Ուղիղ աղիքը կամ վերջաղիքը (intestinum rectum) հաստ աղիքի ծայրային մասն է, որը վերջանում է հետանցքով (anus)։ Ուղիղ աղիքի վերին սրբանային մասին համապատասխանող բաժինը տեղավորված է փոքր կոնքի խոռոչում և կոչվում է կոնքային հատված (pars pelvina). դեպի ցած այն լայնանում է և գոյացնում ուղիղ աղու ամպուլան՝ ampulla recti, որի տրամագիծը գերձգվելիս կարող է հասնել 7.5 սմ-ի։ Ուղիղ աղիքը լինում է տարբեր ձևերի՝

  1. ամպուլային, երբ ամպուլան լավ արտահայտված է,
  2. գլանաձև, երբ ամպուլան արտահայտված չէ և
  3. փոխանցիկ ձև նրանց միջև։

Ուղիղ աղիքի մկանային պատյանը կազմված է երկու շերտից, արտաքին՝ երկայնաձիգ, և ներքին՝ օղակաձև։ Ուղիղ աղիքի օղաձև մկանաթելերը համատարած շերտ են կազմում այդ աղիքի ամբողջ երկարությամբ և հետանցքային խողովակի շրջանում սաստիկ հաստանում են ու գոյացնում հետանցքի ներքին սեղմիչը (m. sphincter ani internus) (հարթ մկանաթելերից), սա վերջանում է հետանցքային խողովակի և մաշկի միացման տեղում (անմիջապես մաշկի տակ ընկած է միջաձիգ-գծավոր մկանաթելերից կազմված օղը՝ արտաքին սեղմիչը (m. sphincter ani externus), որը մտնում է շեքի մկանների կազմության մեջ։ Լորձաթաղանթը ունի կարմրավուն գույն, համեմատաբար հարուստ է արյունատար անոթներով։ Ինչպես հաստ աղիում, այնպես էլ ուղիղ աղու լորձաթաղանթում կան լիբերկունյան գեղձեր և մենավոր ավշային հանգույցներ։

Հետանցքային մասում երևում են մի շարք սյունաձև շարքեր՝ columna anales , որոնք հետանցքի ուղղությամբ դառնում են ավելի ցայտուն՝ բարձր և լայն։ Նրանց ստորին ծայրերը միանում են իրար կիսալուսանձև ծալքերով, որի շնորհիվ հետանցքային սյուների միջև ստացվում են դեպի վեր բացված գրպաններ՝ սինուսներ կամ ծոցեր (sinusis anales s. rectales(BNA))։

Ծոցերի և հետանցքի միջև մնացած օղակաձև տարածությունը կոչվում է թութքային օղ (zona hemorrhoidalis), որի հաստության մեջ գտնվում է երակային հյուսակը (plexus hemorrhoidalis), այդ հյուսակի հիվանդագին լայնացումը կոչվում է թութք։