Որոտնավանք (Վաղատնի վանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանի Սյունիքի մարզում[1]։ Գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արևելք, Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի վրա։ Հիմնադրվել է 1000 թվականին Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից։

Որոտնավանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՎաղատին և Որոտնավան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՍյունյաց թեմ
Հիմնական ամսաթվերը1000
Կազմված էԳավիթ և Գերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
ՀիմնադիրԲագրատունյաց Հայաստան Սյունիքի թագավորություն Շահանդուխտ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ10-րդ դար
Հիմնադրված1000
Քարտեզ
Քարտեզ
 Vorotnavank Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ Որոտնավանքի հնագույն՝ Ս.Գրիգոր միանավ եկեղեցին (ավերվել է սելջուկների հարձակումներից ու երկրաշարժերից) հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, վերակառուցել՝ հայր Ստեփանոս ճգնավորը։ Եկեղեցին միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի։

Ս. Գրիգոր եկեղեցու մոտ՝ նրա հյուսիսարևելյան կողմում, 1000 թվականին կառուցվել է թաղածածկ, հյուսիսային պատին կից երկու ավանդատնով, հարավից սյունասրահով Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, նրա գավիթը, տնտեսական շինությունները, հիմնվել է մեծաթիվ միաբանությամբ վանք։ Շահանդուխտի կրտսեր որդի, Սյունյաց Վասակ թագավորի եղբայր իշխան Սևադան Որոտնավանքի արևելյան կողմում 1006 թվականին կառուցել է Ս. Կարապետ եկեղեցին և նրան կից /արևմուտքից/ կամարակապ գավիթ-սրահը։

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցին ունի կենտրոնագմբեթ, եռախորան, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք։ Ներսը զարդարված է եղել որմնանկարներով, որոնցից հյուսիսային խորանում պահպանված հատվածը պատկերում է շրջանի մեջ աստղազարդ կապույտ երկինք, կենտրոնում՝ հրեշտակ։ Եկեղեցու հյուսիսային պատին կից, աստիճանաձև պատվանդանի վրա XI դ. հուշասյուն է կանգնեցվել՝ գագաթին խոյակի վրա դրված խաչարձանով։ Շահանդուխտ թագուհին վանքի շրջակայքում կառուցում է նաև աղոթարան, արհեստանոցներ, պահեստներ և վանքը շրջափակում պարսպով։

Շահանդուխտ թագուհին և իշխան Սևադան թաղվել են Որոտնավանքում։

1104 թ. Որոտնավանքը ավերվել է սելջուկների կողմից և հետագայում զարթոնք ապրել Օրբելյանների օրոք։

Որոտնավանքում գիտական և եկեղեցական գործունեություն է ծավալել միջնադարի հայ փիլիսոփա Հովհան Որոտնեցին (1315-1388 թթ.), ով 1340-ական թթ. Գլաձորի համալսարանից տեղավոխվել էր Որոտնավանք։ Նա սերտ կապեր է ստեղծել Որոտնավանքի և Տաթևի միջև։

XIV դ. 80-ական թթ. Որոտնավանքում է գործել Գրիգոր Տաթևացին, ով 1386 թվականին այստեղ ընդօրինակել է Պետրոս Արագոնացու «Գիրք յոթն առաքինութեանցն» աշխատությունը։ 1407 թվականին վանք է այցելել Թովմա Մեծոփեցին։ Նույն տարում Որոտնավանքում Առաքել ծաղկողը Ավետարան է գրչագրել և նկարազարդել։ 1438 թվականին վանահայր Սարգիս Անգեղակոթցին վերակառուցել է Ս. Կարապետ եկեղեցու գմբեթը։ Որոտնավանքը գործել է մինչև XX դ. սկիզբը։ 1931 թվականին երկրաշարժից ավերվել է. քանդվել են Ս. Կարապետ եկեղեցու գմբեթը և ծածկերը, հուշասյունը, սյունասրահները, վանքի տնտեսական շինությունները, պարիսպը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Որոտնավանք | armenianreligion.am». www.armenianreligion.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.

Աղբյուրներ խմբագրել