Պարասիմպաթիկ նյարդային համակարգ

Պարասիմպաթիկ նյարդային համակարգ (ՊՆՀ), վեգետատիվ նյարդային համակարգի բաժին։ Հիմնականում դրդվում է հանգստի պայմաններում և նպաստում է նյութերի սինթեզին, էներգիայի կուտակմանն ու պահեստավորմանը[1]։

Պարասիմպաթիկ նյարդային համակարգ

Կառուցվածք խմբագրել

ՊՆՀ-ի նյարդաթելերը սկսվում են հետին ուղեղից և ողնուղեղի սրբանային բաժնից։

Պարասիմպաթիկ նախահանգուցային թելերը 4 զույգ (III, VII, IX, X) գանգուղեղային նյարդերով դուրս են գալիս միջին ուղեղից ու երկարավուն ուղեղից (ուղեղաբնից) և նյարդավորում են աչքի հարթ մկանները, գլխի գեղձերը, կրծքի խոռոչի ու որովայնի օրգանները։

Ողնուղեղի սրբանային բաժնից (S2-S4) սկսվում են պարասիմպաթիկ նյարդաթելերը, որոնք մտնում են կոնքային նյարդերի կազմության մեջ և նյարդավորում հաստ աղիքի վարընթաց մասն ու կոնքի օրգանները (ուղիղ աղիք, միզապարկ, սեռական օրգաններ)[2]։

Պարասիմպաթիկ հանգույցները գտնվում են էֆեկտոր օրգանի պատի հաստության մեջ (ներպատային, ինտրամուրալ հանգույցներ) կամ օրգանին մոտ (սահմանային հանգույցներ), այդ պատճառով պարասիմպաթիկ նախահանգուցային նյարդաթելը երկար է, իսկ հետհանգուցայինը՝ կարճ[3]։

ՊՆՀ-ի հանգուցյներում և հետհանգուցային սինապսներում սինապսային հաղորդումն իրականացվում է ացետիլխոլինով։ Հանգույցներում տեղադրված են Ն-խոլինաընկալիչներ, իսկ հետհանգույցային սինապսներում՝ Մ-խոլինաընկալիչներ։

Պարասիմպաթիկ նյարդային համակարգի նշանակությունը խմբագրել

Պարասիմպաթիկ նյարդային համակարգը նյարդավորում է ստամոքսաաղիքային ուղու հարթ մկանները, մարսողական գեղձերը, միզասեռական օրգանները, թոքերը, նախասրտերը, արցունքագեղձերը, աչքի մկանները[4]։

Պարասիմպաթիկ նյարդեր չունեն արյան անոթների մեծ մասը (մաշկի, որովայնի օրգանների, մկանների) զգայարանները, փայծաղը, մակերիկամի միջուկը, կմախքային մկանները, ԿՆՀ-ն։ Արյունատար անոթների մեծ մասն ունի միայն սիմպաթիկ նյարդավորում, սակայն կան անոթներ (լեզվի, թքագեղձերի, սեռական օրգանների), որոնք նյարդավորվում են նաև պարասիմպաթիկ անոթալայնիչ նյարդերով[5]։

Պարասիմպաթիկ նյարդային համակարգի (ՊՆՀ) ազդեցություններն ավելի տեղայնացված են և նյարդավորվող օրգանների վրա թողնում են սահմանափակ ազդեցություն։ ՊՆՀ-ն օրգանիզմի տարբեր ֆունկցիաների վրա թողնում է հանգստացնող, թուլացնող ազդեցություն. նվազում են ԿՆՀ-ի և սրտամկանի դրդելիությունը, նյութափոխանակության ուժգնությունը, սրտի կծկումների հաճախությունը և ուժը, արյան ճնշումը, թոքային օդափոխության ծավալը, մարմնի ջերմաստիճանը, շատանում է ինսուլինի հյութազատությունը, որի շնորհիվ արյան գլյուկոզի քանակը նվազում է, իսկ շատանում գլիկոգենի քանակը, ուժեղանում են ստամոքսաաղիքային ուղու շարժողական, հյութազա-տական և ներծծման ֆունկցիաները։ ՊՆՀ-ն գլխավորապես ուժեղացնում է նյութագոյացման (անաբոլիզմի) ռեակցիաները։ Դրա ազդեցությունը հիմնականում գերակշռում է քնի և հանգստի ժամանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pocock, Gillian (2006). Human Physiology (3rd ed.). Oxford University Press. pp. 63–64. ISBN 978-0-19-856878-0.
  2. Moore, Keith L.; Agur, A. M. R. (2007). Essential Clinical Anatomy (3rd ed.). Lippincott Williams & Wilkins. ISBN 978-0-7817-6274-8.
  3. Moore, K.L., & Agur, A.M. (2007). Essential Clinical Anatomy: Third Edition. Baltimore: Lippincott Williams & Wilkins. 34-35. ISBN 978-0-7817-6274-8
  4. McCorry, LK (Aug 15, 2007). "Physiology of the autonomic nervous system.". American journal of pharmaceutical education 71 (4): 78. PMID 17786266.
  5. "The Vertebral Column and Spinal Cord". www.emery.edu. 1997-08-21. Retrieved 2013-03-21.