Պոլ Վեռլեն

ֆրանսիացի գրող

Պոլ Վեռլեն (ֆր.՝ Paul Verlaine, մարտի 30, 1844(1844-03-30)[1][2][3][…], Մեց, Մոզել[4][5] - հունվարի 8, 1896(1896-01-08)[1][2][3][…], Փարիզ[4][5]), ֆրանսիացի բանաստեղծ։

Պոլ Վեռլեն
Paul Verlaine
Ծնվել էմարտի 30, 1844(1844-03-30)[1][2][3][…]
ԾննդավայրՄեց, Մոզել[4][5]
Վախճանվել էհունվարի 8, 1896(1896-01-08)[1][2][3][…] (51 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[4][5]
ԳերեզմանԲատինոլի գերեզմանատուն
Գրական անունPauvre Lelian[6] և Pablo de Herlagnèz[6]
Մասնագիտությունբանաստեղծ, ակնարկագիր, գրող, լիբրետիստ և թարգմանիչ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԿոնդորսե լիցեյ
Ժանրերլիրիկա
Գրական ուղղություններսիմվոլիզմ
Պարգևներ
ԱմուսինMathilde Mauté?
Համատեղ ապրողԱրթյուր Ռեմբո[7]
ԶավակներGeorges Verlaine?
Изображение автографа
 Paul Verlaine Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1844 թվականի մարտի 30-ին Մեց քաղաքում։ 1851 թվականին նրա ընտանիքը հաստատվում է Փարիզում։

1853-1862 թվականներին Պոլ Վեռլենը սովորում է Լանդրի դպրոցում և Բոնապարտ լիցեյում։

1858 թվականին գրում է «Մահը» բանաստեղծությունը և ուղարկում Վիկտոր Հյուգոյին։ Լիցեյն ավարտելուց հետո՝ 1862 թվականի հոկտեմբերին, ընդունվում է իրավաբանական դպրոց։

1864 թվականին, հրաժարվելով իրավաբանական կրթությունից, Պոլ Վեռլենն աշխատանքի է անցնում իբրև ապահովագրական ընկերության ծառայող, ապա իբրև գործավար՝ քաղաքապետարանի բաժանմունքներից մեկում, հետո՝ Սենի պրեֆեկտուրայում։

1865 թվականին մամուլում տպագրում է հոդվածներ և բանաստեղծություններ, համագործակցում պառնասականների հետ։

1866 թվականին հրատարակում է «Սատուրնական քերթվածներ»-ը։

1867 թվականի սեպտեմբերի 2-ին մասնակցում է Շառլ Բոդլերի հուղարկավորությանը, դեկտեմբերի վերջերին Բրյուսելի թերթերից մեկը գաղտնի հրապարակում է նրա «Ընկերուհիներ» սոնետաշարքը, որը քրեական դատարանը դատապարտում է։

1869 թվականի մարտին լույս է տեսնում Վեռլենի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն՝ «Նրբակիրթ տոնահանդեսներ», գրում է «Բարի երգ» գրքի մեծ մասը։ Նույն տարում հարբած վիճակում երկու անգամ փորձում է սպանել մորը։ Հունիսին խնդրում է տասնվեցամյա Մաթիլդ Մոտեի ձեռքը։

1870 թվականի հունիսին լույս է տեսնում «Բարի երգ ժողովածուն», օգոստոսին կայանում է Վեռլենի և Մաթիլդ Մոտեի ամուսնությունը, սեպտեմբերին կամավոր մտնում է Ազգային Գվարդիայի շարքերը և դառնում քաղաքի Պետական բյուրոյի զին խմբագիր։

1871 թվականի սեպտեմբերին Արթյուր Ռեմբոն Շառլըվիլից մի քանի բանաստեղծություններ է ուղարկում Վեռլենին և վերջինի հրավերով հյուրընկալվում է Մոտեների տանը։ Վեռլենը գրեթե ամեն օր գինարբուքի մեջ է, սկսում են ընտանեկան անհաշտ կռիվները, որոնք շարունակվում են որդու՝ Ժորժ Վեռլենի ծնունդից հետո։ Տարվա վերջում ճամփորդում է Արդենում։

1872 թվականի հունվարին, հերթական ընդհարումից հետո, Մաթիլդը հեռանում է ամուսնուց և որդու հետ հաստատվում Պերիգոյում։ Վեռլենն ապրում է Ռեմբոյի հետ մինչև մարտի սկիզբը։ Մարտին Ռեմբոն մեկնում է Շառլըվիլ։ Վեռլենը Մաթիլդի հետ վերահաստատում է ամուսնական կապերը, գաղտնի թղթակցելով Ռեմբոյի հետ, որը մայիսին վերադառնում է Փարիզ։ Վեռլենը գրում է «Մոռացված արիետները»։ Հուլիսին, լքելով կնոջն ու որդուն, Ռեմբոյի հետ ճանապարհորդում է Ֆրանսիայի հարավում և Բելգիայում։ Սեպտեմբերի սկզբին նավարկում են Անգլիա։ Շարունակում է աշխատել «Ռոմանս առանց խոսքերի» ժողովածուի վրա։ Կինը դատական գործ է հարուցում ամուսնալուծության համար։ Դեկտեմբերին Ռեմբոն վերադառնում է Ֆրանսիա, Վեռլենը միայնակ մնում է Լոնդոնում և հիվանդանում։

1873 թվականի հունվարին Ռեմբոն կրկին մեկնում է Լոնդոն, Վեռլենի մոտ, որին դրամով օժանդակում է մայրը։ Ապրիլին երկու բանաստեղծները վերադառնում են Ֆրանսիա և կրկին բաժանվում։ Կրկին հանդիպում են մայիսին և մեկնում Լոնդոն, որտեղ Վեռլենը ֆրանսերեն դասեր է դասավանդում։ Հուլիսի սկզբին, թողնելով Ռեմբոյին Լոնդոնում, մեկնում է Բրյուսել, նամակներով ազդարարելով Մաթիլդին, իր մորը և Ռեմբոյին, որ ինքնասպան կլինի, եթե Մաթիլդը չհամաձայնի վերահաստատել ամուսնական կապերը։ Վեռլենի մոտ Բրյուսել է մեկնում մայրը, մի քանի օր անց՝ Ռեմբոն։ Հուլիսի 10-ին Վեռլենը, հարբած, ատրճանակով երկու անգամ կրակում է Ռեմբոյի վրա և թեթևակի վիրավորում։ Նրան ձերբակալում են, դատապարտում երկու տարվա ազատազրկմամբ և 200 ֆրանկ տուգանքի։ Պատիժը կրում է Մոնսի բանտում։ Այս ընթացքում գրում է մի շարք բանաստեղծություններ, որոնք ընդգրկված են «Իմաստություն», «Մի ժամանակ և վերջերս» և «Զուգահեռաբար» ժողովածուներում։

1874 թվականին լույս է տեսնում «Ռոմանսներ առանց խոսքերի» ժողովածուն։ Քաղաքացիական դատարանը վճռում է Վեռլենի և Մաթիլդ Մոտեի ամուսնալուծությունը։

1875 թվականի հունվարի 16-ին ազատվում է բանտից։ Մայրը նրան տանում է Ֆամպու։ Փետրվարին մեկնում է Շտուտգարտ՝ հանդիպելու Ռեմբոյին, որի հետ ապրում է ընդամենը երկու օր և նորից գժտվելով՝ ետ վերադառնում։ Մարտի վերջին մեկնում է Լոնդոն ուսուցչության։ Դասավանդում է Շթիքնեյում։ Դեկտեմբերի 12-ին վերջին նամակն է գրում Ռեմբոյին, վերջնականապես խզելով կապերը նրա հետ։

1876 թվականին վերադառնում է Ֆրանսիա, դասավանդում Բուրնեմութի քոլեջում։

1877 թվականին ավարտում է «Իմաստություն» ժողովածուն։ Հոկտեմբերին դասավանդում է Ռեթելի դպրոցում։

1878 թվականին մտերմիկ կապեր է հաստատում իր աշակերտ Լյուսիեն Լետինուայի հետ։ 1879 թվականի սեպտեմբերին զրկվելով աշխատանքից, նորից մեկնում է Անգլիա՝ իր հետ տանելով Լետինուային։ Դեկտեմբերին նրանք վերադառնում են Ֆրանսիա։

1880 թվականին Լյուսիեն Լետինուայի հոր անունով մի անունով մի ագարակ է գնում Ժյունիվիլում և հաստատվում այնտեղ Լյուսիենի և նրա ծնողների հետ։ Աշնանը Լյուսիենը մեկ տարով զորակոչվում է բանակ, և Վեռլենը նրա ետևից մեկնում է Ռեյմս, աշխատանքի անցնելով տեղի դպրոցներից մեկում։ Նոյեմբերին լույս է տեսնում «Իմաստություն» ժողովածուն։

1881 թվականին ավարտում է «Մի ֆրանսիացու ճամփորդությունը Ֆրանսիայում» հուշագրությունը։ Աշնանը Լետինուան զորացրվում է։

1882 թվականին, վաճառելով Ժյունիվիլի ագարակը, վերադառնում է Փարիզ, վերահաստատում կապերը մայրաքաղաքի գրական շրջանակների հետ։

1883 թվականին 23-ամյա հասակում տիֆից մահանում է Լյուսիեն Լետինուան։ Վեռլենի մայրը Լետինուայի ծնողներից գնում է մի ագարակ Կուլոմում, որտեղ հաստատվում է որդու հետ։

1884 թվականին առանձին գրքով լույս է տեսնում Վեռլենի «Անիծված բանաստեղծները», այնուհետև՝ «Մի ժամանակ և վերջերս» բանաստեղծությունների ժողովածուն։

1885 թվականին կատաղության նոպայի մեջ մի նոր մահափորձ է կատարում մոր դեմ և դատապարտվում մեկ ամսվա բանտարկության։ Բանտից ազատվելով՝ վերադառնում է Փարիզ։ Պառկում է Բրուսեի հիվանդանոցում՝ ծնկի հիդարթրոզով։

1886 թվականի հունվարի 21-ին մահանում է մայրը։ Հիվանդության պատճառով Վեռլենը չի կարողանում մասնակցել մոր հուղարկավորությանը։ Գրեթե ընչազուրկ է։ Բուժվում է Տենոնի և Բրուսեի հիվանդանոցներում։ Տպագրում է «Լուիզ Լըկլերկ», «Մի ամուրիի հուշերը» երկերը և Ռեմբոյի «Պայծառացումները»։

1887 թվականին գրեթե ամբողջ տարին անց է կացնում հիվանդանոցներում։

1888 թվականին լույս է տեսնում Շառլ Մորիսի «Պոլ Վեռլեն» գիրքը, իսկ Վեռլենը հրատարակում է «Սեր» բանաստեղծական ժողովածուն և «Անիծված բանաստեղծների» ամբողջական տարբերակը։

1889 թվականին լույս է տեսնում «Զուգահեռաբար» ժողովածուն։ Նույն տարում անընդհատ հիվանդանոցից հիվանդանոց է տեղափոխվում։

1890 թվականին տպագրվում է «Ընծայականներ» գիրքը, որին հետևում է «Կանայք» գրքի գաղտնի հրատարակությունը։

1891 թվականի մայիսին Արտ թատրոնը ի նպաստ Վեռլենի և Պոլ Գոգենի տալիս է մի ներկայացում, որի ծրագրում էր նաև Վեռլենի «Ոմանք և մյուսները» մեկ գործողությամբ չափածո կատակերգությունը։ Տպագրվում են «Երջանկություն» և «Ընտիր բանաստեղծություններ» ժողովածուները, իսկ տարվա վերջին՝ «Երգեր նրա համար» և «Իմ հիվանդանոցները» գրքերը։

1892 թվականին դուրս է գալիս հիվանդանոցից և ապրում Էժեն Կրանցի հետ։ Ապրիլին հրատարակում է «Մտերմիկ պարագաներ» գիրքը։ Օգոստոս-հոկտեմբերին նորից Բրուսեի հիվանդանոցում է, նոյեմբերին մեկնում է Հոլանդիա՝ մասնակցելու գրական համաժողովի։

1893 թվականի փետրվար-մարտին մասնակցում է Բելգիայում, իսկ նոյեմբեր-դեկտեմբերին՝ Անգլիայում կազմակերպված գրական համաժողովին, որտեղ դասախոսություններ է կարդում իր ստեղծագործությունների մասին։ Հրատարակում է «Եղերերգություններ» և «Ներբողներ իր պատվին» ժողովածուները, ապա «Իմ բանտերը» և «Տասնհինգ օր Հոլանդիայում» գրքերը։ Հուլիսին առաջադրվում է Ակադեմիայի անդամության թեկնածու։

1894 թվականի մեծ մասը հիվանդանոցում է։ Մայիսին լույս է ընծայում «Լիմբոսներում» գիրքը։ Լըկոնտ դը Լիլի մահից հետո հռչակվում է «բանաստեղծների արքա»։ Ժողովրդական կրթության նախարարությունը նրան 500 ֆրանկ նպաստ է հատկացնում։ Դեկտեմբերին հրատարակում է իր «Էպիգրամները»։

1895 թվականին, դուրս գալով հիվանդանոցից, կրկին ապրում է Էժեն Կրանցի հետ։ Հուլիսին լույս է ընծայում «Խոստովանություններ» գիրքը։ Հիվանդությունն ավելի է սրվում։ Նրան դրամական օգնություն է հատկացնում բարձրաշխարհիկ անձանց և գրողների մի խմբակցություն։

1896 թվականի հունվարի 8-ին Վեռլենը վախճանվում է։ Հունվարի 10-ին բազմահազարանոց սգո թափորը Փարիզի փողոցներով տանում է նրա դին Բատինյոլ գերեզմանատուն, որտեղ մահախոսականներով հանդես են գալիս Լըպլետյեն, Մորեասը, Կանը, Մենդեսը, Բառեսը, Կոպեն և Ստեֆան Մալարմեն[8]։,

Պոլ Վեռլենը հայերեն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Paul Verlaine (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Верлен Поль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. https://www.bbc.com/russian/news-38165145
  8. Պոլ Վեռլեն (1995). Ընտիր բանաստեղծություններ. Երևան: Ապոլլոն. էջ 7-12.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Վեռլեն» հոդվածին։