Չելեբիություն (թուրքերեն՝ Çeleb - աստված, Çelebi - աստվածաշուք), Օսմանյան կայսրությունում սեղանավորությամբ հարստացած հայ բուրժական խավ 16-17-րդ դարերում։ Զբաղվել են խոշոր առևտրական գործառնությամբ, վարել արքունի արհեստապետության պաշտոններ, օսմանյան արքունիքին վաշխով դրամ տրամադրել և ցուցաբերած հատուկ ծառայությունների համար արժանացել «չելեբի» պատվանվանը։ Սերտ կապ ունենալով սուլթանական արքունիքի հետ և մերվելով օսմանյան ռազմաավատատիրական կարգին, չելեբիությունը ազդեցիկ և իշխող դիրք է գրավել արևմտահայության հասարակական կյանքում, հատկապես՝ Կ․ Պոլսի և Զմյուռնիայի հայկ․ համայնքներում։ Չելեբիությունը միահեծան տնօրինել է Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունը, նրան ծառայեցրել իր շահերին։ 17-րդ դարի 2-րդ քառորդից չելեբիության գերիշխանությանը, որպես հակաուժ, երևան է եկել համեմատաբար առաջադիմական, առևտրա-բուրժական նոր խավ՝ խոջայությունը՝․ հայ բուրժուազիայի այդ երկու խավերի միջև ընթացել է սուր պայքար։ Շատ խոջաներ, հասնելով դիրքի, նույնպես ստացել են «չելեբի» պատվանունը։ Պայքարը 17-րդ դարի վերջերին ավարտվել է չելեբիության հաղթանակով, խոջաների մեծ մասն անցել է արևմտաեվրոպական, երկրներ, Ռուսաստան, Հնդկաստան և այլուր։ Մի շարք չելեբիներ, հայ ժողովրդական զանգվածների մեջ հեղինակություն ձեռք բերելու համար, խոշոր գումարներ են ծախսել բարեգործական նպատակով (օրինակ, Աբրո Չելեբին հովանավորել է հայ մտավորականներին, ընդօրինակել տվել հայերեն ձեռագրեր, վերակառուցել վանքեր և այլն)։ 18-րդ դարի սկզբին չելեբիությունը որպես խավ վերացել է՝ տեղը զիջելով հայ ամիրայությանը։ «Չելեբի» պատվանվանը երբեմն արժանացել են նաև հայ մտավորականներ։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 688