Պառավաթումբ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 17 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 29 կմ հեռավորության վրա։

Գյուղական համայնք
Պառավաթումբ
ադրբ.՝ Qarıtəpə
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Մարտունու
Մակերես576,99 հա կմ²
ԲԾՄ867 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն140 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Պառավաթումբ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Պառավաթումբ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Անվանում խմբագրել

Գյուղի «Պառավաթումբ» անվանման հետ կապված է մի ավանդազրույց։ Հնում գյուղի մոտով անցել է մի զորաբանակ։ Գյուղի տներից մեկում  մի պառավ կին հաց թխելիս է լինում։ Զորաբանակի հրամանատարը պառավին առաջարկում է զինվորներին հաց տալ, սակայն պառավը հրաժարվում է։ Հրամանատարի հրամանով  յուրաքանչյուր զինվոր մի բահ հող է գցում պառավի վրա և պառավը մնում է հողի «թմբի տակ» թաղված, որտեղից էլ առաջացել է գյուղի «պառավի թումբ՝ Պառավաթումբ» անվանումը։ Գյուղի անվան հաջորդ տարբերակը, ըստ գյուղի տեղաբնակների, կապվում է Կապանի Պառավաթումբ գյուղից  եկածների հետ, որոնք էլ գյուղն անվանել են իրենց հին բնակավայրի անունով։

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 576,99 հա տարածք, որից 413,05 հա գյուղատնտեսական նշանակություն, 128,7 հա անտառային հողեր։ Պառավաթումբ համայնքի սահմանային գոտով հոսում է Խանաշեն գետը։ Համայնքի տարածքում առկա է 1 աղբյուր` «Մագուն», կա 1 չգործող ջրահավաք սրահ։

Կլիմա խմբագրել

Պառավաթումբ գյուղի կլիման բարեխառն մերձարևադարձային է, օդի տարեկան միջին ջերմաստիճանը +10 աստիճան է, հուլիսին ջերմաստիճանը կազմում է +18-ից մինչև +22 աստիճանի, առավելագույն ջերմաստիճանը հասնում է +37 աստիճանի, լեռներում՝ +32 աստիճանի։ Հունվարում ջերմաստիճանը հասնում է -8-ից մինչև -12 աստիճան, նվազագույնը՝ -17 աստիճանի, իսկ լեռներում ջերմաստիճանը հասնում է -26 աստիճանի։ Տեղումների քանակը կազմում է 410-520մմ։

Պատմություն խմբագրել

1989-1990 թվականներին գյուղում կազմավորվել է ինքնապաշտպանական ջոկատ, որն առանձին, իսկ 1992 թ․ ներառվելով Մարտունու պաշտպանական շրջանի Պաշտպանական Բանակի ստորաբաժանումների կազմում, մասնակցել է Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի և Արցախի ուրիշ շրջանների բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Գյուղի բնակիչները մասնակցել են 1941-1945 թթ․ պատերազմին։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Պառավաթումբ գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են 18-րդ դարում կառուցված սբ․Աստվածածին եկեղեցին, 4-12-րդ դարերի սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, 4-13-րդ դարերի գյուղատեղի մնացորդները, 13-րդ դարի հին գերեզմանոցը, դպրոցի առաջին հարկում գյուղի հին մատուռն է, որին գյուղացիները «Ժամ» են անվանում։ Գյուղում  պահպանվել է «Ագռավաքար» կոչվող քարը, որի հետ կապվում է մի ավանդազրույց։

Բնակչություն խմբագրել

Պառավաթումբ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 140 մարդ, կա 40 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 165 159 122

Տնտեսություն խմբագրել

Պառավաթումբ գյուղի  բնակիչները զբաղվել և զբաղվում են  անասնապահությամբ, հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, շերամապահությամբ, մեղվապահությամբ։

Հասարարակական կառույցներ խմբագրել

Գյուղում գործել և գործում են տարրական դպրոց(երեխաները ուսումը շարունակում են Կաղարծին գյուղի դպրոցում), ակումբ(2006 թ․ կառուցվել է նոր մշակույթի տուն), գրադարան, բուժկայան, առևտրի 1 կետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.