Պահանջմունք (հոգեբանություն)

(Վերահղված է Պահանջմունքից)

Պահանջմունք, նորմալ կենսագործունեության և հոգեկան ակտիվության համար անհրաժեշտ որևէ երևույթի, արժեքի կարիքը։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։ Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։

Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ էբավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

Պահանջմունքի մի մասը ֆիլոգենետիկական, իսկ մյուսները՝ օնտոգենետիկական ծագում ունեն։ Պահանջմունքի կոնկրետ իրադրական դրսևորումը դրդապատճառն է։«Ոչ ոք չի կարող որևէ գործ կատարել` չանելով դա նաև հանուն իր պահանջմունքներից մեկի բավարարման» (Կ. Մարքս)։ Պահանջմունքը, ծագելով մարդու մեջ, ծնում է նաև իր բավարարումն ապահովող միտում։ Մարդու պահանջմունքների յուրահատկություններից կենդանիների պահանջմունքներից ունեցած էական տարբերություններից մեկն այն է, որ դրանք կարող են բավարարվել ոչ թե կանխորոշված միակ հնարավոր առարկայի կամ խիստ որոշակի գործունեության օգնությամբ, այլ ճկուն են, փոփոխունակ։ Հասարակական կյանքը մարդուն թույլ է տալիս ստեղծել մշակութային բազմազան արժեքներ, այդ թվում նաև պահանջմունքների բավարարման ամենատարբեր միջոցներ ու եղանակներ։

Պահանջմունքների տեսակները խմբագրել

Հոգեբանության մեջ գոյություն ունեն պահանջմունքների դասակարգման տարբեր չափանիշներ։

  • Ըստ ծագման առանձնացնում են բնական և մշակութային պահանջմունքներ։
    • Բնական անվանում են այն պահանջմունքները, որոնք նրան տրված են ի ծնե։ Դրանք հատուկ են, բնական մարդ տեսակի բոլոր անհատներին։ Բնածին պահանջմունքների բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսսագործունեության պահպանման համար։
    • Մշակութային կոչվում են առաջացումն ու բավարարումը պայմանավորված է մարդկային մշակույթի, քաղաքակրթության զարգացմամբ։ Այս պահանջմունքները բնածին չեն և ծագում ու ձևավորվում են անձի օնտոգենետիկ զարգացման և սոցիալականացման ընթացքում։ Մշակութային պահանջմունքներն ունեն սոցիալ-պատմական բնույթ։ Տարբեր սոցիալական պայմաններում ապրող մարդիկ ձեռք են բերում տարբեր մշակութային պահանջմունքներ։
  • Ըստ պահանջմունքների բավարարող առարկաների տարբերում են մարդկային պահանջմունքների երկու տեսակ՝ նյութական և հոգևոր։
    • Նյութական պահանջմունքները բավարարվում են նյութական առարկաների օգնությամբ, որոնք կարող են պատրաստ վիճակում տրված լինել բնության մեջ կամ ստեղծվել մարդկային գործունեության շնորհիվ։
    • Հոգևոր պահանջմունքները բավարարվում են հոգևոր մշակույթի արժեքների օգնությամբ։ Հոգևոր պահանջմունքի կարևոր տեսակ է մարդկանց հետ շփվելու, խոսքայի և ոչ խոսքային հաղորդակցության մեջ մտնելու պահանջմունքը։

Գոյություն ունի բացառապես մարդկային պահանջմունքների ևս մեկ մեծ խումբ՝ սոցիալ-հոգեբանական պահանջմունքներ։ Սոցիալական պահանջմունքներն են անձի այն կարծիքները, որոնք վկայում են, որ նա ունի ուրիշ մարդկանց հետ շփվելու, նրանց դրական վերաբերմունքին ու սիրուն, հարգանքին արժանանալու կարիք։

Բացառապես մարդկային պահանջմունքների շարքին են դասվում նաև հոգեբանական պահանջմունքները։ Դա այն պահանջմունքն է, որ մարդն ունի աշխարհի ու նրա հետ իր հարաբերությունների հստակ ու իմաստալից պատկերն ունենալու պահանջմունք։

Մասլոուի բուրգ խմբագրել

Մարդկային պահանջմունքների դասակարգման առավել ամբողջական սխեմա է տվել հոգեբանության մեջ հումանիստական կամ մարդասիրական ուղղության ներկայացուցիչ Աբրահամ Մասլոուն։

Աղբյուրներ խմբագրել

  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240.
  • Պետրովսկի Ա․ Վ․ - Ընդհանուր հոգեբանություն, Երևան, 1974
  • Немов Р․ С․ - Психология․ Т․ 1․ Москва 2001
  • Маслоу А․ - Мотивация и личность․ - СПб., 1999
  • Хьелл Л., Зиглер Д., - Теория личности. - СПБ, 2002. - 608 с.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պահանջմունք (հոգեբանություն)» հոդվածին։