Պատեռնալիզմ (լատիներեն` paternus — հայրական), հայրիշխանական ընտանիքի տիպարով ձևավորված հարաբերությունների տեսակ։ Պատմականորեն ծագել կամ հատուկ մշակվել է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում (ընտանիք, քաղաքականություն, արտադրություն, միջազգային հարաբերություններ)։ Պատեռնալիզմը եղել է նաև հասարակական կառուցվածքի ձև (օրինակ՝ ֆեոդալական Եվրոպայի երկրներում, Չինաստանում), որտեղ հասարակությունը դիտվել է որպես ընտանիք (թագավորը՝ հայր, վասալները՝ զավակներ) և ենթադրվել է, որ ընտանիքի բոլոր անդամների միակ նպատակը այն պահպանելն է, ընդ որում զավակը պարտավոր է սիրել և հնազանդվել հորը, իսկ հայրը՝ հոգ տանել և հովանավորել զավակին։ Այս կարգի հարաբերությունները լինելով զուտ բարոյական, քողարկում են այդ շրջանակներում գործող մյուս հարաբերությունների էությունը, դրանց տալով բարոյական երանգավորում։ Պատեռնալիզմի նկատմամբ հետաքրքրությունը ծնվել է կապիտալիստական երկրներում դասակարգային հարաբերությունների սրման հետևանքով, մասնավորապես, առաջին համաշխարհային ճգնաժամից հետո։ Պատեռնալիզմի գաղափարները կիրառել է Հենրի Ֆորդը։ Պատեռնալիզմը պետք է «մեղմացներ» դասակարգային հակասությունները՝ արտադրությունը ներկայացնելով որպես կապիտալիստներին և բանվորներին մեկ ընդհանուր նպատակով միավորող ընտանիք։ Այստեղ տնտեսական և սոցիալ-քաղաքական հարաբերությունների դասակարգային էությունը նենգափոխված է բարոյականությամբ՝ ստեղծելով «ընտանիքի» միասնության նկատմամբ պատասխանատվության պատրանք։ Պատեռնալիզմը այժմ էլ օգտագործվում է Ճապոնիայում, իսկ կապիտալիստական մյուս երկրներում իր տեղը զիջել է տարբեր նորագույն տեսությունների (տես «Մարդկային հարաբերությունների տեսություն)։ Ա․ Ադիբեկյան

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։