Պետրոս Կոնտուրաջյան
Պետրոս Ներսեսի Կոնտուրաջյան (հուլիսի 26, 1905, Ուռհա, Թուրքիա - օգոստոսի 23, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Պետրոս Կոնտուրաջյան | |
---|---|
Ի ծնե | Պետրոս Կոնտուրաջյան |
Ծնվել է | հուլիսի 26, 1905 |
Ծննդավայր | Եդեսիա (Ուրֆա) |
Վախճանվել է | օգոստոսի 23, 1956 (51 տարեկան) |
Մահվան վայր | Երևան Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ակտիվ շրջան | 1923 - 1956 |
Կենսագրություն խմբագրել
1915 թվականինի Մեծ եղեռնի ժամանակ կորցրել է հարազատներին, ապաստանել Հալեպի ազգային որբանոցում, սովորել Հայկազյան վարժարանում։ 1923 թվականին մեկնել է Փարիզ, մասնագիտական կրթություն ստացել Մոնպառնասի ազատ արվեստանոցներում, Ֆ. Լեժեի ստուդիայում և Փարիզի գեղարվեստի ակադեմիայում, հետևել Սորբոնի համալսարանի փիլիսոփայության և հնագիտության դասընթացներին։
1930 թվականինից մասնակցել է «Աշնան սալոնի», «Անկախների սալոնի» և «Հայ ազատ արվեստագեաներու միության» ցուցահանդեսներին։ Կոնտուրաջյանը մեծ քաղաքի անշուք անկյունների, գոյության կռիվ մղող աշխատավոր մարդկանց երգիչն է։ 1930-1940-ական թթ. ստեղծած «Գետափին», «Բանվորական թաղամաս», «Քարե կամուրջ», «Մայրը մանկան հետ», «Փարիզի շրջակայքը» (բոլորն էլ՝ Հայաստանի պետական պատկերասրահում) կտավները տոգորված են վշտի ու առանձնության տրամադրություններով։ Կոնտուրաջյանի արդիական, ռեալիստական ստեղծագործություններին բնորոշ է նյութականությունը, կառուցվածքային հստակությունը, գունային մակերեսի հագեցվածությունն ու ընդհանրացվածությունը։
1939 թվականին նկարիչը զորակոչվել է ֆրանսիական բանակ։ 1945 թվականին Պաբլո Պիկասոյի, Անրի Մատիսի և այլ ականավոր նկարիչների հետ հանդես է եկել «Ժամանակակից մեծ նկարիչները ռազմագերիների օգտին» նշանավոր ցուցահանդեսում։ 1947 թվականին Կոնտուրաջյանը ներգաղթել է հայրենիք, ստեղծել հայրենի բնության ինքնատիպ պատկերումներ, որոնցից առավել հանրահայտ են «Սևան» և «Արաբկիր» նկարաշարերը (1956, Հայաստանի պետական պատկերասրահ)[1]։ Սկզբնական շրջանում ապրել և ստեղծագործել է Լենինականում, 1951 թվականից բնակվել է Երևանում[2]։
Մահը խմբագրել
Խորհրդային իշխանությունների հետ տարաձայնությունների պատճառով 1956 թվականին ինքնասպան է եղել Երևանում։
Ստեղծագործություններ խմբագրել
Պետրոս Կոնտուրաջյանի բնանկարներն ու դիմանկարները («Բանվորական թաղամաս», «Գետափին, քաղաքային տեսարան», «Շագանակ վաճառող աղջիկը» և այլն, բոլորն էլ՝ ԺԱԹ) աչքի են ընկնում նուրբ ու թախծոտ տրամադրությամբ։
Ցուցահանդեսներ խմբագրել
1966 թվականին Երևանում կազմակերպվել է Կոնտուրաջյանի անհատական ցուցահանդեսը։
Գրականություն խմբագրել
Պետրոս Կոնտուրաջյան, Ե, 1966 (Կատալոգ)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Շտեմարան - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Baghdasaryan, Aram. «AV Production - Պետրոս Կոնտրաջյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Սևան. Ամպամած օր», Պետրոս Կոնտուրաջյան
- ↑ «Աղբյուրի մոտ. Բյուրական», Պետրոս Կոնտուրաջյան
- ↑ «Պատանու դիմանկար (Գևորգը)», Պետրոս Կոնտուրաջյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 584)։ |