Չախալաբերդ
Չախալաբերդ (Չըխլաբերդ, Բազաբերդ, Բազկերտ, Չախալաբերդ), բերդ Ջիլիզա գյուղից 2,5 կմ դեպի արևելք՝ Լալվար լեռան հյուսիսային ստորոտի բարձրադիր բլրի վրա։ Բլուրը, այդ թվում նաև բերդի ողջ տարածքը, ծածկված է թավուտ անտառով։ Արևմտյան կողմից հոսում է Լալվար գետակը։
Նկարագրություն | |
Տեսակ | Բերդ |
Տեղագրություն | Հայաստան Լոռի, Կուրթանի ձոր |
Վարչական միավոր | Լոռու մարզ |
Երկիր | Հայաստան |
Bazmaberd Վիքիպահեստում |
Պատմություն խմբագրել
Բերդի մասին ամենավաղ հիշատակությունը հանդիպում է Վարդան Արևելցու մոտ[1], որից երևում է, որ Բագրատունյաց Աշոտ Ողորմած թագավորի մահից (977 թվական) հետո Բազաբերդը որպես ժառանգություն անցնում է նրա կրտսեր որդուն՝ Կյուրիկյան թագավորության հիմնադիր Գուրգենին։ Նշանակում է Բազաբերդ -Բազկերտ-Չախալաբերդը X դարում արդեն նշանավոր է եղել։ Այն բազմիցս հուսալի ապաստան է ծառայել նաև հետագայում՝ Զաքարյանների ժամանակ։
Նկարագիր խմբագրել
Բերդի մնացորդներից երևում է, որ այն զբաղեցրել է մոտ 150 х 35 մ չափերով տարածք։ Համեմատաբար լավ պահպանվել է արևմտյան մասում գտնվող միջնաբերդը, որը ուղղանկյունաձև է և զբաղեցնում է մոտ 0,25 հա մակերես։ Շրջապակված է պարսպով, որի մնացորդներն ունեն 10-12[2] մ բարձրություն և 2-3 մ հաստություն։ Կառուցված են ճեղքած անդեզիտե քարերով, որոնք կապակցված են կրաշաղախով։ Պարագծով նստած են բազալտե ժայռաբեկորների վրա։ Հարավային կողմում (որտեղ՝ տեղանքը պաշտպանական առումով պակաս հուսալի է) պարիսպը անկյուններում ուժեղացված է մեկական ուղղանկյուն աշտարակներով, իսկ միջին մասում՝ երկու կոնաձև բուրգով, որոնք ունեն ընդարձակ ներքին տարածություն։ Դրանք արտաքին պատերում թողնված են պատուհաններ և դիտաճեղքեր։ Մուտքերն երկուսն են՝ արևելյան և արևմտյան կողմերից։ Գլխավորն արևելյանն է՝ կրկնահարկ կամարով (վերին կամարը փոքր-ինչ ետ է ընկած և կրկնակի անգամ լայն է ստորինից․ ըստ երևույթին ծառայել է մուտքը պաշտպանելուն)։
Այլ անվանումներ խմբագրել
Չնայած Չախալաբերդ անվան հանրահայտ լինելուն` բերդն այդ անունով մասնագիտական գրականության մեջ չի հանդիպում։ Երբ այն համադրում ենք գրականության մեջ տեղ գտած Բազաբերդի կամ Բազկերտի հետ, պարզվում է որ այդ երկու բերդերն էլ նույնն են։
Ս․ Ջալալյանցը Բազաբերդի նկարագրությունը բերում է Ուչիքիլիսա, Խոժոռնի, Խորակերտ, Խուճապ և այլ հնավայրերի շարքում, որոնք բոլորն էլ գտնվում են իրար մոտ տարածքում[3]։
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Վարդան Արևելցի, Տիեզերական պատմություն, Երևան, 2001, էջ 131։ Նաև՝ Ս․ Ջալալեանց, Ճանապարհորդութիւն ի Մեն Հայաստան, հ․ Ա, Տփխիս, 1842, էջ 88։ Հովհաննէսեան Մ․ Հայաստանի բերդերը, Վենետիկ, 1970, էջ 583։
- ↑ «Ջիլիզայի պատմական հուշարձանները, ՀՃՈՒ, Երևան, ՀՃՈՒ հիմնադրամ, 2013։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Գառնիկ Շախկյան «Լոռի պատմության քարակերտ էջերը», Երևան, «Հայաստան», 1986, էջ 136։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չախալաբերդ կատեգորիայում։ |