի մեխանիզմը նա կապում էր գլխուղեղի հետ։

Գրականություն խմբագրել

  • Вилюнас В. Психология эмоций //СПб.։ Питер. – 2004.
  • Выготский, Лев Семенович,Собрание сочинений,М.- 1982.
  • James W. II.—What is an emotion? //Mind. – 1884. – №. 34. – С. 188-205.